«Ես ակնհայտ փոփոխություն առանձնապես չեմ նկատել, բայց զգոնություն կա». Դավիթ Պեդանյանը՝ «բալային համակարգի» մասին
«Այլ մեքենայի պատճառով արված խախտումը վերագրվում է այն մեքենային, այսինքն՝ տուգանվում է այն մեքենայի վարորդը, որի պատճառով հարկադրված խախտում է արվել»,- 168.am-ի հետ զրույցում վարորդների անհանգստությունները փարատում է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը:
Ճանապարհային ոստիկանությունից օրեր առաջ հայտնել էին, որ մեկ ամսվա ընթացքում 138 վարորդ 1 տարով զրկվել է վարորդական իրավունքից՝ մեքենան ոչ սթափ վիճակում վարելու պատճառով:
Դավիթ Պեդանյանից հարցրինք՝ եղե՞լ են դեպքեր, երբ իրենց կազմակերպությանը դիմել են վարորդներ, որոնք համաձայն չեն եղել իրենց՝ բալերից զրկվելու պատճառների հետ:
«Վարորդական իրավունքից զրկված մարդիկ շատ կան, մի քանիսը մեզ դիմել են հեռախոսազանգով, բայց ընթացք չենք տվել, քանի որ տուգանվել են խմածության պատճառով, ու իրենք էլ դա խոստովանում են, այսինքն՝ չեն ասում, որ անարդարություն է եղել: Բալերն ավարտվելու պատճառով վարորդական վկայականից զրկվածների մասին Ճանապարհային ոստիկանությունը տեղեկատվություն դեռ չի տվել: Դժգոհություններ ստանում ենք ՃՈ-ից, չնայած ՃՈ ակտերի դեպքում բալեր պակասելու են միայն սեպտեմբերից: Վերջերս մի քանի դեպք է եղել, որ ՃՈ-ն ամրագոտու տուգանք է արձանագրել, որը սեպտեմբերի մեկ բալ է դառնալու, բայց վարորդները պնդում են, որ ամրակապված են եղել, պնդում են՝ ՃՈ աշխատակցի հետ երկխոսությունը չի ստացվել, այդ պատճառով տուգանել են»,- ասաց Պեդանյանը:
«Վարորդի ընկերը» զգուշացնում է, որ, եթե ստիպված եք եղել 2-րդ գծում սպասել, մինչև մեկ այլ մեքենա դուրս գա, և կայանեք, ապա պատրաստ եղեք, որ ձեզ կարող են տուգանել, միայն թե դա բողոքարկման ենթակա է.
«Եթե ձեզ տրամադրվել է 1 րոպեանոց տեսանյութ, որտեղ չի երևում, որ մեքենան դուրս է գալիս, և դուք կայանում եք, ապա կարող եք պահանջել ավելի երկար տեսագրությունը, որտեղ կերևա, թե ինչ է տեղի ունեցել, ամենայն հավանականությամբ՝ վերադասության կարգով դիմում գրելուց հետո կբեկանվի այդ տուգանքը»:
Մեր հարցին, թե «բալային համակարգը» դրական ազդեցություն ունեցե՞լ է քաղաքային երթևեկության վրա, Դավիթ Պեդանյանն այսպես պատասխանեց.
«Ցանկացած ռեֆորմ, որը բողոքի ալիք է բարձրացնում՝ մեծամասնության թե փոքրամասնության մոտ, կոնկրետ այս պարագայում դրանք տաքսու վարորդներն ու առաքիչներն են, այդ բողոքը բերում է նաև զգոնության, երբ այդ մարդիկ սկսում են դրանից խոսել, սկսում են նաև դրանից խուսափել: Շատերն են ասում, որ նկատելի փոփոխություն կա, ես ակնհայտ փոփոխություն առանձնապես չեմ նկատել: Բայց զգոնությունը հաստատ կա, որովհետև որ տաքսին նստում ես, տաքսիստը սկսում է բալայինից խոսել: Մի քանի ամսից կամ տարվա ավարտին միայն կարող ենք ասել՝ լա՞վ էր բալային համակարգը, թե՞ ոչ»:
«Բալային համակարգի» դեմ ցույցերի ժամանակ տաքսու վարորդներն ու առաքիչները դժգոհում էին, որ առաջին գծում միշտ կայանած են լինում մեծ թվով մեքենաներ, ինչի հետևանքով՝ իրենց աշխատանքը կատարելու համար ստիպված են լինում կայանել երկրորդ գծում: Դավիթ Պեդանյանը պնդում է՝ պետք էր ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել հարցին:
«Բողոքն արդարացված չէր, բայց մտահոգությունն արդարացված էր: Բողոքում էին, որ երկրորդ գծում կանգնում ես, տուգանվում ես, դե թող առաջ էլ բողոքեին, առաջ էլ էիր տուգանվում երկրորդ գծում կանգնելու համար: Այստեղ խնդիրն այլ է, թե իրենցից քանի՞սն են կոնստրուկտիվ մոտենում հարցին, քանի՞սն են ինչ-որ լուծումներ առաջարկում: Եթե բոլոր տաքսիստները համախմբվեին, կանգնեին-ասեին՝ մեզ մեկ րոպե երկրորդ գծում կանգնելու համար մի տուգանեք, շատ հնարավոր է, որ դրա համար չտուգանեին տաքսիստներին: Ոչ օֆիցիալ հաշվարկով՝ 50.000 տաքսիստ կա, նրանցից 10.000-ն էին լիցենզավորված, 40.000-ը ոչ մի բանի չէին մասնակցում, որովհետև լիցենզիայի փող չէին ուզում վճարել: Երբ մարդ անձնական շահով է նայում, ոչ մի բանի չի հասնի, երբ կոլեկտիվ են նայում, հնարավոր է ինչ-որ բանի հասնել: Իհարկե, պետք է պայմաններ ստեղծել, որ տաքսիստները կարողանան մարդ վերցնել, բայց, անկեղծ ասած, փոքր կենտրոնի կեսը տաքսիների կայանատեղիներ են, օրինակ՝ Օպերայի մոտ միայն տաքսիներին են թույլ տալիս կանգնել: Մտահոգությունն արդյունքի վերածելու համար պետք է համախմբվածություն լինի, և պետք է օրինական դաշտում աշխատեն»,- ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը: