Բաժիններ՝

Չի կարելի արագ նվազեցնել քաշը

19-ամյա Անահիտը երկար ժամանակ շեյփինգի է հաճախել` քաշը նվազեցնելու նպատակով: Նա պատմում է, որ 3 ամսվա ընթացում 14 կգ քաշ է կորցրել, որից հետո դադարել է մարզասրահ հաճախել: «Երբ որ 14 կգ նիհարեցի, որոշեցի, որ շեյփինգի էլ չգնամ: Ինձ թվում էր` կմնամ իմ քաշին, բայց մի քանի ամիս հետո մոտ 26 կգ չաղացա»,- պատմում է Անահիտը:

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը նշում է, որ 1 ամսվա ընթացքում քաշի կորստի թույլատրելի սահմանը 3-5 կիլոգրամն է: «Եթե կորցրած քաշը գերազանցում է թույլատրելի նորման, ապա հիմնական վտանգներից է լյարդի վրա անբարենպաստ ազդեցությունը, մկանային հյուսվածքի հաշվին քաշի նվազումը, ինչպես նաև, կորսված քաշի դառնալիությունը: Այսինքն` ինքը նորից վերադառնում է նույն քաշին»:

Նրա հավաստմամբ` քաշի նվազումը պետք է լինի աստիճանաբար, որպեսզի առողջությունը դրանից չտուժի, հետագայում մարդը չվերադառնա իր նախկին քաշին: Երևանի շեյփինգի մարզիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ մարզվելու են գալիս հիմնականում երիտասարդ աղջիկները, քիչ չէ նաև ավելի մեծ տարիքով կանանց թիվը:

Մարզիչը նշում է, որ մարզվող աղջիկները մեկ ամսվա ընթացքում հիմնականում 5-6 կիլոգրամ են կորցնում. «Բացի մարզումները` աղջիկները հետևում են նաև սննդի օգտագործման կոնկրետ կանոնների, հաց առհասարակ չեն օգտագործում, հնարավորինս սահմանափակում են քաղցրի օգտագործումը, չեն ուտում նաև ժարիտ արած կերակուրներ»: Վ. Պետրոսյանն ասում է, որ որևէ սննդամթերքի օգտագործումը սահմանափակելու դեպքում այն պետք է փոխարինել նույն խմբի մեկ այլ սննդամթերքով:

Կարդացեք նաև

«Օրինակ, հացի օգտագործումը սահմանափակելու դեպքում անհրաժեշտ է այն փոխարինել հացահատիկային ուրիշ ուտելիքով: Երբ ֆիզիկական ակտիվությունը զուգակցվում է նաև սննդի փոփոխությամբ, մարդու քաշը նվազում է, ուղղակի ճիշտ կլինի, որ պրոֆեսիոնալ ու անվնաս խորհուրդներ լինեն»: Դիետոլոգը նշում է, որ շեյփինգը` որպես քաշ իջեցնելու միջոց, ողջունելի է և արդյունավետ. «Քաշի նվազեցման հիմնական միջոցներից մեկն ապրելակերպի փոփոխությունն է, իսկ շեյփինգը մեծացնում է ֆիզիկական ակտիվությունը, որը հանգեցնում է քաշի իջեցման»:

Նա խորհուրդ է տալիս արագ չնվազեցնել քաշը, ուտելիքները խիստ նվազեցնելու դեպքում անպայման օգտագործել վիտամիններ, հանքային աղեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս