Արտակարգ դրությո՞ւն, թե՞ քարոզչություն և հակաքարոզչություն
Իրողությունն այն է, որ աստիճանաբար սկսում ենք հարմարվել մեզ պարտադրված իրավիճակին: Կորոնավիրուս կոչված վարակից չխուսափեց աշխարհում թերևս ոչ մի կետ, և Հայաստանում էլ հայտարարվեց արտակարգ դրություն` հնարավորինս մեղմելու համար դրա հետևանքներն ու քիչ կորուստներով դուրս գալու համար այս փորձությունից:
Լավ լուրեր էլ կան: Ունենք արդեն առաջին բուժված մարդը, վերադառնում են առաջին մեկուսացված կոնտակտավորներն ու գրառումներ կատարում` պատմելով 14-օրյա կարանտինի մասին: Հավատում ենք, որ պետությունը հոգ է տանում այդ քաղաքացիների մասին: Այլ կերպ լինել չէր կարող, առավել ևս՝ նման վտանգի ու հասարակական ճնշման պայմաններում:
Բայց մի ուշագրավ հանգամանք ենք նկատել գրառումների մեջ: Հասկանալի է, որ պետության կողմից պատշաճ վերաբերմունքի արժանացած քաղաքացին պետք է երախտիքի խոսքեր ասի իշխանությունների հասցեին, ու դա նորմալ է, և այդպես էլ պետք է լինի, թերևս, բայց թե ինչ կապ ունեն նախկիններն այս պատմության մեջ, ու ինչու են այս քաղաքացիները նախկինում իրենց անտեսված զգացել, ինչ տարերային խնդրի են բախվել, որի ժամանակ չեն զգացել պետության աջակցությունը, թերևս, իրենք կասեն:
Այսպես, երեկ Էջմիածնի քաղաքապետ Դիան Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված իր համաքաղաքացիներից ստացած մի նամակ, որը նրան խնդրել են ուղերձի տեսքով տարածել իրենց անունից:
Այդ ուղերձ-նամակում մասնավորապես գրված է. «Ինչքան էլ փորձենք, չենք կարողանալու ճիշտ և համապատասխան խոսքեր գտնել, որոնք արժանվույնս կարտահայտեն այն, ինչ զգում ենք մենք այստեղ։
Մեր ապրած տարիների ընթացքում առաջին անգամ զգում ենք, թե ինչ է նշանակում ՊԵՏՈՒԹՅԱՆ հովանավորություն, հոգատարություն, աջակցություն….»:
Իսկ Մելինե Մելիքյան անունով օգտատերը երկշաբաթյա մեկուսացումից հետո, այդ մասին կատարած իր գրառման մեջ, մասնավորապես, նշել է. «Գիտեք, կարևորն այն էր, որ բոլորս զգում էինք, որ մեր երկրում մարդը արժեք ունի: Եվ այս ամենը այն Հայաստանում, ուր ընդամենը մի քանի տարի առաջ մարդը ապրում էր խաբված և հուսալքված, քանզի ինքն արժեք չուներ…»:
Ամենևին չենք պնդում, որ այս գրառումների բովանդակությունն ուղղորդված է, բայց իսկապես հետաքրքիր է իմանալ, թե անձամբ այս օգտատերերը նախկինում ի՞նչ անարդարությունների հետ են բախվել, ինչո՞ւ են իրենց այդքան անտեսված զգացել, ի՞նչ դռներ են փակվել իրենց առջև, ի՞նչ իրավիճակի առաջ է կանգնած եղել երկիրը, որ տարերայնորեն պատուհասած աղետի դեմ իրենց միայնակ է թողել: Սրանք հարցեր են, որ, թերևս, անպատասխան էլ կմնան:
Մի կողմից՝ իշխանությունները, ի վերջո, արտակարգ դրություն են հայտարարում, փորձում են լրջանալ, մյուս կողմից՝ քարոզչությամբ և հակաքարոզչությամբ են զբաղված՝ մանիպուլյացնելով հասարակությանը:
Լավ բան է երախտագետ լինելը, բայց պարտադի՞ր է օրվա թրենդին համապատասխան` ներկաներին գովելու համար անպայման վատաբանել տասնամյակների ընթացքում եղած ամեն ինչ ու բոլորին: