ՀՀԿ-ի մենաշնորհը շարունակվում է
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի 5 մարզերում` Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ, տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, ընդհանուր առմամբ` դրանք կանցկացվեն 318 համայնքներում:
Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի` համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրված թեկնածուների թիվը հասնում է
3429-ի, որոնցից 280-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:
Ընդ որում` թեկնածուներից երկուսի առաջադրման դիմումները մերժվել են, քանի որ մի դեպքում` առաջադրվողի տարիքը չի համապատասխանել, մյուս դեպքում` թեկնածուն զինծառայող է եղել: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար թեկնածություն են առաջադրել` 251, ավագանու անդամի համար` 2626 թեկնածու: Գեղարքունիքի մարզի 37 համայնքներում տեղի կունենան` համայնքի ղեկավարի և ավագանու, 15 համայնքներում` միայն համայնքի ղեկավարի, և 11 համայնքներում` միայն ավագանու ընտրություններ: Այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնների համար մրցակցություն է սպասվում Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս քաղաքներում, Կարմիրգյուղ, Ծովագյուղ, Ծովազարդ, Մարտունի, Վաղաշեն, Լճավան, Սարուխան, Վահան, Կուտական, Մեծ Մասրիկ, Վերին Գետաշեն, Նորաշեն, Չկալովկա գյուղական համայնքներում:
Պատկերը բավական հետաքրքիր է Սևան քաղաքում, որտեղ Սևանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 10 թեկնածուներից 9-ն արդեն ինքնաբացարկ են հայտարարել, այդ թվում և` գործող քաղաքապետ Գևորգ Մալխասյանը: Արդյունքում մնացել է մեկ թեկնածու` Սևանի քաղխորհրդի նախկին նախագահ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանը: Գավառ քաղաքում կմրցակցեն 5 թեկնածուներ, Վարդենիս քաղաքում` 4, Մարտունի քաղաքում` 3 թեկնածուներ, իսկ Ճամբարակում` ընտրություններին մասնակցում է մեկ թեկնածու` գործող քաղաքապետ Յուրա Ավալյանը:
Պատկերը պակաս «գրավիչ» չէ Կոտայքի մարզում, որտեղ ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 67 համայնքներից 65-ում: Մասնավորապես, Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրություններում պատկերն այդ իմաստով առավել խոսուն է: Այստեղ, այսպես ասած` «մրցում» են երկու թեկնածուներ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Աբովյանի գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, և «Աբովյան» հեռուստաընկերության ռեժիսոր, անկուսակցական Անդրանիկ Մեհրաբյանը:
Ի դեպ, այստեղ ԲՀԿ-ական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Իսկ Վայոց Ձորը, որ, կարծես, ավելի նեյտրալ կարգավիճակ է ներկայացնում քաղաքական դաշտում, այս օրերին հետաքրքիր ինտրիգների վայր է դարձել: Նշենք, որ այս մարզի 44 համայնքներից 36-ում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ: Մարզի Եղեգնաձոր քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն են առաջադրել երկու թեկնածուներ` ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Սիրեկան Բաբայանը և ԲՀԿ-ական թեկնածու Դավիթ Հարությունյանը:
Ընդ որում` խոսակցություններ կան, որ օրեր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մասնակցելով նախընտրական քարոզարշավին, հոգեբանական ճնշումներ է գործադրել ՀՀԿ-ական քաղաքապետի վրա այն պատճառով, որ վերջինս որոշ շրջանակներում համարձակվել էր հանդես գալ ԲՀԿ-ի մասին քննադատություններով: Խոսակցությունների համաձայն` այդ «հանդիպումից» հետո քաղաքապետը նաև ցանկություն էր հայտնել ինքնաբացարկի դիմում ներկայացնել: Ինչևէ, Վայոց Ձորի Վայք քաղաքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, հանրապետական Հարություն Սարգսյանը, ինքնառաջադրված, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Բաբա Բաբայանը և անկուսակցական Թարո Ավետյանը:
Տավուշի մարզում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու մարզի 62 համայնքներից
54-ում: Տավուշի մարզի Բերդ քաղաքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված է գործող քաղաքապետ, հանրապետական Անդրանիկ Շառյանը և ինքնառաջադրված, ՀՀԿ անդամ Հարություն Մանուչարյանն ու Հմայակ Ադամյանը: Դիլիջանում երեք թեկնածու է առաջադրվել` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, հանրապետական Արմեն Սանթրոսյանը, ինքնառաջադրված ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, անկուսակցական Գուրգեն Հարությունյանը և Ժորա Սահաբալյանը:
Նոյեմբերյանում առաջադրվել է երկու թեկնածու` ՀՀԿ-ի կողմից, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վանուշ Ամիրաղյանը և ինքնառաջադրված անկուսակցական Քաջիկ Անանյանը: Արագածոտնի մարզում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 114 համայնքներից 99-ում: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքային համայնքի ղեկավարի առայժմ միակ թեկնածուն անկուսակցական մենատնտես Ռազմիկ Տերտերյանն է, Ապարանում` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, հանրապետական Գոռ Աբրահամյանը: Ի դեպ, բավական ուշագրավ է մարզի Օթևան գյուղում տեղի ունենալիք ընտրությունը, որտեղ գյուղապետի պաշտոնի համար թեկնածություն է առաջադրել ազգությամբ եզդի, ՀՅԴ-ի անդամ Բրո Ֆատոյանը և վերջինիս հազարատ քույրը` Հորե Ֆատոյանը, ով նաև գյուղապետարանի հավաքարարն է:
Նշենք նաև, որ գյուղի ղեկավարի պաշտոնի համար ազգությամբ եզդիներն իրենց թեկնածությունն են առաջադրել Արագածոտնի Ավշեն, Գետափ, Թլիկ, Կանչ, Շամիրամ, Շենկանի, Ռյա Թազա, Ջամշլու, Սիփան և այլ գյուղերում:
Ընդհանուր առմամբ` սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք ընտրությունները ոչնչով չեն տարբերվում օգոստոսի 9-ին հանրապետության 5 մարզերում` Արմավիրում, Արարատում, Սյունիքում, Լոռիում և Շիրակում անցկացված ՏԻՄ ընտրություններից: Եվ այս անգամ ևս թեկնածուների առաջադրման վերին հորիզոնականներում շարունակում են «իշխել» իշխանական կուսակցությունները:
ՀՀԿ-ի մամլո քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ` ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում առաջադրել է իր թեկնածուներին: Իսկ ԲՀԿ-ից առաջադրվել են 87 թեկնածուներ` քաղաքապետի պաշտոնի համար: Կուսակցության լրատվության և հասարակայնության բաժնի աշխատակից Վարդան Քոչարյանի փոխանցմամբ` կուսակցությունը պաշտոնապես առաջադրել է 30 թեկնածու, իսկ ԲՀԿ-ական մնացած 57 թեկնածուներն ինքնառաջադրվել են, որոնց ևս, ըստ Վ. Քոչարյանի, ԲՀԿ-ն սատարելու է, ինչպես նաև սատարելու է բազմաթիվ այլ անկուսակցական թեկնածուների: Թեկնածուների առաջադրմամբ «աչքի» են ընկնում նաև ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը:
Իսկ, օրինակ, համայնքի ղեկավարի ընտրություններում «Ժառանգությունն» ունի 1 թեկնածու` Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում` «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի անվտանգության աշխատակից Հովիկ Հակոբյանը: Նրան սատարելու մասին հայտարարել է նաև Հայ ազգային կոնգրեսը, որը սեփական թեկնածուներ չունի: Նշենք, որ այս անգամ ևս շարունակվում է ՏԻՄ նախորդ ընտրությունների ընթացքում ի հայտ եկած` «դրածո» քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու «բարի ավանդույթը», որոնցից ոմանք ընտրություններից օրեր առաջ կա՛մ ինքնաբացարկի դիմում են ներկայացնում, կա՛մ կատարում են միջնորդավորված հրահանգը` «համարձակ» թեկնածուի պատրանք ստեղծելով: