Հայաստանի դատական համակարգն իր վրա քաղաքական ճնշում է զգացել․ Amnesty International
Ապրիլի 16-ին «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր ամենամյա զեկույցը։ «2019 թվականին Մարդու իրավունքներն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» վերտառությամբ հետազոտությունում կազմակերպությունն անդրադարձել է նաև հայաստանյան մի շարք թեմաների։
Հայաստանին նվիրված հատվածը բաղկացած է մի քանի բաժիններից՝ ներածությույն, կարճ տեղեկատվություն, դատական համակարգ, կանանց իրավունքներ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքներ, առողջ և կայուն շրջակա միջավայրի իրավունք և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ։
Հայաստանյան հատվածի ներածական բաժնում նշվում է, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մոլդավան և Հայաստանը, դատական համակարգերն իրենց վրա քաղաքական ճնշում են զգացել:
Ըստ Amnesty International-ի՝ Հայաստանում դատական իշխանությունների նկատմամբ գործադիրի հնարավոր ճնշման անհանգստությունների ֆոնին տեղի են ունեցել իրենց լիազորությունների չարաշահման համար կասկածվող նախկին իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ և քրեական հետապնդումներ:
«Հայաստանն այդպես էլ չի վավերացրել կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, դրա և տնային բռնության դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիան)»,- նշված է զեկույցում։
«Amnesty International»-ի վերլուծության մեջ ընդգծվում է նաև, որ ՀՀ ԱԺ-ն քննարկել է դիսկրիմինացիան արգելող օրինագիծը, սակայն անընդունելի հիմքերի ցանկում չեն ներառվել սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը։
«Ակտիվիստ-բնապահպանների և տեղի բնակիչների բողոքի ակցիաների պատճառով իշխանությունները դադարեցրին ոսկու արդյունահանման նախագծի իրագործումը և խոստացան անցկացնել շրջակա միջավայրի նկատմամբ ազդեցության հավելյալ գնահատում»,- ասված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։