Փոփոխություններ դիվանագիտական ոլորտում․ ինչ է առաջարկել Միքայել Մելքումյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում: Այժմ գործող օրենքում ամրագրված է, որ դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են մինչեւ չորս տարի ժամկետով, իսկ Մելքումյանն առաջարկում է այն դարձնել հենց չորս տարի, որը, սակայն, կարող է կա՛մ կրճատվել, կա՛մ երկարաձգվել, բայց 2 տարուց ոչ ավելի ժամկետով:
Նաեւ Մելքումյանն առաջարկում է ամրագրել, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո դիվանագետը առնվազն 2 տարի պետք է աշխատի Արտաքին գործերի նախարարության համակարգում, որից հետո միայն կարող է նշանակում ստանալ մեկ այլ երկրում: Հիմնավորման մեջ պատգամավորը նկատում է, որ այդպես հնարավորություն կտրվի՝ ե՛ւ աշխատակազմի, ե՛ւ դիվանագիտական կորպուսի ղեկավար կազմը պարբերաբար թարմացվի, եւ նույն մարդիկ անընդհատ չնշանակվեն տարբեր երկրներում:
Մելքումյանի առաջարկած փոփոխությունն իր մեջ նաեւ օբյեկտիվ դժվարություններ է պարունակում: Բանն այն է, որ հաճախ կան երկրներ, որտեղ մեկ անձի կողմից 4 տարի դեսպանի պաշտոնը զբաղեցնելուց հետո կարող են դժվարություններ առաջանալ, եւ եւս որոշ ժամանակ անհրաժեշտ լինի՝ կապեր ձեռք բերելու, աշխատանք կատարելու համար:
Իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո երկու տարով հեռանալը եւ նրա փոխարեն ուրիշին նշանակելը կարող է լրացուցիչ ծանրաբեռնվածության պատճառ դառնալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: