Գագիկ Մինասյանը խուսափում է կարծիք հայտնել Վարդան Այվազյանի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նյու Յորքի դաշնային դատարանը 37,5 մլն դոլարի վճիռ է կայացրել Վարդան Այվազյանի դեմ` հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի։ Քանի որ Վարդան Այվազյանից մեկնաբանություն ստանալ ոչ մի կերպ չհաջողվեց (նրա հեռախոսահամարները չէին պատասխանում կամ անհասանելի էին), 168.am-ն այս հարցի շուրջ փորձեց ճշտել նրա կուսակցական ընկերների կարծիքը։

«Ես կարծում  եմ՝ դուք նկատի ունեք այն մարդուն, ում անունը hetq.am-ը գրել է: Ես կարծիք ունեմ ձեր պահվածքի վերաբերյալ, քանի որ դուք պետք է դիմեք այն մարդուն, ում մասին ինֆորմացիա է գրված»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Այդուհանդերձ, ևս մեկ անգամ փորձեցինք մեկնաբանություն խնդրել կատարվածի վերաբերյալ` հաշվի առնելով, որ Վարդան Այվազյանը Գ. Մինասյանի կուսակիցն է: «Ես ձեզ տվեցի սպառիչ պատասխան»,- եզրափակեց Գ. Մինասյանը։
Գ. Մինասյանի այս ջղաձիգ պահվածքը, մեղմ ասած, զարմանալի է, քանի որ նա սովորաբար երբեք չի խուսափում կարծիքներ արտահայտելուց՝ նույնիսկ այն մարդկանց մասին, ում անձամբ չի էլ ճանաչում։ Օրինակ` Շառլ Ազնավուրի, ում հանրապետական պատգամավորը որակել էր՝ որպես «մեծ մարդ, ով երևի տեսողության հետ կապված խնդիրներ ունի»: Ինչ վերաբերում է «կարծիք կազմելու» մասին նրա արտահայտությանը, ապա նկատենք, որ աշխարհը հիմա հաստատ զբաղված է Գագիկ Մինասյանի ու նրա հանրապետական ընկերների մասին կարծիք կազմելով:

Տեսանյութեր

Լրահոս