Իշխանությունը վերջնական տեսքի է բերում անցումային արդարադատության նախագիծը. Ով է լինելու փաստահավաք խմբում. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունն այս օրերին շատ լուրջ զբաղված է անցումային արդարադատության նախագիծը վերջնական տեսքի բերելու աշխատանքներով: Խնդիրն այն է, որ Արդարադատության նախարարությունը պետք է այս տարվա ընթացքում արդեն ներկայացնի այն գործիքակազմը, որով գործի կդրվեն անցումային արդարադատության լծակները:
Թերթը տեղեկացավ, որ նպատակ կա առաջիկայում արդեն հստակեցնել փաստահավաք խմբի կազմը: Ինչպես հայտնի է, փաստահավաք խումբը պետք է զբաղվի 1991-2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերի ուսումնասիրությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ իշխանությունները նպատակ ունեն փաստահավաք խմբում ներառել լուրջ անձանց, եւ հնարավոր է, որ այս գործընթացին որեւէ մասնակցություն այդպես էլ չունենան օրենսդիրները, քանի որ պետք է խմբում լինեն շատ պրոֆեսիոնալ մարդիկ:
Եվ հետաքրքիր է, որ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը մարտի 6-ին Թունիսում մասնակցում էր անցումային արդարադատության վերաբերյալ գիտաժողովին: «Ամեն ինչ մեր ռազմավարությունում ֆիքսված է՝ այն ժամկետները, որի շրջանակներում մենք պետք է ներկայացնենք ամեն ինչ: Փաստահավաք խմբի հետ կապված՝ մենք նախագիծը կներկայացնենք, կտեղեկանաք, թե ինչի մասին է խոսքը»,- թերթի հետ զրույցում նշեց Գրիգորյանը»: