«Փաշինյանը հերթական անգամ իրեն թույլ տվեց տարբեր մեղադրանքներ, որոնք իրավական հիմնավորում չունեն, «Ոչ»-ի կողմնակիցների մասին խոսում էր հեգնանքով, ՍԴ դատավորների մասին՝ վիրավորական արտահայտություններով». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիարժեք երջանկության մեջ էր՝ երկարատեւ ընդմիջումից հետո հանրահավաք կազմակերպելու ու ելույթ ունենալու հնարավորություն ուներ, այն էլ՝ մի քանի բնակավայրերում: Երջանկությունն ավելի է ամբողջանում այն հանգամանքով պայմանավորված, որ առջեւում այդպիսի մոտ երեք շաբաթ կա: Քարոզարշավին մասնակցելու համար նա նույնիսկ արձակուրդ է վերցրել:
Երեկ շատ շահարկվեց ուղղաթիռով Սյունիք մեկնելու հարցը. ոմանք դա որակեցին աօրենքի խախտում, իսկ Փաշինյանը նորից հիշեց, որ ուղղաթիռը չշահագործելուց ժանգոտվում է, իսկ ինքը պետական պահպանության ենթակա պաշտոնատար անձ է: Բայց սա, ըստ էության, ամենաառաջնայինը չէ, քանզի փաստացի թե՛ նախկինում, թե՛ հիմա արձակուրդ վերցնելը պարզապես ձեւական կողմն է, սոսկ օրենքի տառի պահանջ. ի վերջո, նույն Փաշինյանին հանդիպողները նրան իրենց խնդիրներով դիմում են որպես վարչապետ, այլ ոչ որպես ՔՊԿ փաստացի ղեկավար:
Մի կողմ թողնենք նաեւ այն հանգամանքը, որ «Փաստն» անընդհատ տեղերից տեղեկություններ է ստանում, որ պետական ամբողջ մեքենան մոբիլիզացվում է վարչապետի հանրահավաքներին հնարավորինս շատ մարդ ապահովելու համար: Շատ ավելի մտահոգիչ են ակտիվ քարոզարշավի առաջին իսկ օրն աչք ծակող մի քանի երեւույթներ:
Նախ՝ դպրոցները չքաղաքականացնելու մասին տարփողող ու ժամանակին դպրոցականներին քարոզարշավի մեջ ընդգրկելը քննադատող իշխանավորները երեկ հանգիստ էին վերաբերվում դասերի ժամին իրենց դիմավորողների ու հանրահավաքների մասնակիցների շարքերում դպրոցական երեխաների ներկայությանը:
Անկախ հետագա «կրուտիտներից» ու հնարավոր «քավության նոխազներ» գտնելու հավանականությունից, ակնհայտ էր, որ իշխանավորները դժգոհ չեն այդ վիճակից: Ու դա զարմանալի չէ, քանզի 2018-ի իշխանափոխության ժամանակ էլ էին ակտիվորեն ներգրավում դպրոցականներին:
Մյուս կողմից՝ վարչապետը հերթական անգամ իրեն թույլ տվեց տարբեր մեղադրանքներ, որոնք իրավական հիմնավորում չունեն, ավելին՝ «Ոչ»-ի կողմնակիցների մասին խոսում էր հեգնանքով, ՍԴ դատավորների մասին՝ վիրավորական արտահայտություններով, դե, իսկ նախկինների թեման հավերժական է: Այդպես լինելու է դեռ 23 օր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: