«Անմեղ» մեղավորները
Վերջին երկու օրերին բոլորս ականատես եղանք, թե որքան պրիմիտիվ ու միօրինակ է կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, որն իրականացվում է վերջին երկու տարիների ընթացքում՝ բոլոր ոլորտներում ու բոլոր ուղղություններով։ Այն, ինչին ականատես եղանք այս օրերին, խոսում է բոլոր հարցերին իրավիճակային լուծումներ տալու և անբովանդակ քաղաքականություն իրականացնելու մասին։
Մարտի 30-ին խորհրդարանում քննարկման դրվեց և, զուտ իշխանական քվեներով, 57 դրական ձայն ստացած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ տոտալիտարիզմի դասական դրսևորում։
Հիշյալ օրենքներով, ըստ էության, ոտնահարվում են քաղաքացիների հիմնարար ազատությունները՝ անձնական տվյալների պաշտպանությունը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, հաղորդակցության ազատությունը, գաղտնիության իրավունքը և այլն։
Նախօրեին արդեն երկրորդ ընթերցմամբ, էական ոչ մի փոփոխության չենթարկված և քվեարկության դրված փաթեթը չընդունվեց՝ ընդդիմության կողմից քվեարկությանը չմասնակցելու արդյունքում (իշխանության մեծ թվով խորհրդարանական պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ գտնվում է Արցախում, ոմանք բացակայում էին նիստից, և համապատասխան ձայների ապահովվածություն չկար)։ Չնայած այն հանգամանքին, որ փաթեթը մերժվեց Ազգային ժողովում, դրանից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր օրինագծի ընդունման կարևորության մասին, շեշտում, թե դրական ինչպիսի էֆեկտիվություն է ունենալու այն՝ վարակակիրներին հայտնաբերելու և վերահսկողություն իրականացնելու գործում։
Սա խոսում էր այն մասին, որ Փաշինյանը մտադիր էր ամեն գնով անցկացել այն՝ կրկին անգամ խորհրդարան տանելով։
Ավելին, իշխանության իրավաբանական խումբը, ինչպես ասում են՝ որոշակի «լազեյկաների» միջոցով կարողացավ ամեն գնով փաթեթը ևս մեկ անգամ առաջին ընթերցմամբ դնել քննարկման։
Իշխանական պատգամավորները ձեռք ու ոտք ընկած՝ մարդ էին հավաքագրում համապատասխան քվորում ապահովելու համար։
Սա իրականում ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող մի գործիքակազմ է, որն իշխանություններին հնարավորություն է տալու ողջ քաղաքական-հասարակական դաշտը վերահսկել և իրենց քննադատող ընդդիմադիր սեկտորի ներկայացուցիչներին «բռի մեջ» պահել, վերահսկել։
Որոշակի ժամանակ անց հայտնի դարձավ, որ իշխանությունները և անձամբ պարետ Տիգրան Ավինյանը ձեռնամուխ են եղել նոր ԱԺ արտահերթ նիստի, որտեղ նորից առաջին ընթերցմամբ պետք է քննարկվի, ապա նաև՝ քվեարկվի վերոնշյալ օրինագծերի փաթեթը․ ի դեպ՝ հավելենք, որ ընդդիմադիր պատգամավորներին արտահերթ նիստի մասին տեղեկացվել էր նիստը սկսվելուց 5-10 րոպե առաջ միայն, երբ նրանք անգամ խորհրդարանում չէին եղել։
Այս հանգամանքը համարելով վիրավորական՝ ընդդիմությունը բոյկոտեց և չմասնակցեց հրավիրված նիստին (հետագայում այս հարցն իշխանական պատգամավորները դարձրեցին քննադատության առարկա՝ ցեխ շպրտելով ընդդիմության պահվածքի վրա)։
Նշենք, որ նախագծերի փաթեթը երեկ արտահերթ կարգով երկու ընթերցմամբ քննարկվեց և ուշ երեկոյան՝ 22։45-ին, ընդունվեց խորհրդարանի կողմից՝ ստանալով միայն իշխանական պատգամավորների ձայները։
Արդեն որերորդ անգամ ականատես ենք լինում այնպիսի գործընթացի, երբ իշխանությունները «ոտքի վրա» արված նախաձեռնություններով են հանդես գալիս: Նաև ականատես ենք լինում, թե ինչպես է լիբերալ գաղափարների երբեմնի ջատագով իշխանական թիմը հողին հավասարեցնում պետական ինստիտուտները։ Փաշինյանը նման քայլերով պետական համակարգն աստիճանաբար հասցնում է վերջնական կոլապսի։ Այս փաթեթի հիմնավորվածությունն ու անորոշությունն այնքան մեծ է, որ փորձագետների որոշակի շրջանակ հստակ արձանագրում էր, որ կառավարության այս նախաձեռնության արդյունավետությունը կարանտինի տեսանկյունից գրեթե զրոյական է։
Միաժամանակ, ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ իշխանությունների համար սա մի հիանալի գործիք էր դառնալու՝ քաղաքական վերահսկողության տեսանկյունից:
Երկրում ստեղծված արտակարգ դրությունն իշխանությունների համար շատ հարմար առիթ է իր քաղաքական «թաքուն» ցանկություններն ի կատար ածելու համար։
Քանիցս ականատես եղանք, թե ինչպես է համավարակի նման աստիճանի բարդության բոլոր պատճառները Փաշինյանը բարդում ազգաբնակչության վրա։ Նրա խոսքից այնպիսի տպավորություն ենք ստանում, որ կառավարությունն աշխատում է փայլուն, չկան բացթողումներ, իսկ ահա բնակչության կողմից պատշաճ համագործակցություն չի լինում, և նրանք չեն ենթարկվում պարետատան կարգադրություններին։ Եվ սա՝ այն դեպքում, երբ նույնիսկ իրավաբաններն են նկատում, որ գործող իշխանությունը շատ դեպքերում հանցավոր անփութություն է դրսևորում:
Հերթական անգամ տեսնում ենք, որ Փաշինյանն իր և իր թիմի վրայից գցում է պարտականությունը և հայտարարում՝ «ժողովուրդ, դե, մենք ամեն ինչ անում ենք, դուք չեք բավական իրավագիտակցություն դրսևորում և չեք ինքնամեկուսանում»։
Երկրում ստեղծված այս ճգնաժամային իրավիճակում իշխանությունները, շատ լավ հասկանալով, որ ընդհանուր դրությունը դուրս է գալիս վերահսկողությունից, և ՀՀ-ում, հնարավոր է՝ ստեղծվի աղետալի ու անվերահսկելի առողջապահական ճգնաժամ, փորձում են ամեն կերպ պատասխանատվությունն իրենց վրայից գցել և ամեն ինչում մեղադրել քաղաքացիներին, ժողովրդին, որ նրանք պատշաճ չափով չեն ենթարկվում պարետատան ցուցումներին, չեն մնում իրենց տներում, և նմանատիպ տարբեր մեղադրանքներ։
Վերոնշյալ օրենքի ընդունումից հետո ոչ ոք չի կարող բացառել և չունի երաշխիք, որ կառավարությունը հնարավորություն է ունենալու պարտադրել մարդկանց, որպեսզի օգտագործեն իր կողմից առաջարկվող էլեկտրոնային հավելվածները, և հենց այդ գեոլոկացիոն տեխնոլոգիայի և հեռախոսների միջոցով՝ կատարեն համապատասխան վերահսկողությունը։
Արմեն Հովասափյան