«Երկու հարց եմ տեսնում՝ դա Արցախի հարցն է և ՌԴ-ի հետ թշնամացնելը: Կարծում եմ՝ սա է». Լարիսա Ալավերդյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը ողջունում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և առհասարակ երիտասարդների՝ քաղաքական դաշտ մտնելու որոշումը:

Իսկ թե որքանով նրան կհաջողվի այս պահին իր ետևից ժողովրդին կամ ժողովրդի որոշակի զանգվածի տանել՝ 168.am-ի հարցին, Լ. Ալավերդյանը պատասխանեց, որ ինքը քաղտեխնոլոգ չէ, ուստի նման կանխատեսում չի կարող անել, բայց շատ լավ է, որ, ովքեր ունեն քննադատական միտք և կարող են ինչ-որ բան անել, կուսակցություններ են ստեղծում:

«Իմ հույսը նրա վրա է, որ վերջապես մի քանի կետի շուրջ կուսակցությունները կմիավորվեն, որպեսզի վերջ տանք քաոսային զարգացումներին: Այսինքն՝ պետք է հստակեցնենք, որ քաղաքական դաշտում ստեղծվող կամ եղած կուսակցություններն առանձին չեն կարող ոչինչ անել: Թող մտնեն քաղաքական դաշտ, իրենց գաղափարներն ասեն, բայց վերջում կարողանան միավորվել»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով գործող իշխանություններին՝ Ալավերդյանը նշեց, որ, բացի ժողովրդի, հասարակության գիտակցության վրա ազդելու մանիպուլյացիոն տեխնոլոգիաներից, նրանք նաև օգտվում են թվային միֆոլոգիա ասվածից և իրենց գործողությունների համար պատահական օրեր չեն ընտրում:

«Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանի կայացման 24-րդ տարեդարձն էր, և հենց այդ օրն իրենք երեկ ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրեցին ՍԴ դատավորների հետ կապված: Այս քաղաքական կամ ապաքաղաքական խումբն ուզում է ամբողջությամբ ջնջել նախորդ պատմությունը և տեղը բերել իր ամսաթվերը՝ «Քաղաքացու օր» և այլն: Տեսանք, թե Բանակի օրն ինչեր եղան, մարդկանց «ասֆալտին պառկեցրին»: Սա տեխնոլոգիա է՝ ամսաթվերի միֆոլոգիզացիա»,- ասաց Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանն այս գործողությունները տեղավորեց սահմանադրական կարգի տապալման տրամաբանության մեջ: Իսկ հարցին, թե ինչպե՞ս կարող է ՍԴ-ն թույլ չտալ այս տապալումը, արդյո՞ք ունակ է դա անել, Ալավերդյանը պատասխանեց.

«Նա կարող է կայացնել մի որոշում, որ իրավունք չունեք, որովհետև թույլ եք տալիս այս, այս խախտումները: Բայց «նյութական» գործողությունը տեղի է ունենալու ի հակազդում այդ որոշմանը: Ի վերջո, հանրաքվեի անցկացման որոշումն ընդունվեց խախտումներով: Օրինակ, Աժ կանոնակարգը թույլ չէր տալիս, բայց արեցին, չէ՞: ՍԴ-ն ուժեղ է իրավունքի մեջ, բայց իր հետ չեն խոսում իրավունքի լեզվով, այլ բերում են լոմը, իսկ ինչպես ռուսն է ասում՝ «против лома нет приема, кроме как другого лома»: ՍԴ-ի դատավորները և ՍԴ-ն այդ լոմը չեն վերցնելու իրենց ձեռքը»:

Ըստ Ալավերդյանի՝ անգամ Եվրոպական դատարանը չի կարող ՍԴ դատավորներին վերադարձնել իրենց պաշտոններին, այլ ընդամենը փոխհատուցում է նշանակելու:

«Նա գործողությունների դաշտ չի կարող մտնել, ճիշտ այնպես, ինչպես ՍԴ-ն, որն  ամեն ինչ միայն անելու է օրենքի դաշտում՝ օրենքի մեկնաբանության տեսքով, իսկ նորմի կիրառումը գործադիր մարմինը կարող է, ՍԴ-ն չի կարող»,- ընդգծեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

168.am-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանն ակնարկեց, որ գործող իշխանությունները՝ հասնելով ՍԴ դատավորների հեռացմանը, ոչ միայն ուզում են ազատվել նախկին իշխանության ներկայացուցիչներից, այլև արտաքին ինչ-ինչ հարցեր են փորձում լուծել, ինչին ներկա դատավորները, բնականաբար, կխանգարեն:

«Ես երկու հարց եմ տեսնում՝ դա Արցախի հարցն է և ՌԴ-ի հետ թշնամացնելը: Ես կարծում եմ՝ սա է»,- պնդեց նա՝ կրկնելով, որ այս գործողությունները զուտ ներքաղաքական տրամաբանության մեջ չեն:

«Ոչ, և այստեղ է, որ կարծում եմ՝ մեր երկրի քաղաքական նշանակությունը չպետք է անտեսենք: Կրկնում եմ՝ չեմ կարծում եմ, որ միայն այն նպատակն է՝ պետք է տիրանալ նաև ՍԴ-ին»,- եզրափակեց մեր բանախոսը:

Տեսանյութեր

Լրահոս