Բաժիններ՝

«Գյուղացին, ով հույս ուներ, որ պետությունն ինչ-որ զիջումներ է անելու, դա էլ չի լինի: Էլի կրակի հետ են խաղում». Հրաչ Բերբերյան

ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ներդրվել է ապահովագրական համակարգի փորձնական ծրագիրը, որի  հիմքում ընկած է գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կայունությունը: Եթե 2019թ. աշնանը  2020 թվականի  գյուղատնտեսական սեզոնի համար «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարում» ռիսկերից ապահովագրվում էին 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող, ապա 2020 թվականի փետրվարի 5-ից ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ընդգրկվել են նաև խնձորը, դեղձը, աշնանացան գարի/ցորենը և գարնանային գարի/ցորենը:

Կարկուտի և հրդեհի դեպքում ընտրվել  է 6 մարզ՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ, իսկ գարնանային ցրտահարման դեպքում՝ 2 մարզ՝ Արարատ, Արմավիր:

Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանի փոխանցմամբ՝ խաղող, դեղձ և ծիրան մշակաբույսերը Արարատում և Արմավիրում հասանելի են բոլոր ռիսկերի համար, այսինքն, գարնանային ցրտահարում, կարկուտ և հրդեհ: Իսկ խաղող, դեղձ և հացահատիկային մշակաբույսերը կարկուտ և հրդեհ ռիսկի համար հասանելի են ՀՀ բոլոր մարզերում:

Ցրտահարության վերաբերյալ պայմանագրի ձեռքբերման համար վերջնաժամկետը փետրվարի 21-ն է: Խաղողի և ծիրանի համար կարկուտի  ու հրդեհի դեպքում  պայմանագրի վերջնաժամկետը մարտի 25-ն է: Խնձորը կարկուտի ռիսկերից ապահովագրելու համար վերջնաժամկետը ապրիլի 20-ն է, իսկ հացահատիկների համար վերջնաժամկետը մայիսի 1-ն է:

Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալի փոխանցմամբ՝ փետրվարի 14-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 200 ապահովագրական պայմանագիր, մեծամասնությունը Արարատ և Արմավիր մարզերում է: «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգ ներդնելու համար  պետք է ունենայինք բարեփոխված և կայացած ոռոգման համակարգ, որն այդպես էլ չարեցինք: Պետք է ունենայինք բույսերի պաշտպանության կայուն համակարգ,  որն այդպես էլ չենք անում, օրինակ՝ մորմազգիների ցեցի  դեմ այդպես էլ Կառավարությունը չի կարողանում պայքարել: Հաջորդը հակակարկտային ծառայությունն է, որն Արտակարգ իրավիճակների նախարարության  «վզին են փաթաթել», սակայն բոլորն էլ սկզբից գիտեին, որ չի աշխատելու: Եվ, եթե թվարկված պարամետրերն ապահովված չեն գյուղատնտեսության ոլորտում, ապահովագրությունն առնվազն դիլետանտի որոշում է,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Հիմա, որ մասսայական ցրտահարություն եղավ, այդ գումարները որտեղի՞ց են տալու, պետբյուջեի՞ց: Այսինքն, գումարները, որ կարող էինք տեղին օգտագործել՝ սուբսիդիաների ձևով, ցաք ու ցրիվ կլինեն: Մյուս կողմից էլ՝ այն գյուղացին, ով հույս ուներ, որ պետությունն ինչ-որ զիջումներ է անելու, դա էլ չի լինի: Այսինքն, այստեղ էլի կրակի հետ են խաղում: Գոնե ռիսկայնությունը պետք է հասցվեր մինիմալի, նոր սա ներդրվեր. սկզբից պետք է կարգի բերվեր հակակարկտային ծառայությունը:  Հիմնական վնասը տալիս  է ոռոգման համակարգը: Հայաստանում դեռևս այսպես է՝  քեռուս դաշտը պետք է ջրեմ, դրա համար մյուսներին ջուր չեմ տա: Ոռոգման համակարգի այդ մոնոպոլ վիճակն ու հակակարկտային ծառայությունն ուղղակի անպիտան են»,- հավելեց նա:

Նշենք, որ ծրագիրը կյանքի է կոչվել հայ-գերմանական աջակցության շրջանակներում. 5 միլիոն եվրո՝ Կառավարության, 5 միլիոն եվրո էլ՝ KFW բանկի կողմից տրամադրվել է զուտ գյուղատնտեսական ապահովագրության պայմանագրերի սուբսիդավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս