«Եթե վարչապետը պետության անվտանգության համար մտահոգված է, ապա պետք է ճանապարհներ փնտրի ծանոթանալու այդ թղթերի հետ». Ապրիլյան պատերազմի մասնակից
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ-ի ներկայացուցիչներն այսօր Ազատության հրապարակից քայլերթով եկել էին Կառավարության շենքի մոտ՝ պահաջելու, որպեսզի կառավարման համակարգից հեռացվեն բոլոր այն անհատները, որոնք վտանգում են հայոց լեզուն ու ազգային արժեքները։
Նրանք իրենց հետ բերել էին փակ թղթապանակ, որը սկզբում հրաժարվեցին բացել՝ ասելով, թե պատրաստվում են հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Սակայն Կառավարության անդամներից որևէ մեկն այդպես էլ նրանց չմոտեցավ, որից հետո նրանք հայտարարեցին, որ դադարեցնում են ակցիան և Կառավարության կողմից սպասում պատասխան քայլի։
«Եթե Կառավարության անդամները մտահոգ են Հայաստանի համար, թող իրենք ճանապարհներ փնտրեն՝ այդ թղթապանակի պարունակությանը ծանոթանալու համար։ Եթե վարչապետը պետության անվտանգության համար մտահոգված է, ապա պետք է շահագրգռված լինի և ճանապարհներ փնտրի ծանոթանալու այդ թղթերի հետ։ Ցանկացած արձագանք, որը կլինի կառավարության կողմից, պետք է լինի մեր պահանջներին ու կետերին համապատասխան։ Նրա հետ հանդիպումը պետք է լինի լրագրողների ներկայությամբ ու հանրային ձևով՝ բաց ու թափանցիկ, սա է հանդիպման մեր պահանջը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մանուել Մանուկյանը։
Զվարթ Խաչատրյան