Բաժիններ՝

Դեռ չի քննարկվում օրենքի փոփոխությունից հետո Հ1-ին պետբյուջեից հատկացվող 1 մլն 200 դոլարը պակասեցնելու հարցը

 Հանրային հեռուստաընկերությանը կտրվի գովազդ տեղադրելու հնարավորություն, որից զրկվել էր 2014 թվականին:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2000 թվականին ընդունված օրենքում փոփոխություննների Կառավարության ներկայացրած նախագիծը Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և  սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։ Նրա հիմնավորմամբ, ըստ ամենայնի, Հ1-ին հատկացված գումարը բավարար չէ հեռուստաընկերության առաջ դրված մարտահրավերներին արձագանքելու համար, ուստի առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում՝ տալով  Հ1-ին գովազդ տեղադրելու հնարավարություն:

Նիստը վարող՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նախագծի զեկուցողից հետաքրքրվեց՝ երբ ասում ենք՝ «ըստ ամենայնի», արդյո՞ք դա ենթադրում է, որ կա վստահություն, որ խնդիրները գույքագրվել են և օրենքում փոփոխություններ անելուց հետո դրանք կլուծվեն:

«Սա կարևոր հայտարարություն է, կոնկրետ ի՞նչ վերլուծության վրա  է դա հիմնված»,- փոխնախարարին հարցրեց  Հայրապետյանը:

Հարցին ի պատասխան՝ Վահե Դանիելյանն ասաց.

«Տարիներ առաջ օրենքում կատարված փոփոխության արդյունքում 1 միլիարդ 200 մլն դրամի եկամուտից զրկվել է Հ1-ը, և այսօր, երբ դրել է եթերացանցի վերազինման խնդիր, առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների հնարավոր չէ այդ խնդիրը լուծել, բացի այդ, այս քայլով  նաև լուծվում է հավասար մրցակցային պամանների հարցը, որովհետև, երբ Հ1-ով  գովազդն արգելվել է, Հ1-ը զրկվել է այդ գովազդներից, և դրանք հոսել են այլ հեռուստաընկերություններ»:

Մխիթար Հայրապետյանը հետաքրքրվեց նաև՝ երբ  Հ1-ին գովազդ տեղադրելու հնարավորությունից զրկել են, զրկողները մտածել են հեռուստաընկերության կրած վնասները փոխհատուցելու մասին՝  այդ 1 միլիարդ  200 միլիոն դրամը հատկացնելով։

Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ փոխհատուցել է կառավարությունը, բայց ոչ ամբողջական:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հակադարձեց փոխնախարար Դավթյանի ոչ ամբողջական փոխհատուցելու մասին պնդմանը.

«Ինչ վերաբերում է Հ1-ի կրած վնասներին և կառավարության կողմից բյուջեից դրանց փոխհատուցմանը, ապա պետք է նշեմ, որ կա՛մ չեք տիրապետում, կա՛մ մեզ ուղղակի ճշմարտությունը չեք ասում, որովհետև վերջին 2 տարվա ընթացքում բյուջեի հատկացումների մեջ մեկ միլիարդ դրամով Հ1-ի հատկացումներն ավելացվել են»:  Տոնոյանը հիշեցրեց, որ եթե փոխնախարարը խոսում է Հ1-ին հատկացված միջոցների բավարար չլինելու մասին,  ապա այստեղ տեղին է հիշել, որ այնտեղ 2  միլիարդ դրամի չարաշահումներ են  հայտնաբերվել:

Ի պատասխան Տոնոյանի դիտարկումներին՝  փոխնախարարը ասաց, որ ձեռքի տակ չունի թվեր՝ ասելու, թե հստակ 2014, 2015 թվականներին բյուջեից որքան գումար է փոխանցվել Հ1-ին՝ կրած կորուստների համար:

Փոխնախարարը, սակայն, կրկնեց՝ անհասկանալի է, թե  ինչու մասնավոր հեռուստաընկերությունները պետք է ունենան  գովազդ  տեղադրելու հնարավորություն, իսկ  Հ1-ը՝ ոչ:

Ի պատասխան նախարարի այս հարցադրման՝ Իվետա Տոնոյանն ասաց.

«Դե, որովհետև մասնավոր հեռուստաընկերություններին պետական բյուջեից 1 միլիոն 200 հազար դոլար ամեն ամիս ֆինանսական հատկացում չի տրվում»:

Հավելենք, որ, ըստ փոխնախարար Վահե Դավթյանի, այս պահին դեռ չի քննարկվել հարցը՝ եթե Հ1-ին տրվում է գովազդ  տեղադրելու հնարավորություն, արդյո՞ք  նախատեսվում է նաև պակասեցնել պետբյուջեից հատկացվող  գումարի ծավալը:

Օրենքում առաջարկվող փոփոխությամբ Հանրային հեռուստատեսությամբ թույլատրվում է ցուցադրել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ:

Հանրային հեռուստատեսությամբ թույլատրվում է ցուցադրել սոցիալական գովազդ՝ «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով: Ժամը 00:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է անհատույց հիմունքներով: Ժամը 18:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է վճարովի հիմունքներով՝ «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս