«Եվրոպան պետք է պատրաստ լինի ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել աշխարհում». Մերկել
Եվրոպան պետք է պատրաստ լինի ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել համաշխարհային քաղաքականության մեջ եւ զարգացնել իր ռազմական ներուժը, քանի որ ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունները շարունակում են փոխվել: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 15-ի երեկոյան Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում։
«Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի ուշադրությունը թուլանում է, եւ այդպես կլինի ցանկացած նախագահի դեպքում,- ասել է Մերկելը:- Ուստի մենք բոլորս Եվրոպայում եւ հատկապես Գերմանիայում, պետք է ավելի մեծ պատասխանատվություն վերցնենք մեզ վրա»:
Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաեւ ռազմական ոլորտին, որտեղ Եվրոպան պետք է մեծացնի իր ներուժը եւ ավելացնի ռազմական ծախսերը՝ դրա համար օգտագործելով ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելին, ինչը նախատեսված է դաշինքի հանդեպ անդամների պարտավորություններով: «եվրոպան նաեւ պետք է պատրաստ լինի, եթե դա անհրաժեշտ է, միջամտել (արտասահմանում հակամարտությունների լուծմանը):
Դրա օրինակը, ըստ իս, Աֆրիկան է»,- ասել է Մերկելը՝ հիշեցնելով Բունդեսվերի մասնակցությունը միջազգային առաքելություններին Աֆղանստանում, Մալիում, Սենեգալում եւ Սոմալիում: Ընդսմին կանցլերն ընդգծել է, որ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը կշարունակվի եւ մեծ նշանակություն կունենա «հատկապես հիմնարար հարցերի լուծման ոլորտում, որոնք վերաբերում են համաշխարհային արժեքներին ու շահերին»: Նրա խոսքով՝ միջազգային քաղաքականության մեջ Գերմանիայի եւ Եվրոպայի հաջողության գրավականը կլինի Եվրամիության միասնությունը, քանի որ «Գերմանիան չափազանց փոքր է, որպեսզի ինքնուրույն էական աշխարհաքաղաքական ազդեցություն գործի» աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: