Գործադիրը բացասական է գնահատել Պետրոսյանի՝ ՔՕ-ում Սահմանադրական կարգի տապալում հոդվածը՝ վաղեմություն չճանաչող արարքների մեջ ներառելու առաջարկը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հեղինակել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որն այսօր ներկայացրեց Պետաիրավական հանձնաժողովի նիստում:

Մինչ նախագծին անդրադառնալը պատգամավորը նախ հայտարարեց, որ մայիսի 4-ին կարող են այլևս վարսավիրանոցները չբացել, քանի որ կարանտինի օրերին յուրաքանչյուրն իր վարսավիրն է դարձել, և հնարավոր է՝ վարսավիրանոցները նախկին եկամտաբերությամբ այլևս չաշխատեն:

Այնուհետև անդրադառնալով նախագծին՝ պատգամավորը նշեց, որ սա այն նախագծերից է, որը հետաքրքրում է ոչ միայն իրավաբաններին, այլև հասարակության մեծ մասին:

«ՀՀ քրեական օրենսգիրքը, ինչպես աշխարհի շատ քրեական օրենսդրություններ, նախատեսում են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ինստիտուտը: Այսինքն, եթե այս կամ այն արարքի կատարումից անցել է որոշակի ժամանակահատված, որի մասին ուղղակիորեն նշված է օրենքով, ապա այս ժամկետի անցումից հետո այլևս հնարավոր չէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, նրան պատասխանատվության ենթարկելը:

Սակայն հաշվի առնելով առանձին հանցագործությունների առանձնապես վտանգավոր լինելու հանգամանքը, այն օբյեկտները, որոնց դեմ ուղղված են այդ հանցագործությունները և դրանց արդյունքում ընդհանրապես մարդկությանը, հասարակությանը պատճառվելիք վնասի բնույթն ու ծանրությունը՝ Քրեական օրենսգիրքն առանձին հոդվածների մասով գնացել է բացառությունների:

Օրինակ՝ Ցեղասպանությունը՝ որպես առանձին հանցատեսակ, երբ էլ կատարված լինի, ժամանակի մեխանիկական հոսքը հիմք չէ՝ դրանում մեղավոր ճանաչված անձանց քրեական պատասխանատվության չենթարկելու համար»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ պետությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների, պետք է որևէ արգելող հանգամանք չունենա հանցագործության վաղեմության հետ կապված, եթե խոսքը վերաբերում է առավելապես ծանր հանցագործությունների,  և այդ արարքներից մեկը, որը պետք է ներառվի վաղեմություն չճանաչող արարքների մեջ, սահմանադրական կարգի տապալումն է: Ուստի առաջարկել է, որպեսզի Քրեական օրենսգրքում կատարվի փոփոխություն, ըստ որի՝ Սահմանադրական կարգի տապալման համար չսահմանվի որևէ ժամկետ, և անկախ այն հանգամանքից, թե դա երբ է կատարվել, պետությունը հնարավորություն ունենա դրանում մեղավոր ճանաչված անձին ենթարկել քրեական պատասխանատվության:

«Հասկանալով, որ այս նախագիծը կարող է մեծ հնչեղություն ունենալ, այն նաև քննարկել եմ իրավաբանական աշխարհի հայտնի մարդկանց հետ, որոնք միաբերան դրական են արտահայտվել նախագծի վերաբերյալ: Այո, Սահմանադրական կարգի տապալումն այն հոդվածն է, որ դրանում մեղավոր անձի համար օրենքը վաղեմություն չպետք է ունենա:

Ինչ վերաբերում է Կառավարությանը, ապա, ինչպես միշտ է եղել՝ հավիտյանս հավիտենից, իմ բոլոր նախագծերը բացասաբար է գնահատում, բայց որպես պատգամավոր՝  իմ պարտքն է համարում հնչեցնել նաև Գործադիրի տեսակետը: Կառավարությունը պատճառաբանել է, որ նախագիծը չեն ընդունում՝ ասելով, որ այն պատերազմի հետ չի կապված, մարդկության և խաղաղության դեմ ուղղված հանցագործություն չէ, այդ պատճառով էլ նպատակահարմար չէ, որ քրեական պատասխանատվության վաղեմությունը հանվի: Դե, եթե այսպես պետք է լինի, ուրեմն մյուս հանցագործությունների համար էլ վաղեմության ժամկետը չպետք է հանվի: Անկեղծ, այն համոզման եմ, որ Սահմանադրական կարգի տապալումը լրջորեն վտանգում է ՀՀ իրավական անվտանգությանը, և սա միայն ներքին խնդիր չէ»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորը նաև խոստովանեց, որ հաճախ են իրենից հետաքրքրվում, թե այս նախագիծն ում դեմ է ուղղված, ուստի բացահայտ հայտարարում է, որ երբեք անձանց  համար կամ անձանց դեմ օրինագծեր չի ներկայացնում:

Տեսանյութեր

Լրահոս