«Թուրքիայում կա այն մտածելակերպը, որ Հայաստանը Արցախի հարցը լուծելուց հետո բարձրացնելու է Նախիջևանի, Կարսի և Արդահանի խնդիրը». Տաթևիկ Հայրապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ փետրվարի 25-ին Բաքվում տեղի ունեցած Էրդողան-Ալիև հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահի հնչեցրած հայտարարություններն առ այն, որ Արցախի հիմնահարցը ոչ միայն Ադրբեջանի, այլև իրենց հարցն է, նոր դիրքորոշում չէ, Թուրքիան դա որդեգրել է դեռևս 90-ականներին, և այն ժամանակ էլ թուրք քաղաքական գործիչների հայտարարությունները այդ տրամաբանության մեջ էին։
«Այստեղ մի կողմից՝ գործում է երկու պետություն մեկ ազգ կարգախոսը, մյուս կողմից՝ կարևոր է, որ Թուրքիայում կա այն մտածելակերպը, որ Հայաստանը Արցախի հարցը հօգուտ իրեն լուծելուց հետո, հետագայում բարձրացնելու է Նախիջևանի, Կարսի, նաև Արդահանի խնդիրները։ Այս մտածելակերպն արտացոլված է նաև իրենց 90-ականների ելույթներում, և ընթացող գործընթացները հենց դրա շարունակությունն են։ Մենք հայտարարել ենք, որ ոչ միայն Ադրբեջանին ենք տեսնում՝ որպես սպառնալիք, այլև Թուրքիան է մեզ համար հանդիսանում անվտանգային սպառնալիք՝ թե՛ իր գործողություններով, թե՛ հայտարարություններով, մեր անվտանգային գործողությունները նաև բխում են այդ հանգամանքը հաշվի առնելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Տաթևիկ Հայրապետյանը։
Ըստ պատգամավորի, Թուրքիան Նախիջևանում փաստացի մեծ վերհսկողություն ունի, շատերի կարծիքով՝ ավելի շատ, քան Ադրբեջանը։ Դրան զուգահեռ՝ նա տարածաշրջանում բավականին ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում։
«Ինքս ԵԽԽՎ-ում հետևում և տեսնում եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան ավտորիտար երկրների շարքում են, որոնք միայն խնդիրներ են հարուցում։ Ուստի մենք հայտարարել ենք, որ անվտանգության հարցում, որևէ զիջման՝ հետքայլի տեղ չունենք»,- հավելեց Տաթև Հայրապետյանը։
Անդրադառնալով 1988 թվականին Սումգայիթում հայերի ջարդերի 32-րդ տարելիցին, Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ այդ կոտորածը պատասխանն էր հայերի խաղաղ ցույցերին, որոնք կազմակերպվել էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում։
Նրա բնորոշմամբ՝ նման գործելաոճով Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ հայն իր համար թշնամի է, և չկա որևէ ձև ատելությունը մեղմելու համար։
«70 տարվա համատեղ խորհրդային անցյալն անգամ չօգնեց, որպեսզի խուսափենք նման վայրագություններից, որի շարունակությունն էլ հետագայում եղավ Գանձակում, Բաքվում, որը ջարդերի վերջին արարն էր»,- ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է Խոջալուի դեպքերին, Տաթևիկ Հայրապետյանը փաստեց, որ դրա հետ կապված կան նույնիսկ ադրբեջանական աղբյուրներ, որոնք հստակ նշում են, որ կատարվածը ադրբեջանական ներքաղաքական գործընթացների համատեքստում է կազմակերպվել։
«Խոջալուի օպերացիան պայմանավորված էր Ստեփանակերտը հումանիտար ճգնաժամից փրկելու անհրաժեշտությամբ, քանի որ Ստեփանակերտը ռմբակոծվում էր բոլոր կողմերից, և այդ գործողությունն անխուսափելի էր՝ Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը փրկելու տեսանկյունից։ Հայերը նախապես հայտնել էին հումանիտար միջանցքի տրամադրման մասին, հաճախ ադրբեջանցի պաշտոնյաները նշում են, որ տեղյակ չեն եղել, բայց չէին կարող տեղյակ չլինել։ Այն ժամանակվա նախագահ Մութալիբովի դեմ պայքարող Ժողճակատ կուսակցության ուժերը բնակչության մի մասին հումանիտար միջանցքից դուրս այլ ուղղությամբ են տարել, հետագայում այդ մեղքը բարդեցին հայկական կողմի վրա»,- ընդգծեց Տ. Հայրապետյանը։