«Մենաշնորհացումը շարունակվում է». Սուրեն Պարսյան
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2019-ի ավարտին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 4.2% նվազում է գրանցվել: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը պնդում է՝ դա նշանակում է, որ գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականությունը ձախողվել է:
«2019-ին թերակատարվել են կամ ձախողվել են գյուղատնտեսության ոլորտի բոլոր ծրագրերը, և այն պատճառաբանությունը, որ նախկինում թվերը նկարված են եղել, հիմա չեն նկարվում, իրականությանը չի համապատասխանում: Խաղողն են բերում՝ որպես պատճառաբանություն, բայց այն մթերվել է այնքան, որքան նախորդ տարիներին, կտրուկ փոփոխություն չի եղել, անասնապահության ոլորտում գլխաքանակի կրճատում ունենք, բուսաբուծության ոլորտում խնդիրներ ունենք, որոնք հստակ են, չափելի ու գնահատելի»,- փոխանցեց տնտեսագետը:
2019-ին մեր երկրի գրանցած 7.8 % տնտեսական աճը տնտեսագետը տպավորիչ ցուցանիշ է համարում՝ համեմատելով տարածաշրջանի այլ երկրների հետ: Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ամենամեծ աճը գրանցվել է առևտրի, ծառայության, արդյունաբերության ոլորտներում:
«Առևտրի և ծառայությունների ոլորտներում աճը պայմանավորված է ստվերի բացահայտմամբ: Այնպես չէ, որ մարդկանց կենսամակարդակը զգալիորեն ավելացել է, ու նրանք ավելի շատ են ծառայություններ մատուցել ու ապրանքներ ձեռք բերել, դրանք նախկինում եղել են, ուղղակի հիմա եկել է օրենքի դաշտ, ինչը միանշանակ ողջունելի է»,- ասաց Սուրեն Պարսյանը:
Միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարի աճել է 5.8%-ով: Տնտեսագետի գնահատմամբ՝ այս ցուցանիշը բավականին ցածր է: Սուրեն Պարսյանին անհանգստացնում է այն փաստը, որ պետական հատվածի աշխատավարձերն աճել են ավելի արագ, քան մասնավորինը, պնդում է՝ նման երևույթ վերջին շրջանում չի նկատվել:
«Սա խոսում է այն մասին, որ մեր պետական հատվածի աշխատավարձային քաղաքականությունն ըստ էության արհեստական է, կապված չէ արդյունքի հետ: Սա խնդիրներ է առաջացնելու հենց Կառավարությունում: Նախարարները, որոնք չունեն տարբերակված գնահատական իրենց կատարած աշխատանքին, որևէ մոտիվացիա չունեն՝ իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու ամբողջությամբ: Օրինակ՝ Էկոնոմիկայի նախարարությունը ձախողել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը 50-60 %, նա ևս ստանում է 1.5 մլն պարգևավճար, այն նախարարը, որը 100 %-ով է կատարել իր աշխատանքը, ևս 1.5 մլն պարգևավճար է ստանում»,- ասաց տնտեսագետը:
Սուրեն Պարսյանը լրագրողների հետ զրույցում պատմեց՝ իր բիզնեսմեն ընկերներից մեկի մասին, որի խոսքով՝ իր առևտրաշրջանառությունը պակասել է, ինքն էլ մտածում է, որ խնդիրը միայն իր մոտ է, քանի որ մյուսներն այդ մասին չեն խոսում, և տպավորություն է ստեղծվում, որ խնդիր չկա: Տնտեսագետն ասում է՝ սա իրեն հիշեցնում է Հանս Քրիստիան Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթը մերկ թագավորի մասին: Նրա խոսքով՝ ոլորտում շարունակվում է մենաշնորհացումը, փոքր ու միջին բիզնեսն էլ շուկայից դուրս է մղվում.
«Վառելիքի շուկայում բենզինի դեպքում 2019-ի ընթացքում 3 տնտեսվարող սուբյեկտներ ամբողջ շուկան վերցրել են իրենց ձեռքը, եթե նախկինում 96 % էր իրենց ձեռքին, հիմա 100 % է, դիզելային վառելիքի դեպքում՝ 97-ից նվազել է՝ 92 %, բայց դա տեղի է ունեցել արհեստական միջամտության միջոցով: Գործող իշխանությունների հետ կապի մեջ գտնվող «Գազօիլ» ընկերության սեփականատերը, որն այս ընկերությունը ստեղծել է 2019-ի հունիսին, սեպտեմբերին շահում է 2.4 մլրդ-ի պետական տենդեր՝ ՊՆ-ին մատակարարում անելու համար: Չունենալով որևէ փորձառություն, որևէ հիմք՝ այդ մատակարարումներն անում է նախորդ տարվա հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին: Համեմատության համար բերեմ օրինակ. Դիլիջանի քաղաքապետարանը նույն ամիսների համար տենդեր է հայտարարել և դիզելային վառելիք ձեռք բերել ավելի ցածր գնով»,- ասաց տնտեսագետը:
Սուրեն Պարսյանը կանխատեսում է, որ 2020-ի ամենամեծ մարտահրավերը լինելու է վառելիքի գինը, քանի որ, օրինակ՝ բնական գազի գինը սահմանված է միայն մինչև ապրիլ: Երկնիշ տնտեսական աճ տնտեսագետն այս տարի չի կանխատեսում, պնդում է՝ բավարար պայմաններ չկան: