Բաժիններ՝

Իտալացիները շահագրգռված են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներով

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  ընդունել է  Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին  և իտալական «Ֆինեստ» ֆինանսական հաստատության նախագահ Ռենատո Պույատիին, որոնց  ուղեկցում էին Հայաստանում ֆերմերային տնտեսությունների, ոռոգման, գյուղմթերքների արդյունաբերության ոլորտներում ներդրումներ կատարելու հեռանկարով հետաքրքրվող իտալացի մի շարք գործարարներ:

 

Ողջունելով հյուրերին` Սերգո Կարապետյանն անդրադարձել է այն ոլորտներին, ուր առկա են գործակցության հնարավորությունները:  «Շատ ուրախ եմ, որ իտալացի գործարարներին հետաքրքրում է  Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում համագործակցելու հեռանկարը: Պատրաստ ենք, ըստ ամենայնի, աջակցել իտալական ներդրումային ծրագրերի իրականացմանը մեզանում, մանավանդ, որ Հայաստանը ներդրումների համար գրավիչ և դեռևս ազատ  դաշտ ունի»,- նշել է նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Սկապինին  նշել է, որ իր երկիրն ունենալով զարգացած գյուղատնտեսություն, առավել ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Եվրոպայում գյուղատնտեսության միասնական քաղաքականության մշակման և իրականացման գործում:

«Նախկինում  ձեռք բերված պայմանավորվածություններն  ավելի գործնական հուն բերելու նպատակով,  այսօր ձեզ հետ հանդիպման ենք հրավիրել «Ֆինեստ» իտալական ֆինանսական հաստատության նախագահ Ռենատո Պույատիին և կոնկրետ գործունեության երեք գործարարների, որոնք ներկայացնում են ոռոգման, ջերմոցային համակարգերի և դեղագործության ոլորտները»:

 

Այնուհետև պատվիրակության ներկայացուցիչները հակիրճ ներկայացրեցին իրենց գործունեությունն ու ներդրումային հնավորությունները:

Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը իտալական կողմին առաջարկեց համակողմանի ուսումնասիրման համար ներկայացնել համագործակցության իրենց առաջարկներն ու հիմնավորումները, որին ի պատասխան` հյուրերը խոստացան հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել պահանջված տեղեկատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս