ԱԺ-ն քննարկեց Քաղաքաշինության կոմիտեին նոր լիազորություն տվող նախագիծը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կոմիտեին վերապահել քաղաքաշինության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորություն: Նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը:
«Նախագծի նպատակն է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին վերապահել բնագավառի գործունեությունը կարգավորող քաղաքաշինական նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորություն: Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջի կատարումը պրատադիր է քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար: Ըստ այդմ Քաղաքաշինության կոմիտեի առաջնահերթ նպատակներից է քաղաքաշինական գործունեության իրականացման դաշտը կարգավորող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի, այդ թվում տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի, կանոների, հավաքածուների և այլ փաստաթղթերի մշակումն ու հաստատումը»,- ասաց Ղուլարյանը:
Նա նշեց` նախորդ տարիներին նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը հաստատվել են նախարարի, ապա կոմիտեի նախագահի հրամաններով: Եվ հիմա անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել քաղաքաշինության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման մասով քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման մարմնի իրավասություններն ու այն ամրագրել Քաղաքաշինության մասին օրենքում: