«Եթե ամբողջական ենք դիտարկում, այդ կադրերը էժանացնում են վարչապետին»․ Արմեն Բադալյան
«Չեմ կարծում, թե այս տեսանյութը որևէ կարևորություն է ներկայացնում, որովհետև առաջին դեպքը չէ ոչ միայն վարչապետի կյանքում, այլև ամբողջ աշխարհում, երբ նման վիդեոները հայտնվում են եթերներում։ Տարբեր երկրների ղեկավարների, պաշտոնյաների հետ նման բաներ եղել են, այնպես որ սա արտառոց բան չէ»,- 168․am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում քննարկվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին նախորդած տեսանյութին, որտեղ վարչապետը հազում է, ջուր է խմում, ինչ-որ դեղահաբ է ընդունում և կարգադրում փակել փողոցը, որպեսզի աղմուկը չխանգարի։
Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ եթերից դուրս մնացած հատվածում որևէ լուրջ բան չի քննարկվել․ «Սա միտումնավոր է արվել, որովհետև պատահականորեն նման կադրերը չեն հայտնվում եթերներում։ Կադրերն իրենք իրենց չէին կարող հայտնվել եթերում։ Թե ում կողմից են դրանք տարածվել, չեմ կարող ասել, բայց չեմ կարծում, որ վարչապետի կողմից, որովհետև վարչապետը դրանից չի շահում, բայց ոչ էլ կորցնում է։ Դրա համար չեմ կարող ասել, թե միտումնավոր ում կողմից է տարածվել։ Ինչ վերաբերում է արտահայտություններին՝ փակեք փողոցը, կամ շշով ջուր խմելը ևս նորմալ են, այնպես չէ, որ եթե նախկին իշխանությունը դա ասեր, հիմա մեծ աղմուկ կբարձրանար։ Դա այն հարցը չէ, որ խիստ աղմուկ բարձրացնի։ Դե բնականաբար, ինքը ասել է, որ փողոցը փակեք, որպեսզի մեքենան չխանգարի։ Այս աղմուկը, որ այսպես բարձրացել է այդ կադրերի հետ կապված, ցույց է տալիս, որ և՛ բարձրացնողները, և՛ դրա մասին տարածողները բավականին կտրված եմ հասարակությունից, որովհետև բավականին լուրջ հարցեր կան, որոնք պետք է բարձրացվեն, բայց դրանք չեն բարձրացվել։ Իսկ այս հարցը, որ հասկանալի է՝ վարչապետի հետ է կապված, ինտրիգային է, որոշակի աղմուկ է հանել, բայց ինքն իրենով այդքան մեծ դերակատարություն չունի»։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ վարչապետի խոսնակի և Հանրային հեռուստաընկերության մեկնաբանություններից պարզ է դառնում, որ վարչապետի և Հանրային հեռուստաընկերության միջև կառավարչական տեսակետից բացթողում կա։
«Մի քիչ կարելի էր լավ կազմակերպել, լավ չեն կազմակերպել, բայց դրա համար մեծ ողբերգություն սարքել․․․ ինքնին այդ հարցը կարևորություն չունի։ Այս կադրերը որոշակի ծաղր են առաջացնում, բայց առանձին վերցրած՝ ոչինչ են, բայց վարչապետի հակափիարի մեծ հոսքի մեջ սա կարող է նշանակություն ունենալ։ Սա հստակեցնենք»։
Ինչ վերաբերում է բուն ուղերձին, ընտրված ֆոնին, քաղտեխնոլոգն ասաց, որ անհաջող էր․ «Ուղերձը որոշակի ծանրակշիռ բովանդակություն պահանջող խոսք է, որը հղվում է հասարակությանը կամ հասարակության որոշ խմբերի։ Եթե այդ նույն միտքը վարչապետը մեկ օր առաջ կառավարության նիստում է ասում, մի քանի օր առաջ այլ ձևաչափով է ասում, և այդ նույնը ուղերձում ասել՝ անիմաստ է։ Ի վերջո, ուղերձը մի քիչ ավելի ծանրակշիռ պետք է լինի, եթե նվիրված չէ սգին կամ տոներին, որոնք սպեցիֆիկ բովանդակություն ունեցող ուղերձներ են։ Բայց այս ուղերձը, որը պետք է համաճարակի հետ կապված լիներ, այստեղ բովանդակություն պետք է լիներ, խոսվեր հասարակության անելիքի մասին։ Բայց այս ուղերձում մի միտք կար, որը թաքնված էր, դա այն էր, որ փաստացի վարչապետը համաճարակի տարածման գործընթացը փորձում էր բարդել քաղաքացիների վրա՝ մասնավորապես նշելով, որ քաղաքացիներն են փաստորեն պարտավոր իրենց անվտանգությունն ապահովել, և փաստորեն, եթե համավարակը բավականին արագ տարածվի, դրա մեջ մեղավոր կլինեն քաղաքացիները»։
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այդտեղ ճշմարտություն չկա, այսինքն՝ եթե տարածվի, արդյո՞ք քաղաքացիները չեն լինի մեղավորը, որոնք այս օրերին դրսում են՝ չնայած, որ երկրում արտակարգ դրություն է։
«Ի դեպ, այս օրերին երբ դիտարկում եմ անում, տեսնում եմ, որ դրսում ավելի շատ քաղաքացիներ կան, քան արտակարգ դրության հայտարարման առաջին օրերին։ Այն ժամանակ քաղաքն ամբողջովին դատարկ էր, կային ոստիկաններ, որոնք գոնե փաստաթղթեր էին ստուգում։ Հիմա, երբ կենտրոնի տարածքը ստուգում եմ, տեսնում եմ, որ մարդիկ և մեքենաներն այնքան են, ինչպես, ասենք, շաբաթ և կիրակի օրերին։ Բայց քաղաքացիները չեն միայն մեղավոր այս իրավիճակի համար, մեղավոր է այն կառավարությունը, որը համաճարակի տարածման սկզբում համարժեք ձևով չգնահատեց իրավիճակը։ Այն ժամանակ ասում էին՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով կպոկենք, տնական օղիով կչեզոքացնենք, և այդ ժամանակ բաց թողնվեց համաճարակի տարածման թելը, և հիմա ինչ անեն, արդեն մեծ հաջողություններ չեն գրանցում։ Վերջին օրերին ամեն օր 40-ից ավել դեպք ենք ունենում, ինչն այդքան էլ ցանկալի երևույթ չէ, բայց մենք հիմա տեսնում ենք, որ վարչապետը քաղաքացիներին է մեղադրում։ Իհարկե, քաղաքացիներն էլ իրենց մեղքն ունեն, բայց հիմնական մեղքը իշխանություններինն է, որ սկզբից գործողություններ չարեցին։ Նմանատիպ քաղաքացիներ կան նաև Վրաստանում, բայց մենք Վրաստանում տեսնում ենք, թե հիվանդների թիվը որքան քիչ է մեր թվից։ Մենք տեսնում ենք՝ Թբիլիսիում փողոցները լվանում են, տեսնում ենք այնտեղի քաղաքապետի ակտիվ գործողությունները, իսկ Երևանի քաղաքապետին ընդհանրապես չենք տեսնում, բացի մի անգամ աղբատար մեքենայի մոտ փիարվելուց։ Մենք չենք տեսնում, թե նա որտեղ է, ինչ է անում, փողոցներն էլ չեն մաքրվում։ Սա արդեն իշխանությունների գործն է»,- ի պատասխան՝ ասաց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգն ընդգծեց՝ իշխանությունները բաց թողեցին ամեն ինչ․ «Եվ ամենակարևորը՝ այդ ուղերձում վարչապետն այդպես էլ ներողություն չխնդրեց․ ինքն ինչո՞ւ է մեղքը գցում քաղաքացիների վրա, ասում՝ մայիսի 14-ից կկարողանանք տնից դուրս գալ, եթե քաղաքացիները լրջանան, նա չի ուզում ընդունել իր մեղքը, որ սկզբնական շրջանում անլուրջ է վերաբերվել։ Իսկ մյուս կադրերը էական նշանակություն չունեն, եթե առանձին ենք դիտարկում։ Բայց եթե ամբողջական ենք դիտարկում ՝ իշխանությունների դեմ քննադատության ֆոնին, այդ կադրերը էժանացնում են վարչապետին»։