Բաժիններ՝

«Դա օգնություն չի, դա ավելի խորը գործատուին մխրճել է… փոքր բիզնեսը կարող է դրա տակից դուրս չգալ». Հռիփսիմե Ստամբուլյանը՝ բիզնեսին առաջարկվող աջակցության մասին

Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեծ թվով երկրների օդային սահմանների փակելն առաջին ուղիղ հարվածն էր ավիաընկերությունների ու տուրիստական կազմակերպությունների համար:

168.am-ի զրուցակիցն այսօր «ANRIVA-TOUR»-ի տնօրեն, Հայաստանում և Վրաստանում «Air Cairo» եգիպտական և վերջերս Հայաստանի ավիացիոն շուկա մուտք գործած թունիսական «Nuevelair» ավիաընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ Հռիփսիմե Ստամբուլյանն է:

– Տիկին Ստամբուլյան, այս պահին հնարավո՞ր է չափել, ասել, թե ինչ կորուստներ ունեն տուրիստական ընկերությունները:

– Որպես այդպիսին, չափել, չեմ կարծում, որ այս պահին հնարավոր է, բայց կորուստները բավականին շատ են: Փոքր տուրիստական ընկերությունների մոտ  աշխատողների աշխատավարձի, վարձակալության խնդիրն է,  2-3  աշխատող ունեցող մոտ 1.000 տուրիստական ընկերություն կա։

Այսօր մեծ խնդրի առջև են կանգնած հատկապես խոշոր կազմակերպությունները, ավիաընկերությունները, ավիաընկերության ներկայացուցիչները, տուր օպերատորները,  որոնք ամռան համար արել են զգալի ամրագրումներ, այդ թվում՝ նաև մենք: Բավականին դեպոզիտներ ենք վճարել, և թռիչքները հիմնականում ստիպված ենք դադարեցրել՝ Եգիպտոսն ենք դադարեցրել,  ամռանը նոր ուղղություն էինք Հայաստան բերել, պայմանագրերը կնքված է՝ Թունիս պետք է թռնենք, բայց այս պահին դեռ չենք էլ հասկանում, ոչ մի տեսակի տեսլական չունենք, թե ինչ կարող է լինել:

Հատկապես բեռը շատ մեծ է խոշոր կազմակերպությունների համար, որովհետև աշխատակիցների քանակն էլ է մեծ: Հիմնականում տուր օպերատորները, ավիաընկերությունների ներկայացուցիչները, ամեն մեկն ամենաքիչը 15-25 հոգի աշխատող է ունենում, ու այսօր իսկապես այդ կազմակերպություններն  են ավելի մեծ ռիսկի տակ:

Ներգնա տուրիզմի բավականին շատ խմբեր չեղարկվել են: Ի վերջո, ներգնա տուրիզմի համար էլ բազմաթիվ ծախսեր են արվում, և կա աշխատատեղերը պահելու խնդիր: Եվ բոլոր ներգնա տուր օպերատորները այդ խնդրի առաջ են: Բայց շատ մեծ ռիսկ ու վնասներ կրում են ավիաընկերություններն ու արտագնա տուր-օպերատորները, որոնք արդեն դրսում դեպոզիտներ են արել, վճարումներ են արել, հետո ստիպված կասեցրել են:

– Մարդիկ, որոնք արդեն ամրագրումներ արել էին, կապվո՞ւմ են Ձեզ հետ, գումարի վերադարձի խնդիր առաջանո՞ւմ է:

– Մարդիկ կան, որ իսկապես հասկանում են վիճակը, հասկանում են, որ պետք է փրկել տուրիզմի ոլորտը, պետք է փրկել բիզնեսը, պետք է տնտեսությունը ճգնաժամի չհասցնել: Մարդիկ էլ կան, որ դա չեն ընդունում, ոչ մի կերպ չեն հասկանում: Բայց հիմնական մասը՝ և՛ ավիաընկերությունները, և՛ տուր օպերատորները «բաց դատա»-ով հնարավորություն են տվել ուղևորներին մինչև տարվա վերջ, երբ ուզեն՝ իրենց գումարն օգտագործեն, որպեսզի հետվերադարձներ չլինեն: «Air Cairo»-ն էլ փորձում է «բաց դատա»-ի հնարավորություն տալ, որ մարդիկ գումար չկորցնեն, երբ ուզենան՝ մեկնեն:

– Այսինքն, եթե հիմա չեն կարողանում մեկնել, մինչև տարվա վերջ կարողանա՞ն մեկնել:

– Այո, մինչև տարվա վերջ, ցանկացած ժամանակ:

Մենք նախատեսում ենք ապրիլի 19-ից թռիչքները սկսել, չնայած չգիտենք, թե այս վիճակն ինչքան կշարունակվի: Ոչ ոքի չենք պարտադրում, որ՝ պետք է մեկնեք: Իհարկե ցանկալի էր, որ բոլորը մեկնեին ապրիլին, որ թռիչքները կայանային: Բայց անգամ այս պարագայում ոչ մեկին չենք ստիպում, թույլ ենք տվել, որ մինչև տարվա վերջ երբ ուզենան՝ օգտագործեն իրենց գումարը:

«Բաց դատա»-ի հնարավորությունը ինչ-որ չափով փոքր բիզնեսին պաշտպանելու միջոց է նաև, որովհետև մարդիկ ստիպված չեն լինի վերադարձնել իրենց եկամուտները: Մեր հիմնական վաճառք անողները փոքր տուրիստական ձեռնարկություններն են, որոնք վաճառում են մեր ու մյուս ավիաընկերությունների ավիատոմսերն ու փաթեթները: Եվ եթե համատարած ավիաընկերությունները վերադարձ անեին, դա նաև ազդելու էր փոքր տուրիստական ձեռնարկությունների վրա, որովհետև ստիպված էին լինելու իրենց աշխատած միջնորդավճարները  վերադարձնել և այս պարագայում չէին կարողանա ոչ մի ձևով գոյատևել գոնե այս մի ամիսը: Նրանք այս շրջանում տարածքների վարձերի, ինչպես նաև աշխատողներին պահելու խնդիր ունեն:

– Իսկ եթե վիզայի ժամկետի խնդիր է առաջանում, այս հարցն ինչպե՞ս է կարգավորվելու, թե՞ Ձեր տիրույթից դուրս է:

– Մեր տիրույթից դուրս է : Բայց վիզայի հետ կապված էլ կարծես թե ինչ-որ քայլեր ձեռնարկում են: Ինձ թվում է՝ դեսպանատները հնարավորություն կտան վիզան օգտագործել հետագայում, պարտավոր են ուղղակի անել: Ինձ թվում է՝ այս վիճակը  որ հանդարտվի, իրենք նույնպես այդ մասով որոշում կկայացնեն: Մեր ուղղություններն առանց վիզայի ուղղություններ են՝ և՛ Թունիսը, և՛ Եգիպտոսը, մենք այս պարագայում նման խնդիր չունենք:

– Պատրաստվո՞ւմ եք օգտվել կառավարության՝ բիզնեսին աջակցության ծրագրերից, որոնց մասին այս օրերին հաճախ էին հայտարարում։

– Այս պահին դեռ մեր ֆինանսական տնօրենի  և գլխավոր հաշվապահի քննարկման տիրույթում է դա գտնվում, բայց դեռ չեմ կարող ասել՝ դա աջակցություն է, որովհետև այսօր մենք ունենք խնդիր բիզնեսը պահպանելու, շուկայում մնալու, աշխատողների աշխատատեղերը չկորցնելու: Եվ մի հատ էլ ավելորդ բեռ վերցնել, որպեսզի վճարենք հարկերը և աշխատողների աշխատավարձերը, չգիտեմ… դա, որ ասենք՝ աջակցություն է, այդքան էլ այդպես չէ:

Այսպես թե այնպես, մենք մեր հարկերն արդեն վճարել ենք, վարկերը վճարել ենք, դեռ աշխատողների աշխատավարձերի ժամանակը չի եկել, դա էլ պետք է վճարենք:

Հնարավորությունը կլիներ այն, որ, օրինակ, մի քանի ամիս գոնե եկամտային հարկ աշխատակիցներից չպահվեր: Օրինակ՝ այդպիսի աջակցություն լիներ: Գոնե այն կազմակերպությունները, որոնք բարեխիղճ են աշխատում, այդ թվում, օրինակ, մենք, մեր բոլոր աշխատակիցները գրանցված են իրենց ամբողջ աշխատավարձով, այսինքն, բարձր ստացող աշխատողներ ունենք, որոնք, օրինակ, ամիսը 70-100.000  դրամ եկամտային հարկ են վճարել, տարեկան դա 1 միլիոն, 1 մլն 200 հազար դրամ է, գոնե այդ աշխատակիցներին կարելի էր  10-20% փոխհատուցում տալ իրենց վճարած եկամտային հարկերից: Ավելինի  ակնկալիք չկա էլ: Բայց ասել՝ վարկեր վերցրեք, որ աշխատողներին վճարեք, կամ հարկերը փակեք, ինձ թվում է, որ բոլոր գործատուների համար էլ սա չընդունված տարբերակ է:

Իհարկե, փորձում են ինչ-որ ձևով օգնել, բայց դա, իմ կարծիքով՝ որպես այդպիսին, օգնություն չի, դա ավելի խորը գործատուին մխրճել է, որովհետև այս պարագայում փոքր կազմակերպություններն ուղղակի կարող է դրա տակից դուրս չգան, վարկերը վերցնեն ու վճարել չկարողանան, որովհետև մենք դեռ չգիտենք, թե տուրիզմը երբ կվերականգնվի:

– Այդ դեպքում ինչպե՞ս կարող է կառավարությունն աջակցել ավիաընկերություններին ու տուրիստական ընկերություններին, որպեսզի այդ աջակցությունը տեղ հասնի:

Մեկը, ինչպես նշեցի, կապված է եկամտահարկի հետ, որ այն կազմակերպությունները, որոնց  աշխատակիցները բարձր աշխատավարձով գրանցված են, ոչ մի տեսակի եկամտային հարկ թաքնված չկա, գոնե այդ կազմակերպություններին ինչ-որ չափով աջակցություն տրվի, ամեն աշխատողի վճարած տարեկան եկամտահարկի 10-20%-ը կառավարությունը կարողանա հատուցում տալ, որ մնացածը գործատուներն իրենք վճարեն, քանի որ բեռն իսկապես շատ ծանր է: Ասել՝ վարկ վերցրեք ու դուք լուծեք ձեր հարցերը, դա բիզնեսին ճիշտ մոտեցում չի: Բիզնեսն ուղղակի չի ապրի, ու մեր երկրի ճգնաժամն ավելի կերկարի:

Մյուսը, գոնե կլասիկ ավիաընկերություններին, որոնք  շատ են, ովքեր ամեն ուղևորի համար պարտաճանաչ 10.000 դրամ են վճարել, գոնե այդ ավիաընկերությունների ներկայացուցչություններին ինչ-որ հատուցում տրվի, գոնե վճարված գումարի 10%-ի չափով, որպեսզի չհայտնվեն մի իրավիճակում, որ ստիպված լինեն թռիչքներ չիրականացնել կամ փակվել:

Խոսքը բոլոր ավիաընկերությունների մասին է, միայն մեր մասին չէ: Առանց այն էլ մենք՝ կլասիկ ավիաընկերություններս, բավականին տուժած ենք, որովհետև և՛ օդի տուրք ենք վճարում, և՛ Զվարթնոցի բոլոր հարկերն ենք վճարում՝ ի տարբերություն լոուքոսթերների: Գոնե հիմա այս ձևով կարող են օգտակար լինել:

Ու, ի վերջո, տուրիզմը հնարավոր է լինելու փրկել միայն ավիաընկերություններին ուժեղ պահելու արդյունքում: Եթե չլինեն ավիաընկերությունները, եթե թռիչքները դադարեցվեն, եթե մեծ դժվարությամբ երկիր բերված ավիաընկերություններն ինչ-որ էտապում ստիպված լինեն գնալ Հայաստանից, որովհետև չստացան այս փուլում խիստ անհրաժեշտ որևէ  աջակցություն, տուրիզմ էլ չի լինի: Ուղևորները պե՞տք է ինչ-որ բանով գնան-գան: Այս փուլում պետք է շատ հստակ,  շատ լուրջ ու շատ արագ որոշումներ  կայացվեն, որոշումներ, որոնք  կօգնեն բոլորին:

– Ի՞նչ եք կարծում, եթե այս փուլն անցնի, մարդկանց մոտ այլ երկրներ գնալու վախ չի՞ լինի:

– Ամեն դեպքում վախը լինելու է, բայց նաև լինելու են մարդիկ,  որոնք իսկապես արդեն կարոտել են ճամփորդությունը և ուզում են մեկնել ճամփորդության: Նույնքան  դրսից եկողներ կլինեն:

Ուղղակի մեզ մոտ ցավալին այն է, որ կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշներն օր օրի բարձրանում են, և դա մեր երկրի համար շատ վատ է լինելու հետագայում: Օրինակ՝ մենք անընդհատ Եգիպտոսի մասով ենք նայում, Շարմ էլ Շեյխում ընդհանրապես թիվ չի գրանցվել, կառավարությունն արագ սահմանները փակեց, դատարկեց, էվակուացրեց, դեզինֆեկցիա արեց, այսօր իրենք իմիջի խնդիր չունեն, որովհետև իրենց մոտ չկա: Ընդհանուր Եգիպտոսում մոտ 110-120  միլիոն բնակչություն է, եթե նայենք՝ ցուցանիշը շատ քիչ է: Այսինքն՝ իրենք հետո վերականգնվելու խնդիր չեն ունենալու: Բայց արդյո՞ք մենք կկարողանանք վերականգնվել, մեզ մոտ մարդիկ կգա՞ն, չե՞ն գա: Դա դեռ հարց է: Վախը կլինի, կլինեն մարդիկ, որ չեն մեկնի:

Բացի վախից, տուր ոլորտն այլ խնդիր էլ ունի այս պահին: Հիմնական աշխատող մասսան, որոնք ճամփորդում են, մեկ ամիս է՝ տանն են: Արդյո՞ք հետո իրենք իրենց աշխատատեղերից կարողանալու են արձակուրդ ունենալ: Մի քիչ դա էլ է վտանգված, կարող է և չկարողանան մեկնել ամռանը: Սեպտեմբերից հետո կարող է ունենանք, բայց թե ամռանն ինչ վիճակում կլինի, դժվար է ասել:

– Դուք ապրիլի 19-ից պատրաստվո՞ւմ եք իրականացնել չվերթեր:

– Նախնական որոշմամբ՝ այո: Մինչև ապրիլի 16-ն ենք դադարեցրել, և դադարեցրել ենք այն պահին, երբ Եգիպտոսի կառավարությունը հայտարարեց սահմանների փակում: Մենք հավելյալ թռիչք իրականացրեցինք մարտի 19-ին: Այն  ուղևորներին, որ պետք է վերադառնային մարտի 22-ին, 29-ին, բոլորին հետ բերեցինք, որպեսզի խնդիր չունենանք, ինչքան հայ կար, բոլորին տեղափոխել ենք այնտեղից: Պատրաստվում ենք ապրիլի 19-ին թռիչք  իրականացնել, այդ օրը մոտ 70-80 հոգի նախապես ամրագրում արել է, բայց հիմա, երբ մոտենան այդ օրերը, և ցուցանիշները մեզ մոտ ավելանան, և այդ 70-80 հոգու մոտ վախ առաջանա մեկնելու, նորից իրենց էլ ենք տրամադրելու «բաց դատա» և դադարեցնելու ենք ապրիլի 19-ի թռիչքը ևս:

– Մարդիկ ըմբռնումո՞վ են դրան մոտենում:

– Մեծամասամբ ըմբռնումով են մոտեցել: Մեր ունեցած տվյալներով, օրինակ,  80%-ն ըմբռնումով է մոտեցել: Եվ, ի վերջո, բոլորն էլ հասկանում են, որ ֆորսմաժորային իրավիճակ է, որովհետև կոնկրետ մենք ամբողջ տարին անդադար թռիչքներ իրականացնում ենք դեռ 2017 թվականից, և չի եղել ինչ-որ ժամանակ, անգամ դեկտեմբերին, շատ քիչ քանակությամբ, բայց միշտ թռիչքներ իրականացրել ենք, չենք դադարեցրել: Եվ հասկանում են, որ այս դադարն ամբողջ աշխարհի համար է: Մենք ստիպված ենք եղել դադարեցնել, մեր կամքով չենք դադարեցրել:

Լինում են մարդիկ, որ ըմբռնումով չեն մոտենում, բայց փորձում ենք բացատրել:

Օրինակ, ունեցել ենք հղիներ, որոնք օգոստոսին, սեպտեմբերին պետք է ծննդաբերեն, բնականաբար, այդ մարդկանց վերադարձվել է գումարը: Ունեցել ենք  այլ երկրից ժամանած հայրենակիցներ, օրինակ՝ ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ռուսաստանից, որոնք ստիպված էին վերադառնալ իրենց տուն, և այդ մարդկանց, բնականաբար, վերադարձրել ենք գումարը: Իսկ մեր հայրենակիցներին, որոնք այստեղ են և կճամփորդեն, հիմնական մասը տեղափոխել ենք իրենց ուզած ամսաթվով: Կամ, եթե չեն ընտրել, ժամանակ ենք տվել, որովհետև հասկանում ենք՝ այս վիճակը պետք է վերջանա, նոր հասկանան, թե ով երբ է գնալու:

– Նոր մուտք գործած ավիընկերությունների համար այս դադարը խնդիր չի՞ լինելու: Հնարավո՞ր է, որ այս վիճակի ավարտից հետո այլևս չմտնեն հայկական շուկա:

– Չեմ կարծում: Ավիաընկերությունների մասով մի քիչ այլ է: Այլ է, եթե մտածենք, որ, օրինակ, տուրիստները,  որոնք պետք է գային Հայաստան հանգստանալու, տեսնեն՝ մեզ մոտ ցուցանիշները շատացել են, ինչպես որ մենք ենք հիմա խուսափում Իտալիա կամ Չինաստան մեկնել, ու ուղևորներն իրենք չուզենան գալ: Իսկ ավիաընկերությունը, օրինակ, Թունիսն էլ, Եգիպտոսն էլ ավելի շատ Հայաստանի քաղաքացիներին են տանում, չեմ կարծում՝ նման խնդիր լինի: Այլ հարց է, եթե մեզ մոտ այս վիճակը երկար շարունակվի: Կարող են այդ կառավարություններն ուղղակի ՀՀ քաղաքացիներին չթողնել մուտք գործել իրենց երկրներ: Բայց եթե այս վիճակն ավարտվի, չեմ կարծում, որ դա խնդիր կլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս