Բաժիններ՝

«Արդարություն չեմ տեսնում, փոխարենը՝ իշխանությունն ինքն իրեն պարգևատրում է՝ իբրև լավ աշխատանքի համար». «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ տեղադրել է տեսանյութ և կից գրել է, թե ցավում է, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «արցունքներն անկեղծ չեն եղել»։

«Ես Տիկին Աննային հանդիպեցի հրապարակում, հեղափոխության օրերին, երբ ես խոսում էի բեմից, նա լաց էր լինում, ես այնքան եմ ցավում, որ այս արցունքները իրական չէին, ես այնքան էի հավատում, վստահում, մի օր այցելել էի իրեն և ասացի, որ երբեք չեմ մոռանա Ձեր արցունքները։ Բայց շատ եմ ցավում, որովհետև այդ ամենը ընդամենը իշխանության գալու համար էր։ Այդ օրերին դեռ Սերժ Սարգսյանը հրաժարական չէր տվել, ամենալարված և վտանգավոր օրերն էին, անորոշություն էր մարդկանց համար, Ռուբինյանը հայտարարում էր վախեցած, որ շուտով իրեն էլ են ձերբակալելու, ինձ բազմաթիվ զանգեր էին եղել և ասել, որ չխառնվեմ հեղափոխության գործընթացներին, բայց ես տեսա, որ մարդիկ նեղության մեջ են, պայքարում են, և արհամարհեցի բոլոր վտանգները, անջատեցի հեռախոսս և մինչև վերջ պայքարեցի, Տիկին Աննայի հետ Ֆեյսբուքով շփվում էինք, մի անգամ էլ հանդիպել եմ և ասել, որ ամեն ինչ կանեմ, միայն իմ ազգին ոտքի կանգնեցրեք, օգնեք, որ ազգը տառապանքներից դուրս գա։

Երբ իրենք կատարյալ կերպով անցան իշխանության, էլ նամակներին չպատասխանեցին և սկսեցին անհասանելի լինել ինձ համար։ Ես Տիկին Աննային լավ ընկեր էի ինձ համարում, հիմա էլ որպես մարդ՝ չարացած չեմ, բայց այնքան մեծ ցավ եմ ապրում, որ այդ ազնվությունս, նվիրվածությունս շահագործվել է միայն մի բանի համար՝ իշխանության գալու»,- գրել էր Մանուել Մանուկյանը։

168.am-ի հետ զրույցում Մանուել Մանուկյանն ասաց, որ հիասթափված է, քանի որ հեղափոխությունից հետո սպասում էր, որ իշխանությունը կկանգնի անպաշտպան ու թույլ խավի կողքին, նաև այն անպաշտպան երեխաների, որոնք այսօր անտուն են։

«Նայում եմ, որ Հայաստանի տարբեր հատվածներում կան դղյակներ, որտեղ որևէ մեկը չի ապրում, մինչդեռ չքավոր խավի երեխաներն իրենց գլխին կտուր չունեն։ Ես արդարություն եմ ուզել, և իմ պայքարը եղել է այդ արդարության համար։ Այսօր ես արդարություն չեմ տեսնում, փոխարենը՝ տեսնում եմ, որ իշխանությունն ինքն իրեն պարգևատրում է՝ իբրև լավ աշխատանքի համար, ու ասում են, թե այդ ամենն անում են, որ պաշտոնյաները կաշառք չվերցնեն։ Ես էլ ասում եմ, որ հեղափոխության հենց սկզբից իրենք ներկայացել էին՝ որպես նվիրյալներ, այսօր պետք է փողը նրանց համար ոչինչ լիներ»,- նշեց Մ. Մանուկյանը։
Նա նաև ընդգծեց, որ շատ են հնչում տեսակետներ, թե դեռ 2 տարի է անցել հեղափոխությունից, պետք է սպասել, որպեսզի փոփոխությունները տեսնեն, հիմա կարո՞ղ է սոված երեխային գնալ ու ասել, որ սպասի, մի քիչ էլ սպասի։

Նա նաև հավելեց, որ վարչապետը որևէ կերպ չի արձագանքել իրենց հայտարարությանը, այն է, որ իրենց մոտ կա փաստաթուղթ, որը ցանկանում են տալ վարչապետին՝ լրագրողների ներկայությամբ։

Հիշեցնենք, որ նոյեմբերին «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ-ի ներկայացուցիչներն Ազատության հրապարակից քայլերթով եկել էին Կառավարության մոտ՝ վարչապետի հետ հանդիպելու և նրան թղթապանակ հանձնելու համար, որը, ըստ նրա՝ կարևոր փաստաթղթեր է պարունակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս