«Եթե այդ պայմանավորվածությունը բերելու է մեր կործանմանը, ապա մենք այդ ամենը չենք իրականացնելու». Դավիթ Բաբայանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին

Հունվարի 29-ին և 30-ին Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։

Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը հրապարակվել է Արտգործնախարարության պաշտոնական կայքում։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Նրանք շեշտեցին արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը»։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը՝ նշեց, որ մշտապես ողջունել են նման հանդիպումները, դրանք դիտարկում են՝ որպես բանակցային խաղաղ գործընթացի շարունակականությունն ապահովող կարևոր մեխանիզմ, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար կարևոր գործոն։

«Մենք պետք է հասկանանք, որ իդեալական կարգավորման համար՝ համապարփակ ու վերջնական, դեռևս նախադրյալներ չկան, քանի որ կողմերն ունեն իրարամերժ պատկերացումներ, բանակցային գործընթացն ընթանում է խեղաթյուրված ձևաչափով՝ առանց Արցախի մասնակցությամբ։ Այս ամենը, ինչպես նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության պայթյունավտանգությունը հաշվի առնելով, նման  հանդիպումներն ինքնին մեծ ձեռքբերում են, քանի որ ապահովում են բանակցային գործընթացի շարունակականությունը, կայունությունն ու խաղաղությունը։ Այլ բան է, որ Ադրբեջանը, իրոք, պատրաստ չէ վերջնական կարգավորման, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը վերանայի իր մոտեցումները, վերանա հայատյացությունից, և այլն»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի պահպանմանը և այդ համատեքստում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն, Դավիթ Բաբայանն ասաց, որ բանակցությունների գաղտնիությունը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի նշանակում, որ լինելու են ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ, քանի որ այդ ամենն անհնարին է և ապագա չունի։

«Նախևառաջ համանախագահները պարբերաբար հայտարարում են, որ Արցախի հակամարտությունը չի կարող պարտադրանքի ձևով կարգավորվել, այսինքն՝ էվոլյուցիոն տարբերակ պետք է լինի, այլ ոչ թե ֆորս-մաժորային, պարտադրանքի կամ գաղտնիության սեպարատ լարվածությունների, դա անհնարին է։ Իսկ էվոլյուցիոն տարբերակում պահանջում է նաև ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության։ Այս ձևը 15-16 տարի առաջ նաև պաշտոնական Ստեփանակերտն է մտցրել, երբ ասել ենք, որ առանց ժողովուրդների մեկը մյուսի հետ պատմական խաղաղության կնքման, հնարավոր չէ հարցը վերջնական կարգավորել։ Իսկ հաշտության հասնելը միայն փաստաթղթով չէ, այսինքն՝ Ադրբեջանը պետք է վերանայի իր մոտեցումը։ Մեզ մոտ ատելության մթնոլորտ չկա ժողովրդի նկատմամբ, իսկ իրենց մոտ կա ատելություն և նացիզմ հայ ժողովրդի հանդեպ»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի շարունակականության համար խաղաղության և կայունության պահպանության կարևորությունը հաշվի առնելով, եթե բանակցսյին գործընթացի շուրջ սկսեն ամեն կետի մասին խոսել, ապա կարող է այդ ամենը պայթյունավտանգ քաղաքական վիճակ ստեղծել։

«Կրկնում եմ՝ չի կարող լինել պարտադրված և գաղտնի որոշում, այն անձը կամ քաղաքական գործիչները, որոնք կգնան նման քայլի, նրանք ապագա չունեն, սա պարզ է։ Գաղտնիությունն ուրիշ խնդիր է. դիվանագիտական այդ գործընթացներում կան նորմեր, որոնք պետք է պահպանվեն՝ այս տեսանկյունից եմ ես դիտարկում։ Բայց սա չի նշանակում, որ որևէ մեկը կարող է գաղտնի ինչ-որ բան պարտադրել, և վաղը գան ու ասեն, թե այս կամ այն պայմանավորվածությունն ունենք, որը պետք է իրականացնեք։ Եթե այդ պայմանավորվածությունը բերելու է մեր կործանմանը, ապա մենք այդ ամենը չենք իրականացնելու»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ ժնևյան հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այս տարվա առաջին հանդիպումն էր։

Տեսանյութեր

Լրահոս