«Հայաստանի անկախությունը գնալով քչանում է»
168.am-ին տված հարցազրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը
– Ըստ Ձեզ` որո՞նք են Հայաստանի անկախության ձեռքբերումները և բացթողումները:
– Ձեռքբերումները բոլոր այն ինստիտուտներն են, որոնք կայացած են` բանակ, դրոշ, անձագիր, դրամ, մաքսային համակարգ, դեսպանատներ, լեզվի պաշտպանված համակարգ, Հայաստանը դարձել է միջազգային սուբյեկտ, որքան էլ այսօր դժվար է, այնուամենայնիվ, բազմակուսակցական համակարգ, հասարակական կազմակերպությունների լայն ցանց և պետության համար անհրաժեշտ բոլոր ատրիբուտները, այն ամենը, որոնց համար ազգերը տառապում են, մենք ձեռք ենք բերել: Այսինքն` բոլոր այն ատրիբուտները, որոնց համար երազում ես, պայքարում և զոհաբերվում: Դե ֆակտո Հայաստանն անկախ է, և այդ անկախության փուլում է, որ ձեռք ենք բերել ժողովրդավարություն, հաղթանակներ Ղարաբաղում և այլն:
Կորցրել ենք միայն քաղաքացու վստահությունն ու հավատը: Հայաստանի քաղաքացին այսօր իրեն արժապատիվ չի զգում, քաղաքացին խեղճացած է զգում, և կա´մ պարփակվում է իր մեջ, հույս չի կապում որևէ մեկի հետ, կա´մ լքում է Հայաստանը: Ամենամեծ մարտահրավերը և ամենամեծ դժվարությունն արտագաղթող Հայաստանն է: Դա կարող է հասնել մի ճգնաժամային վիճակի, որից հետո արդեն վերջն է, և այդ դեպքում անկախությունն այլևս գոյություն ունենալ չի կարող:
Այսինքն` այն արժեքը, որը քաղաքացին է, ով պետք է պահի նշածս սիմվոլները, կարող է մի պահ այլևս ի վիճակի չլինել պահպանելու իր երկրի անկախությունը: Դա ամենամեծ և շարունակվող կորուստն է, որը կարող է խիստ վտանգավոր դրսևորումներ ունենալ, և մենք ընդհանրապես կորցնենք անկախությունը: Պատմությունն ունի նմանատիպ դեպքեր, երբ երկիրը, ազգը չի կարողանում, չի ուզում պահպանել իր պետականությունը, և պետությունը կորչում է: Այդ վտանգը կանգնած է Հայաստանի առջև:
– Դուք երեկ Սարյանի արձանի մոտ Ձեր ելույթում նշեցիք, որ 1991թ. Ձեր ընկերների հետ միասին միամտորեն կարծում էիք, թե անկախության կայացման փուլն ավարտվել է, սակայն հետո հասկացաք, որ այդպես չէ: Ե՞րբ է ավարտվելու Հայաստանի անկախության կայացման փուլը:
– Մշտապես շարունակական է: Բոլոր ազգերն էլ մշտապես շարունակական պրոցեսի մեջ են, որովհետև երբևէ եթե որևէ երկիր դատարկվի, կորցնի իր պայքարի ունակությունը, ցանկացած կարող է իր անկախության կորստի առջև կանգնել: Դրա համար այդ անկախություն կոչվածը մշտապես պահպանելու և հզորացնելու անհրաժեշտություն ունի առավելևս Հայաստանի նման երկրի դեպքում:
– Գերտերություններն այսօր Հայաստանի ներքաղաքական դասավորությունների վրա ավելի մեծ ազդեցություն ունեն, քան հայաստանյան քաղաքական ուժերը: Այս տեսանկյունից Հայաստանի անկախությունը…
– Գնալով քչանում է, լրիվ ճիշտ եք: Գնալով արտաքին ազդեցությունները Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ուժեղանում են: 94-95-ին, երբ մենք Ղարաբաղում հաղթանակներ էինք արձանագրում, այդ ժամանակ միջազգային հանրությունը մեզ ավելի շատ էր աջակցում, քան հիմա: Այն ժամանակ մենք ավելի անկախ էինք, ավելի ինքնիշխան էինք, ավելի ինքնուրույն քայլեր անող երկիր էինք: Այսօր Հայաստանը շատ քիչ ազդեցություն ունի իր քաղաքականության վրա, Հայաստանի վրա ժողովուրդն այսօր շատ քիչ բան է որոշում իր երկրի ճակատագրում:
– Իսկ ո՞րն է դրա պատճառը:
– Կոռումպացված, ոչ լեգիտիմ իշխանությունները: Եթե գողերը պառլամենտում են, անգրագիտությունը պառլամենտը գրավել է, և իշխանությունդ լեգիտիմ չէ, այդ ժամանակ թուլանում ես: