«Մեր զինվորների արժանապատվության համար պրոբլեմ է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ». Նիկոլ Փաշինյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, այսօր Արցախում երկու ժամկետային զինծառայող է զոհվել: Անցած 43 օրերի ընթացքում ոչ մարտական գործողության ժամանակ գրանցվել է 10 մահ, ընդ որում՝ 7-ը գրանցվել են վերջին 13 օրում:

«Ի՞նչ է տեղի ունենում բանակում»,- ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Այսօր մանրամասն զրույց եմ ունեցել և՛ պաշտպանության նախարարի, և՛ գլխավոր շտաբի պետի հետ: Իհարկե, ցանկացած դեպք շատ մեծ խնդիր է բոլորիս համար, առաջին հերթին՝ պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ բանակում ոչ մարտական ժամանակ եղած զոհերի հարցը հասկանալու համար անհրաժեշտ է «գնալ և տեսնել, թե մեր բակերում, մեր դպրոցներում երեխաներն ինչպես են շփվում»:

«Վերջերս զարմացա, երբ իմացա, որ ընդհուպ ԱԺ պատգամավորներ ասում են, որ գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների և ազգային ինքնության համար շատ կարևոր է»,- ասաց Փաշինյանը:

Ու կրկին անդրադարձավ իր վարչապետ դառնալուց հետո բանակում զինվորների վարտիքները փոխելու խնդրին: «Ի՞նչ խնդիր ունենք բանակում: Վարտիքի փոխելու խնդիր ենք դրել իմ վարչապետ դառնալուց հետո: Վարտիքները փոխվեց, հետո լվացքի մեքենաներով ապահովվեցին զորամասերը: Հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար պրոբլեմ է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ: Եվ եթե հանկարծ զինվորներից մեկը կրի մի վարտիք, որը լվացքի մեքենայի մեջ է հայտնվել ուրիշի վարտիքի հետ, դա կարա այդ զինվորի հետ մեծ պարզաբանումներ առաջացնելու խնդիր ստեղծի: Բայց այսօրվա իմ քննարկման հիմնական խնդիրն այն է, որ մենք այստեղ պետք է մինչև գենետիկ մակարդակում այդ պրոբլեմն ախտորոշենք: Ես պաշտպանության նախարարին էլ եմ ասել, շտաբի պետին էլ եմ ասել, իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է: Կասկած ես չունեմ»,- ասաց Փաշինյանը:

Վերջում վարչապետը հիշեց Քրեակատարողական  հիմնարկում իր անցկացրած տարիները՝ դա ևս ընդգրկելով բանակում ոչ մարտական իրավիճակում գրանցված զոհերի թեմայի մեջ:

«Ես հայտնի հանգամանքների բերումով Քրեակատարողական հիմնարկում եղել եմ ու տեսել եմ, թե ոնց են ինչ-որ հասկացություններով մարդկանց ոչնչացնում ոտի վրա, ջարդում, սարքում հողին հավասար»,- հարցի պատասխանն ավարտելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս