Բաժիններ՝

«Համերգներով հանդես պիտի գամ Գյումրիում և Երևանում». կանադահայ ջութակահար Ռուբեն Կոսեմյան

Ջութակահար Ռուբեն Կոսեմյանն ապրում է Կանադայում: Դաշնակահարուհի Նատալյա Մնացականյանի նվագակցությամբ նա տարբեր ելույթներով է հանդես գալիս Կանադայում և օտար հանդիսատեսին ներկայացնում նաև հայ նշանավոր կոմպոզիտորների:

Հայ ջութակահարը տարբեր պայմանագրեր ունի ամերիկյան, իտալական մի շարք ձայնագրման ստւդիաների հետ:

Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ՝ լույս է տեսել Կոսեմյանի փոխադրությունների ժողովածուն: Կանադահայ երաժիշտը 168.am-ի հետ զրույցում պատմել է իր երաժշտական ընտանիքի, ճանապարհի ու գործունեության մասին, նաև տեղեկացրել, որ հունվարի 21-ին և փետրվարի 13-ին համերգներով հանդես կգա Գյումրիում և Երևանում:

– Տեղյակ ենք, որ դեպի երաժշտության ճանապարհ Ձեր հայրն է ուղեկցել Ձեզ, ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը: Ի՞նչ ճանապարհ եք անցել:

– Հայրս և մայրս երկուսն էլ երաժիշտ են, իրենք սկսեցին հետս պարապել, այնուհետև ընդունվեցի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոց։ Սովորել եմ Մոսկվայում, այնուհետև 13 տարի դաս եմ տվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ելույթներ եմ ունեցել Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, Մեքսիկայում, ասիական երկրներում, Իրանում, ԱՄՆ-ում և Կանադայում։

– Քանի որ սկզբի մասին խոսեցինք՝ ո՞րն է եղել այն խորհուրդը, որը լսել եք երաժշտական աշխարհ մտնելիս ու մինչ օրս հիշում եք:

– Այնպիսի գաղտնիք չկա, որն իմանալով՝ ամեն ինչ միանգամից կստացվի։ Պետք է անընդհատ աշխատել։

– Ո՞րն է Ձեր ամենամեծ ներշնչանքը՝ իբրև արվեստագետ:

– Կարծում եմ՝ երաժշտություն, գեղանկարչություն։

– Հայ և օտար ստեղծագործողներից ո՞ւմ գործերն եք նախընտրում կատարել:

– Այս տարիների ընթացքում շատ տարբեր ստեղծագործություններ եմ կատարել։ Հիմնականում, ինչ որ գրվել է ջութակի համար, կատարել եմ, իսկ ինչը որ չեմ կատարել, ծանոթացել եմ։ Կան ստեղծագործություններ, որոնք նույնիսկ լավագույն կատարման դեպքում, միևնույն է, կարող են մեծ տպավորություն չգործել ունկնդրի վրա։ Երբ ընտրության առաջ եմ կանգնում, նախընտրում եմ լավագույն ստեղծագործությունները։

 – Իսկ ի՞նչ երաժշտություն եք նախընտրում լսել, և ի՞նչ գրքեր են այժմ Ձեր սեղանին:

– Լսում եմ դասական և ջազ։ Տվյալ ժամանակ ավելի շատ մասնագիտական գրականություն եմ կարդում։

– Հայաստանում նախատեսված համերգների մասին.  Ի՞նչ է սպասվում հայ հանդիսատեսին:

– Համերգներով հանդես պիտի գամ Գյումրիում և Երևանում: Համագործակցելու եմ Մարգարիտա Գրիգորյանի և Ալինա Հակոբյանի հետ:

Այս անգամ հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվի Յ. Բրամսի երկրորդ սոնատը ջութակի և դաշնամուրի համար, Ս. Ֆրանկի ջութակի սոնատը, Է. Բաղդասարյանի «Ռապսոդիան», Մ. Ռավելի «Գնչուհին» և Լ.Վ. Բեթհովենի «Կրեյցերյան» սոնատը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս