«Մեզ համար արտաքին քաղաքականությունը նույն սահմանի, ճակատի շարունակությունն է». Կիրո Մանոյան

Այսօր ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Հայ Դատի գրասենյակի ֆինանսական հարցերին անդրադարձավ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն խոսակցությունները, որ հայ որոշ մեծահարուստներ, ովքեր նախկին իշխանությունների օրոք Հայ Դատի գրասենյակին ֆինանսավորել են, այժմ չեն ֆինանսավորում, քանի որ իշխանությունները չեն հորդորում դա անել, և արդյունքում՝ Հայ Դատը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել, Կիրո Մանոյանը ոչ միանշանակ պատասխան տվեց: Ըստ նրա՝ Հայ Դատը ֆինանսական խնդիրներ միշտ է ունենում:

«Այս շրջանում, ոչ անպայման, կամ ոչ միայն՝ Ձեր ասած պատճառներով, թեև ասեմ, որ անցյալում էլ, երբ որ մարդիկ խոստանում էին, միշտ չէ, որ բոլոր խոստացված գումարները մենք կարողանում էինք հավաքել: Օրինակ, տարբեր ժամանակներում հաջողել ենք խոստացված գումարներից, Հայաստանից և այլ վայրերից կեսը կամ 60%-ը հավաքել: Ինչ վերաբերում է այլ պատճառներին, հիմա Մերձավոր Արևելքի որոշ երկրներ խնդիրներ ունեն, որտեղից ևս Հայ Դատի աշխատանքների համար բավական գումար էր ապահովվում: Այնպես չէ, որ աշխատելու հնարավորություն չունենք, բայց միշտ, եթե ավելի շատ գումար լիներ, ավելի շատ աշխատանք կկարողանայինք անել»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ երբ հրապարակեն վերջին հանգանակությունների ցուցակը, համեմատության արդյունքում պարզ կլինի, որ 2019 թվականի նոյեմբերին Բրյուսելում կայացած հանգանակությանը Հայաստանից մասնակցած մարդկանց թիվը բավական պակաս է, օրինակ, ըստ նրա՝ 2016 թվականի դեկտեմբերին Փարիզում կայացած հանգանակությանը Հայաստանից գոնե խոստումներով մասնակցած մարդկանց համեմատ:

«Մենք դա հատուկ բանի հետ չենք կապում: Փաստն այն է, որ մարդիկ կային, որ տալիս էին կամ առնվազն խոստանում էին, հիմա չեն տալիս կամ չեն խոստանում»,- ասաց Կ. Մանոյանը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը չի բացառում, որ դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ դժգոհ են իրենց աշխատանքներից, կամ գուցե այդ մարդկանց ֆինանսական վիճակը լավ չէ, կամ գուցե քաղաքական ճնշում կա այդ մարդկանց վրա, ու չեն ուզում Դաշնակցության հետ առնչվել:

Կիրո Մանոյանը նաև անդրադարձավ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ավելի քան 5 ժամ տևած հանդիպմանը: Նրա խոսքով՝ պետության հետ տարաձայնություններ միշտ են եղել, դեռ 1997 թվականից, երբ սկսել են իրենց գործունեությունը:

«Զարմանալի բան տեսնել պետք չէ: Տարակարծություններ կարող են լինել, բայց այնպես չէ, որ մենք իրար հետ չենք խոսում: Մեզ համար արտաքին քաղաքականությունը նույն սահմանի, ճակատի շարունակությունն է, և, ինչպես պաշտպանության գործում սակարկություն, ու անկախ մեր ներքին տարակարծություններից՝ արտաքին քաղաքականության մեջ սակարկություն չկա»,- ասաց Կիրո Մանոյանը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի բնորոշմամբ՝ փետրվարի 15-ին Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի «բանավեճը» բխում էր ոչ թե կողմերից որևէ մեկի շահերից, այլ կազմակերպիչների շահերից: Այդուհանդերձ, Կիրո Մանոյանը ճիշտ չի համարում այն տենդենցը, որով փորձում են Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքները փոխարինել Մյունխենում ՀՀ վարչապետի, այսինքն՝ կողմերից մեկի հնչեցրած դիրքորոշումների արդյունքում ձևավորված Մյունխենյան սկզբունքներով:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս