Ովքե՞ր են կառավարության հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շահառուները
Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որով նախատեսում է օժանդակություն տրամադրել սոցիալական խնդիրների առջև կանգնած քաղաքացիներին՝ բնական գազի և էլեկտրաէներգիայի սպառման գծով ծախսերի համար, մասնավորապես՝ այն բնակիչներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել բնական գազի սպառման գծով՝ 10 հազար դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 հազար դրամը՝ փոխհատուցելով դրանք 50 տոկոսի չափով:
Ըստ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի՝այս միջոցառումը վերաբերում է շուրջ 220.000 բնակիչ-բաժանորդի:
Հասարակական տարբեր շրջանակներում որոշման շուրջ արձագանքներն իրարամերժ էին. մինչ իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և շատ այլ քաղաքացիներ՝ Ֆեյսբուքում, տարածում էին նոր որոշումը, եղան նաև արձագանքներ, որոնք այն որակում էին՝ «ծաղր է», և կասկածելի համարում տեղեկությունը, թե այն կարող է վերաբերել շուրջ 220 հազար բաժանորդի:
Այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում շտապեց պարզաբանմամբ հանդես գալ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ գրելով.
«ՀՀ գյուղաբնակ և քաղաքաբնակ հարյուր-հազարավոր քաղաքացիներ ձմռանը ոչ թե գազ կամ էլեկտրաէներգիա են օգտագործում, այլ փայտ և աթար, և այս մարդիկ, այո՛, օգտագործում են 10.000 դրամից քիչ գազ և 5000 դրամից քիչ էլեկտրաէներգիա։ Բացի այդ, այս քաղաքացիների զգալի մասը սոցիալապես խոցելի խմբերում են, և նրանց համար 5 կամ 7 հազար դրամի աջակցությունը ևս կարևոր է։
Ահա թե որտեղից է առաջացել աջակցության 11-րդ ծրագրի 220.000 շահառուների թիվը, իսկ այդ ընտանիքներում ապրում է մինչև 600.000 մարդ»:
168.am-ը թվերի շուրջ հստակություն մտցնելու համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության հասարակայնության կապերի պետ Նատալյա Սարջանյանից հետաքրքրվեց, թե փետրվար ամսին քանի՞ բաժանորդ չի գերազանցել 5000 դրամի էլեկտրաէներգիայի սպառումը: Ն. Սարջանյանը տեղեկացրեց.
«Խոսքը 222.000 բաժանորդի մասին է, որոնց մասին նշեց նաև վարչապետը, որոնք աջակցություն կստանան կոմունալ վճարումների մասով. այդ 222.000-ը հենց մեր էլեկտրաէներգիայի բաժանորդներին է վերաբերում»:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ գազի տվյալների առնչությամբ մեր հարցմանը խոստացան ավելի ուշ պատասխանել:
Տվյալները ստանալուն պես՝ 168.am-ը կհրապարակի դրանք: