«ԱԱԾ նախկին տնօրենի սպայի պատիվը թույլ չի տա՝ նա լռի, ասելու բան ունի, կարծում եմ, այս հարցով». Հրայր Թովմասյան

«Նախ ուզում եմ բոլորիցդ շնորհակալություն հայտնել, որ համակ ուշադրությամբ եք հետևում այս պրոցեսներին: Այս պրոցեսի հանրային վերահսկողությունն ինձ համար շատ կարևոր է: Ուզում եմ երկու բանի շատ կարճ անդրադառնալ: Երկու-երեք անգամ ես հրավիրվել եմ հարցաքննության, և այսօր տանն են ինչ-որ քննչական գործողություններ կատարել: Իմ խնդրանքը, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը, որ այդ ամբողջը տեսաձայնագրվի, որովհետև ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու: Իրոք, ցավ եմ ապրում դրա համար: Դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու, և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան, թե ով ի՞նչ ասաց, ինչո՞ւ ասաց, ո՞նց վարվեց, չի լինելու»,- իր բնակարանում ՀՔԾ-ի իրականացրած խուզարկության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը:

Վերջինս շեշտեց, որ միշտ կրկնելու է, որ այդ ամբողջ հարցաքննությունը տեսաձայնագրվի:

«Ինձ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մեր միջնորդությունները մերժելը՝ թե հարցաքննությունը, թե այսօր տան խուզարկությունը որ չձայնագրվի, որպեսզի հետո տարընթերցումներ ու տարբեր մեկնաբանություններ չլինեն»,- ասաց ՍԴ նախագահը:

Նա հավելեց նաև, որ իրավական կողմին ինքը չի անդրադառնա, դա կանի իր պաշտպանական խումբը:

«Բայց, ցավոք սրտի, այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում, իմ շուրջ, ՍԴ-ի շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են, և օրվա իշխանությունը ունի խնդիր՝ արագ ձերբազատվել ինձնից՝ որպես ՍԴ նախագահ, և այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, արդեն ակնհայտ, և դրա մասին այլևս իմ ասելով չի, որ ոչ միայն մեր հանրությունը, այլև միջազգային հանրությունը տեղյակ է դրանից: Ես սրա համար միայն ցավ եմ ապրում, որովհետև ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրն այս պարագայում երկրորդական-երրորդական է: Շատ ավելի կարևոր է ինձ համար երկրի հեղինակությունը, վաղվա օրը: Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ մսխել»,- նշեց ՍԴ նախագահը:

Հարցին, թե ինչո՞ւ իրենք չիրականացրին նկարահանում, Հրայր Թովմասյանը պատասխանեց՝ մեզ արգելվեց: Պատճառաբանեցին, որ քննչական գործողությունն արգելվում է տեսանկարահանել, ինքն էլ չի ուզում միջամտել քննչական գործողություններին:

«Ցավով ուզում եմ նշել, որ դուք տեսնում եք այս պրոցեսների ընդամենը 10 %-ը: ԱԱԾ նախկին տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց: Ես հուսով եմ, վստահ եմ, որ իր՝ սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքն այդ ամբողջի մասին լռի: Եվ այս ամբողջ պրոցեսները՝ ե՞րբ ենք սկսել, ի՞նչ է եղել, ինձ հետ ի՞նչ են խոսել, այդ ամբողջը կդառնա հանրության սեփականությունը: Եթե առ այսօր ես դրա մասին լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված: Եթե չեմ սխալվում, համաշխարհային պատմության մեջ վերջին անգամ, որ որևէ բարձրագույն դատական ատյանի ղեկավար քրեական հետապնդման է ենթարկվել, եղել է 1803թ. ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահը, որ հայտնի «Մերբերին՝ ընդդեմ Մեդիսոնի» գործով այդ որոշումը կայացրեց: Ես դիտարկում եմ, որ այս ամբողջը մի օր պետք է լիներ, և մի օր մի դատարան, մի դատավոր պետք է պայքարեր իր անկախության համար: Եվ սրանք, ուզում եք՝ զրկանք համարեք, ուզում եք՝ հետապնդում համարեք, իմ խաչն է, որ ես պիտի տանեմ»,- ասաց ՍԴ նախագահը:

Հարցին, թե ի՞նչ փաստաթղթեր կարող է ինքն ունենալ, որ հետաքրքիր է ՀՔԾ-ին, Հրայր Թովմասյանը պատասխանեց՝ ինչ-որ սեփականության վկայականներ:

«Հաշվի առնելով, որ ես չեմ ծանոթացել, ստույգ չեմ կարող ասել: Իմ փաստաբաններն ասում են՝ տվեք կարդամ դատարանի որոշումը, ասում է՝ ես կարդացի, դուք լսեցիք: Բայց սրա մասին ընդհանրապես անիմաստ է խոսել»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է՝ նոտարական գրասենյակների սեփականության վկայականներ էին փնտրում, ՍԴ նախագահը հակադարձեց. «Իսկ ձեր տան սեփականության վկայականը կարո՞ղ է մեր տանը լինել: Բնականաբար, ոչ»:

Հրայր Թովմասյանը հավելեց նաև, որ իր՝ ցուցմունք տալուց հրաժարվելը պայմանավորված է բացառապես նրանով, որ այստեղ ընդհանրապես իրավունք գոյություն չունի:

«Այս ամբողջի բուն նպատակը քաղաքական է և վատ քաղաքական է, որը ոչ միայն չի բխում իմ շահերից, ձեր շահերից, երկրում որևէ մեկի շահերից»,- ասաց ՍԴ նախագահը:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Հրայր Թովմասյանն ասաց նաև, որ Նիկոլ Փաշինյանի հետ այս ամենի մասին չի խոսել, նպատակ էլ չունի խոսելու:

«Ինչո՞ւ  է օրենքն ընդունվում արագացված ռեժիմով: Մեկն ինձ կբացատրի՞: Ի՞նչ է, պայթյո՞ւն էր տեղի ունեցել: Հարց երկրորդ՝ ինչո՞ւ 2 ամիս: Ինչ-որ պատահակա՞ն է այդ ժամկետը, երբ ինչ-որ գործեր պետք է լսվեն: Իսկ պատկերացնո՞ւմ եք երկրի վիճակը մի պահ, որ 7 հոգի հրաժարական տան: Հիշո՞ւմ եք՝ 1 տարվա ընթացքում 1 դատավոր ընտրվեց: Հիմա եթե 7 տարում 7 դատավոր ընտրվի, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի: Կարող է ընտրական վեճ լինել, պայմանագրեր լինել, մարդու խախտված իրավունքներ լինել: Այ ճգնաժամն այդ դեպքում կլինի»,- ասաց ՍԴ նախագահը:

Հարց հնչեց նաև, թե ինքն այժմ է՞լ չի գրելու վաղ կենսաթոշակի դիմումը:

«Մի տվեք ինձ հարցեր, որոնց պատասխանը դուք 100 տոկոսով գիտեք»,- նկատեց Հրայր Թովմասյանը:

Անդրադառնալով իր հեռախոսազրույցները գաղտնալսելու թեմային էլ՝ ՍԴ նախագահն ասաց՝ թող լսեն:

«Ես իմ ընկերներին եմ բազմաթիվ անգամ ասել՝ երբ որ խոսում եք, գրում եք, այն կանխավարկածով միշտ առաջնորդվեք, որ միշտ ձեզ լսում են: Կյանքը շատ ավելի հեշտ է այդ դեպքում լինում: Իմ կյանքի ռեժիմը չի փոխվել, իմ հեռախոսահամարները չեն փոխվել: Ես հանգիստ իմ կյանքով ապրում եմ: Բերման ենթարկել, կալանավորել… Այդ ամբողջն ինձ համար, անկեղծ եմ ասում, ինձ համար տասներորդական է: Մեր ՔԿՀ-ների վիճակն ավելի վատը չի, քան 3000 մետր, -20 ջերմաստիճանի դեպքում: Ապրել կարելի է»,- եզրափակեց Հրայր Թովմասյանը:

Տեսանյութեր

Լրահոս