Ինչու է Արցախում նվազել գրանցվող ամուսնությունների թիվը

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) Ստեփանակերտի տարածքային բաժնում 2019 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ամուսնության գրանցման նպատակով դիմում է ներկայացրել հանրապետությունում ապրող շուրջ 40 քաղաքացի. որոշ ժամանակ անց դիմումները հետ են վերցվել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ստեփանակերտի տարածքային բաժնի պետ Լուսինե Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչ այսօր Ստեփանակերտի տարածքային բաժինը որևէ դիմում չի ստացել:

Խոսելով պատճառների մասին՝ մեր զրուցակիցն ասել է. «Հիմնական պատճառն այն է, որ 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին առաջադրված ԱՀ նախագահի թեկնածուներից մեկն իր ծրագրային դրույթներում խոսել է այն մասին, որ ներկայումս գործող ամուսնացող յուրաքանչյուր զույգի տրամադրվող 300 հազար դրամի չափը կավելանա. այսինքն՝ եթե զույգը կազմակերպի հարսանեկան արարողություն, ապա պետության կողմից կստանա ոչ թե 300 հազար դրամ, այլ 1 մլն: Մենք ամեն օր քաղաքացիների կողմից ստանում ենք բազմաթիվ զանգեր, և մեծ մասը մեզ դիմում է հենց այդ ծրագրի վերաբերյալ հարցով: Կարող ենք ասել, որ, ընտրությունների ելքով պայմանավորված, հանրապետությունում ամուսնությունների թվի շեշտակի աճ ենք արձանագրելու»:

Տեսանյութեր

Լրահոս