«Առողջապահության նախարարի մակարդակով չպետք է ասենք՝ արխային եղեք. օրինակ, ես խորհուրդ չէի տա մասնակցել մարդաշատ ցույցերի՝ անկախ նրանից, որ Հայաստանում չկա վիրուսակիր»
«Նոր COVID-2019 տեսակի կորոնավիրուսով վարակվելու վախը Հայաստանում խուճապ չի առաջացրել: Հազարից մեկ են մարդիկ, ովքեր տագնապում են և ուզում են ասել, թե ժամանակի հետ համաքայլ են շարժվում, ու բժշկական դիմակներ են կրում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նրա կարծիքով՝ մարդկանց ոչ թե պետք է հանգստացնել, այլ խորհուրդ տալ զգույշ լինել:
«Խորհուրդ կտամ ռեալ գնահատել իրավիճակը: Տագնապ առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր ամենասովորական բանից էլ տագնապում են: Մի անեկդոտ կա. մեկը զանգում է բժշկին, թե հասեք՝ քաղցկեղով հիվանդ եմ: Հարցնում են, թե ինչպե՞ս իմացար, պատասխանում է, թե գրքում գրված էր, որ սկզբում որևէ նշանով չի արտահայտվում: Ամեն դեպքում, այս պահին ժողովրդի հետ հոգեբանական աշխատանք տանելու անհրաժեշտություն չկա: Մի կողմից՝ չի կարելի սրել տագնապը, մյուս կողմից էլ՝ չի կարելի հանգստացնել: Առողջապահության նախարարի մակարդակով չպետք է ասենք՝ արխային եղեք: Օրինակ, ես խորհուրդ չէի տա մասնակցել մարդաշատ ցույցերի՝ անկախ նրանից, որ Հայաստանում չկա վիրուսակիր»,- նշեց Սամվել Խուդոյանը: