Աշխարհում վիրտուալ աստղադիտակ է ստեղծվել
Աշխարհում վիրտուալ աստղադիտակ է ստեղծվել: Վիրտուալ աստղադիտակը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ցանկացած վայրից դիտումներ կատարել: Երբ միացնում ես համակարգիչը` այն նման է քո դիտակը միացնելուն: Ծրագիրն անվճար է, այն կարելի է ներբեռնել աշխարհի վիրտուալ աստղադիտարանի կայքից:
Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական վիրտուալ աստղադիտարանի ծրագրի ղեկավար Արեգ Միքայելյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը պարզապես ներբեռնելով համակարգչի մեջ` ողջ աշխարհով մեկ ցանկացած մարդ կարող է դիտումներ կատարել ցանկացած ժամանակ:
«Մինչ օրս ոչ մի դիտակ հնարավորություն չէր տալիս դիտման ժամանակ մի քանի տվյալներ միանգամից ստանալ, օրինակ՝ Օրիոնի միգամածությունն ուսումնասիրելիս միաժամանակ դիտել նաև ռադիոյում, և ինֆրակարմիրում, և ռենտգենում, և գերմանուշակագույնում, և այլն»,-ասաց Ա. Միքայելյանը՝ նշելով, որ դիտակի օգնությամբ կարող ենք միաժամանակ ուսումնասիրել տարբեր տվյալներ և նույնիսկ համեմատություններ կատարել՝ հետևել ժամանակային փոփոխություններին և այլն:
Տեղեկացնենք, որ աշխարհում գոյություն ունի Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանս, որը ստեղծվել է 2002 թվականին, Հայաստանը դրան միացել է 2005 թվականին:
Վիրտուալ աստղադիտարանի մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում: