Նախագահի պատասխանը չի փարատել էկոլոգների մտահոգությունը
Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի փոխանցմամբ` օրեր առաջ իրենք ստացել են ՀՀ նախագահին ուղղված բաց նամակի պատասխանը:
Հիշեցնենք, որ այդ նամակում կապանցի բնապահպանները նշել էին Կապանի Նոր Աստղաբերդ համայնքում ոսկու որոնողական աշխատանքներ իրականացնելու համար «ԲԱՄՕ Մետալ» ընկերությանը տրված արտոնագիրը: Ըստ բնապահպանների` ընկերության գործունեության դեպքում վտանգվելու է Կապանի խմելու ջրի որակը: Ինչևէ, ի պատասխան նամակի` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը հայտնել է, թե «Կապանի ջրամատակարարման համար օգտագործվող «Գեղիի» ջրի մաքրման կայանի ջրընդունիչ կառուցվածքներից վերև գտնվող հանքավայրի ուսումնասիրության աշխատանքների կատարման հետևանքով գետի ջրի աղտոտման հնարավորությունների կանխարգելման նպատակով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և «ԲԱՄՕ Մետալ» ընկերության միջև կնքվել է հուշագիր»:
Նամակի մեջ նաև ասվում է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից առաջարկվել է հարցի բազմակողմանի ուսումնասիրության նպատակով ստեղծել հանձնաժողով: Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի փոխանցմամբ` այդ պատասխանն իրենց չի բավարարում, և շարունակում է մտահոգել ջրի աղտոտման խնդիրը:
«Եթե այնտեղ իրականացվեն որոնողական աշխատանքներ, հորատումենր անցկացվեն, հողային մակերեսային շերտը ոչնչացվի, ապա մենք չենք կարող երաշխավորել, որ ջրի որակական հատկանիշները չեն փոխվի: Նամակի պատասխանը չի փարատում մեր մտահոգությունները, քանի կնքված հուշագիրը ֆիկտիվ փաստաթուղթ է, և բացի դա, «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը Կապանի բնակչության մոտ սպառել է իր վստահությունը»,- ասաց Ա. Փարսադանյանը: