Բաժիններ՝

Գոռ Աբրահամյանը ներկայացրել է, թե ինչու է անհրաժեշտ դատախազությունում հաստիքների ավելացումը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը խոսել է դատախազությունում հաստիքների ավելացման անհրաժեշտության, պատճառների և հիմքերի մասին։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ դատախազությունում հաստիքների առավելագույն թիվ է սահմանվել 653-ը, որոնցից դատախազների համար նախատեսվել է 351-ը, իսկ մնացածը՝ ՀՀ դատախազության օժանդակ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար:

Դատախազի խորհրդականի խոսքով՝ ներկայումս քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճով պայմանավորված՝ գործ ունենք դատախազների աննախադեպ գերծանրաբեռնվածության հետ:

«Պետք է հաշվի առնել, որ 2008 թ. ի վեր դատախազական հաստիքների փաստացի աճ գրեթե տեղի չի ունեցել: Եթե 2008 թ. նախատեսված է եղել դատախազական 337 հաստիք, ապա 2019 թ. մայիսի 15-ի դրությամբ՝ 351 հաստիք:

Ընդ որում, 2008-2020 թթ. ընթացքում տեղի է ունեցել քննիչների թվաքանակի որոշակի ավելացում՝ 138 հաստիքով կամ շուրջ 19,5 %-ով, մինչդեռ նույն այդ ընթացքում դատախազների հաստիքներն ավելացել են ընդամենը 14-ով կամ 4,1 %-ով: Այսինքն՝ անհամաչափորեն աճել է դատախազների ծանրաբեռնվածությունը»,- գրել է Աբրահամյանը։

Դատախազի խորհրդականը բերել է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության գործառույթին վերաբերող ընդամենը մեկ վիճակագրական համեմատություն:

«Եթե 2008 թ. ընթացքում դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել 20 329 նյութի նախապատրաստման և 16 593 քրեական գործի հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, 2019 թ. դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել 58 290 նյութի նախապատրաստման (աճը՝ 27 961 նյութ կամ շուրջ 137%) և 35 168 քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ (աճը գործ կամ շուրջ 112 %): Այսինքն, եթե 2008 թ. ընթացքում քրեական գործերի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների տարեկան ծանրաբեռնվածությունը միջինում կազմել է 49,2 գործ, ապա 2019 թ. ընթացքում՝ 130,7 գործ»,- նշել է Աբրահամյանը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը հավելել է, որ կատարված ուսումնասիրության, քննիչների թվաքանակի աճի հետ համադրությամբ, առկա էր դատախազության համակարգում դատախազների թիվը 65 դատախազով, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատանքներին օժանդակող 8 աշխատակիցներով (ընդհանուր՝ 73 հաստիքով) ավելացնելու հրատապ անհրաժեշտություն, ինչով և պայմանավորված էր ՀՀ վարչապետի կողմից համապատասխան որոշման կայացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս