«Մենք չպետք է հիանանք նրանով, որ ծրագրավորվածից ավելի ցածր գնաճ ունենք». Բագրատ Ասատրյան

1994-1998թթ. Կենտրոնական բանկի նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի խոսքով՝ իշխանություններն այսօր առավելապես խոսում են իրենց հաջողությունների մասին, մինչդեռ պետք է խոսեն այն անհանգստությունների ու խնդիրների մասին, որոնք առաջիկայում պետք է լուծեն: Տնտեսագետի գնահատմամբ՝ 2019 թվականը մեր տնտեսության հաջողված էջերից մեկն է:

«Այստեղ կան լավ բաներ, կան ավելի լավ բաներ և կան խնդիրներ, բացասական դրսևորումներ և կան պրոբլեմներ, որոնք այսօր կամ երեկ արդեն պետք է դրվեին՝ որպես քննարկման առարկա»,- ասաց Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ նախորդ տարվա զարգացումների ու ձեռքբերումների  մեջ մեծ դեր ու մասնաբաժին ունեն  հասարակությունն ու հասարակական սպասումները:

«Բացի քաղաքական դիրքորոշումներից, բացի խոստումներից, նախորդ տարի ինստիտուցիոնալ տեղաշարժեր չեն եղել: Կան առանձին միջոցառումներ: Եվ երբ նայում ենք տնտեսական ցուցանիշներին, ըստ ոլորտների՝ առաջնային զարգացում ապրել են այն ոլորտները, որտեղ հասարակության մասնակցությունն ավելի մեծ է, որտեղ հասարակության սպասումներն ավելի լայն դրսևորում են ունենում»,- նկատում է տնտեսագետը: Միևնույն ժամանակ՝ նշելով ծառայությունների ոլորտի, առևտրի դրական դինամիկան՝ հավելում է, որ սա «իշխանության առաջ լրջանալու պահանջ դնելու շատ լուրջ հայտ է»:

Բագրատ Ասատրյանի մեկնաբանությամբ՝ նախորդ տարվա զարգացման ցուցանիշներից չի երևում, որ տնտեսության անցած տարվա զարգացումները պետք է հիացնեն հանրությանը: 7.6%-ը շատ լավ է, բայց կան անհանգստություններ:

Տնտեսագետի համար անհանգստացնող է, որ 2019թ. ներմուծման ծավալը կրկին գերազանցել է արտահանումների ծավալին, անհանգստացնող է երկրում 11 ամիս պրոֆիցիտի առկայությունը, մի բան, որը չի կարող տեղի ունենալ տնտեսական զարգացման ձգտող երկրում:

«Մենք չպետք է հիանանք նրանով, որ արդեն որերորդ տարին է՝ ծրագրավորվածից ավելի ցածր գնաճ ունենք: Գնաճը տնտեսական աճի բաղադրիչներից մեկն է, տնտեսական միջավայրի նորմալ գործունեության բնութագրերից մեկն է, և պետք է հետևողական լինենք, որ այդ ցուցանիշները համապատասխանեն տնտեսական աճին ու ֆինանսների ընհանուր համամասնություններին»,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս