Արփինե Բեկջանյան. «Եթե մենք այսօրվա աղբից էլ վատն ենք, ուրեմն թող էլի չլինենք եթերում»

Երգչուհի Արփինե Բեկջանյանը շատ քիչ է երևում հեռուստաեթերում: Նույնիսկ կարծիք կար, որ նրա առջև որոշ պատնեշներ դրվեցին, որի պատճառով նա լքեց շոու-բիզնեսը: Ա. Բեկջանյանը երգում է երևանյան ակումբներում: 168.am-ը զրուցեց երգչուհու հետ` պարզելու համար, թե ինչո՞վ է նա այսօր զբաղվում:

–  Ինչո՞ւ հանդիսատեսն այսօր Արփինե Բեկջանյանին չի հանդիպում եթերում:

– Ժամանակին արհեստական արգելակներ ստեղծվեցին, արհեստական պատնեշ շարեցին որոշ երգիչների առջև: «Սև ցուցակ» կոչեցյալը գոյություն ունի, ու այդ «սև ցուցակ» ստեղծողը տարիների ընթացքում ստեղծեց իր մոնոպոլիան: Այսօր եթերում այն երգիչներն են, ովքեր նրա հովանավորության ներքո են գործում: Այդ պատճառով որոշ երգիչներ, ովքեր ժամանակին մեծ ճանաչում են ունեցել, այսօր չկան հեռուստաեթերում, ստվերում են: Ես մենակ չեմ, ինձ հետ երգիչ-երգչուհիների մի մեծ բանակ կա, ովքեր այսօր եթերից բացակայում են: Բնականաբար, այս խոչընդոտները բերում են նրան, որ պահանջարկ չի լինում, իսկ համերգներին այսօր կանչում են առավել ճանաչված երգիչ-երգչուհիներին: Մնացածներին այլևս հաշվի չեն առնում: Ես էլ եմ դրանց շարքում: Դա է պատճառը, որ եթերում չեմ երևում:

Այսօր քեզ համար շոու-բիզնեսում հայտնվելն առավել դժվար չի՞ լինի:

Կարդացեք նաև

– Այո, դժվար կլինի, որովհետև ժամանակին իմ դեմ փակ դրեցին, ես չկարողացա այս ընթացքում այն գումարը վաստակել, որ կարողանայի ներդնել՝ ավելի լավ բան ստանալու համար: Եթերում երևալու, տեսահոլովակ նկարելու համար գումար է պետք, իսկ հիմա «թվերն» աճել են: Ես այսօր չեմ կարողանա իմ տեսահոլովակը պտտեցնել եթերում այնպես, ինչպես անում են ներկայիս երգիչ-երգչուհիները: Իրենք կարող են, ես չեմ կարող: Մեծ-մեծ գումարներ են: Ես այդքան գումար չունեմ, և ունենալու դեպքում էլ՝ չեմ պատրաստվում տալ՝ ինձ եթերում ցույց տալու համար: Այսօր ես այդ գումարը կօգտագործեմ ընտանիքիս կարիքների համար:

Որևէ քայլ չե՞ս ձեռնարկում եթերում կրկին երևալու համար:

– Ճիշտն ասած` հիասթափված եմ՝ ինչ-որ բան անելու համար: Ես շատ եմ սիրում իմ գործը, թեև ինձ չեմ համարում պրոֆեսիոնալ երգչուհի: Իմ կարգավիճակով այսօր եթերում շատ երգիչներ կան` իմ կարգի, իմ ռանգի երգիչներ, կան շատ ավելի վատերը, որոնք այսօր եթերում են: Կան ավելի լավերը, որոնք ստվերում են: Ես միջակ երգչուհի եմ, ես դա չեմ թաքցնում: Բայց իմ հնարավորություններն ինձ ներում են կենդանի կատարումով մենահամերգ անցկացնել: Պարզապես ոչինչ չեմ ուզում անել: Առավելագույնը, որ կանեմ` իմ հաճույքի և երկրպագուների համար մի ձայնասկավառակ կթողարկեմ, որը շատ վաղուց պատրաստում եմ: Գործիքավորումը դեռ տարիներ առաջ ամբողջությամբ պատրաստ էր: Չեմ էլ տրամադրվել ինչ-որ բան անել, բայց երևի ինչ-որ բան կմոգոնեմ, որ ես ինձ լավ զգամ, ոչ թե մի բան անեմ, որի համար վաղն ինձ կքննադատեն: Ես, իհարկե, թքած ունեմ կարծիքների վրա: Պարզապես գումար է անհրաժեշտ: Իմ կոլեգաները շատ գումար են ծախսում: Իրենք կարողանում են հովանավոր ճարել, բայց ես չեմ կարող դուռ թակել և ասել՝ ինձ ֆինանսավորեք: Եվ չեմ կարող հարուստ սիրեկան ունենալ, որ ինձ հովանավորի: Ես ունեմ ընտանիք և ես նվիրված եմ իմ ընտանիքին: Ես համարում եմ, որ ավելի լավ է՝ չերևամ եթերում, քան երևամ այդ կարգավիճակով: Այդքան գումար չեմ վաստակում, որ կարողանամ ինքս վճարել եթերում երևալու համար: Հենց ունեցա՝ հաստատ կլինեմ եթերում: Եթե կան երգիչներ, որոնց առանց ոչ մի բանի են եթեր թողնում, ինչի՞ ես չեմ կարող: Դրա համար արդեն հատուկ, մեծ «օճառ» է պետք: Ես այդ «օճառն» էլ չունեմ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր երգիչ-երգչուհիները միմյանց հաճախ են քննադատում անորակ կատարումների համար: Դա, ըստ քեզ, ճի՞շտ է:

– Կարծում եմ՝ մեկս մյուսիս չպետք է քննադատենք: Թող ժողովուրդն ընտրի… ախր ժողովրդի ճաշակն էլ այն չէ, լիարժեք ճաշակ չէ: Ամեն ինչ պետք է լինի, բայց այդ ամենը պետք է զտվի, մաքրվի: Ինչպես էր Սովետի ժամանակ` քննադատներ գոյություն ունեին, ովքեր որոշում էին՝ ովքեր հայտնվեն եթերում: Այդ զտումը կար, այդ միջինը կար, թեկուզ ուներ փոքր դիապազոն, բայց մարդն անհատականություն էր: Ինչ տալիս են` այն էլ ժողովուրդը վերցնում է: Կա շատ լավը և շատ վատը, միջինը չկա: Կոլեգաները միմյանց չպետք է անուն կպցնեն, որովհետև այդ նույն լավի մեջ էլ կարելի է շատ բացասական գծեր գտնել: Իրենք կարող է ձայնագրությամբ շատ լավ երգեն, բայց կենդանի համերգի համար չձգեն:

Քո ամուսինն էլ է երգարվեստում` Արման Էլբերտը, չե՞ք համագործակցում:

– Նա իր ուղղվածությունն ունի, ես` իմը: Ես նախընտրում եմ էստրադային կատարումները, նա երաժշտության մեջ այլ նախասիրություններ ունի: Մենք այդ առումով անհամատեղելի ենք: Բայց մեծ ցանկություն ունենք միասին ինչ-որ բան կատարելու, եթե դրան կարողանանք ժամանակ տրամադրել: Մեզ համար գրվել է շատ գեղեցիկ մի երգ: Ցանկությունս մեծ է միասին երգելու, ուղղակի չեմ համարձակվում: Երբ որ կզգամ, որ վոկալային առումով պատրաստ եմ իր կողքին լինել և խայտառակ չեմ լինի, այդ ժամանակ ես պատրաստ կլինեմ կանգնել իր կողքին և երգել:

Ունե՞ս երգեր, որ կատարում ես միայն ակումբային հանդիսատեսի համար:

– Առհասարակ ակումբային աշխատանքը պահանջում է այնպիսի երգեր, որոնք մարդիկ լսել են, սիրում են: Հիմնականում այդ երգերն եմ կատարում: Նման կարգի տեղերում երգում ես այնպիսի երգեր, որոնց մասսան ծանոթ է:

–  Հնարավո՞ր է, որ մի օր ունկնդիրը քեզ ակումբներում էլ չլսի:

– Ակումբներում երգելը թողնելը շատ ցավալի կլինի ինձ համար: Բոլորն էլ ասում են, որ երգելն իրենց կյանքի իմաստն է, և, այո՛, երգելն իսկապես իմ կյանքի իմաստն է: 22 տարի այս ասպարեզում լինելը քիչ ժամանակ չէ: Այդ տարիներն ինձ համար եղել են մեծ ձեռքբերումների, ուսման տարի, և թողնել այդ ամենն անցյալում` չեմ կարող: Բացի այդ, էլ չեմ պատկերացնում, թե ուրիշ ինչով կկարողանամ զբաղվել: Ամուսինս մեկ-մեկ ասում է, որ զզվել է ամեն ինչից: Իսկ ես «թքած» ունեմ, կոպիտ է հնչում, բայց այդպես է: Կարևորը, որ ես երգեմ ու բեմում լինեմ: Գուցե տարիներ հետո, երբ զգամ, որ ինձ չեն ընկալում, չեն սիրում, ինչ-որ բանով կզբաղվե՞մ… Բայց այդ թեմայի մասին խոսելն ու մտածելն ինձ համար ցավոտ է: Ճիշտ է, ամուսնացել եմ, բայց ինձ հաջողությունը ընտրությանս հարցում ժպտացել է: Ես միշտ փնտրել եմ մեկին, ով իմ կյանքում ինձ կաջակցի, իմ աշխատանքում իմ համախոհը կլինի, կլինի երգիչ-երաժիշտ, որ ինձ հասկանա: Իմ բախտը բերել է, ես չեմ դժգոհում: Ես ստիպված չեմ եղել կարիերաս զոհաբերել հանուն ընտանիքիս կամ՝ հակառակը: Ես համատեղում եմ այդ ամենը և դրանով երջանիկ եմ: Կարևորը` անտաղանդ մարդ չէ իմ կողակիցը, որովհետև այս ասպարեզում կան շատ անտաղանդներ, որ իրենց կողակիցներին առաջ են տանում: Իմ կողակիցն իսկապես լավ մասնագետ է:

Այսօր հանրությունն ի՞նչ է պահանջում կատարողից:

– Տարբերություն` իմ ժամանակվա շոու-բիզնեսի և այսօրվա ներկայացուցիչների մատուցածի մեջ, հավատացեք, չկա: Այն ժամանակ էլ էր մեր հասարակությունը ռաբիս սիրում: Մեր արյան մեջ է երևի: Հայկական ֆոլկը կա: Գուցե քչերն էին լսում, բայց լսում էին: Հիմա ավելի շատ են լսում: Հիմա եթերում աղբը շատ է, թող ներեն ինձ բոլոր նրանք, ովքեր, հնարավոր է, որ նեղվեն իմ խոսքերից, բայց այդ ամենը չի կարելի եթեր թողնել: Չեմ համարում, որ իմ կոլեգաները կամ ես այնքան աղբ էինք երգում, որ մեզ եթերից կտրեցին: Ժամանակին ազատ մրցակցություն գոյություն ուներ, թող հիմա էլ լինի: Այն ժամանակ մրցակցությունը փոքր էր, բայց կար: Գոյություն ուներ Երգի պետական թատրոնը և «Արձագանք» ստուդիան: Չեմ խոսում ռաբիս երգիչների մասին, նրանք էստրադայի հետ կապ չունեին, բայց այսօր էստրադան էլ է եթերում, ռաբիսն էլ: Ամեն ինչ կա եթերում, բայց չկանք մենք: Եթե մենք այսօրվա աղբից էլ վատն ենք, ուրեմն թող էլի չլինենք եթերում:

Լուսանկարները` Սերժ Դավիդովի

 

 

Տեսանյութեր

Լրահոս