Վրաստանում երկարացրել են դպրոցական արձակուրդը, հետաձգել զորակոչը եւ չեղարկել ֆուտբոլային մրցախաղերը
Վրաստանում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում բոլոր ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացրել են մինչեւ ապրիլի 1-ը: Այս որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի մարտի 11-ի նիստում, որը ղեկավարում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։
Ինչպես հայտնել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, խորհուրդը նաեւ որոշում է ընդունել պարտադիր զինվորական ծառայության գարնանային զինակոչը հետաձգել մեկ ամսով՝ մինչեւ ապրիլի 13-ը: Ավելի վաղ կորոնավիրուսի կապակցությամբ դպրոցներում եւ բուհերում հայտարարված արձակուրդները պետք է ավարտվեին մարտի 16-ին: Բացի այդ, Վրաստանում դադարեցված է բոլոր մանկապարտեզների աշխատանքը: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ կորոնավիրուսի կապակցությամբ որոշում է ընդունել երկրում մինչեւ ապրիլի 1-ը դադարեցնել բոլոր առաջնություններն ու ֆուտբոլային մրցախաղերը:
Այսօրվա դրությամբ, Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, երկրում լաբորատոր եղանակով հաստատված է կորոնավիրուսով վարակման 23 դեպք, կարանտինում է գտվնում 298 մարդ, ստացիոնար հսկողության ներքո՝ 46 հոգի, հազարից ավելի քաղաքացիներ ինքնամեկուսացման մեջ գտնվելու հանձնարարական են ստացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: