Սի Ցզինպինը Թրամփին շնորհավորել է չինական Ամանորի առթիվ
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա տիկին Մելանյային շնորհավորել է լուսնային տոմարով գալիք Ամանորի (այս տարի համընկնում է հունվարի 25-ին) առթիվ: Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարին ուղերձն ուղարկվել է ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջը համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։
Սի Ցզինպինը նշել է, որ «պատրաստ է սերտ կապեր պահպանել (Թրամփի հետ)», ինչպես նաեւ ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է ընդառաջ գնալու ամերիկյան կողմին»:
«Մեր (Սի Ցզինպինի եւ Թրամփի) ընդհանուր ղեկավարության ներքո չին-ամերիկյան հարաբերությունները նոր տարում կարող են էլ ավելի մեծ օգուտ բերել երկու երկրների ժողովուրդներին»,- գրել է Սի Ցզինպինը: Առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջը համաձայնագրի ստորագրման արարողությունը կայացել է հունվարի 15-ին Վաշինգտոնում: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: