Թուրքական մամուլը խեղաթյուրել է Հռոմի պապի լիբանանյան այցի մասին հայերի կարծիքը

«Hurriyet Daily News»-ի թղթակիցը ստախոս է, եւ տեղեկատվությունն այն մասին, թե ես բացասական եմ արտահայտվել Հռոմի պապի լիբանանյան այցի մասին, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար ժիրայր Ռեիսյանը:

«Երբ թղթակիցն ինձ հարց տվեց Լիբանան Հռոմի պապի այցելության մասին, ես հստակ պատասխան տվեցի, որ Հռոմի պապը Լիբանան է այցելել, այլ ոչ թե Սիրիա, հետեւաբար, ես ոչինչ չունեմ ասելու: Սակայն, դժբախտաբար,  «Hurriyet Daily News»-ի թղթակիցը իմ անունից մտացածին պատասխաններ է գրել: Ես կխայտառակեմ նրան մամուլի օգնությամբ: Ես ունեմ մեր խոսակցության ձայնագրությունը», – ասել է Ռեիսյանը: Նա նաեւ նշել է, որ թղթակիցը տվել է Հռոմի պապի այցելությանը չվերաբերող հարցեր:

Ինչ վերաբերում է Հռոմի պապի այցին, ապա Ռեիսյանը նշել է, որ ողջունում է նրա այցը քրիստոնեական համայնքներ, նաեւ ընդգծել է այն բանի կարեւորությունը, որ Պապը աղոթել է Սիրիայի քրիստոնյաների համար: «Ոչ մի դեպքում այնպիսի բան չի կարող լինել, որ Հռոմի պապի այցը քննադատության ենթարկվի, ինչպես որ դա ներկայացրել է թուրքական մամուլը»:

Տեսանյութեր

Լրահոս