Դինային հպարտ է լինել «Ավրորա»-ի ուղերձի մի մասը. հարցազրույց դափնեկրի հետ

«Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի կյանքում մրցանակը ստանալուց հետո շատ բան չի փոխվել, ներքուստ ստացել է միայն մարդասիրական աշխատանքը շարունակելու ավելի մեծ պատասխանատվություն, իր գործը ողջ աշխարհի համար անելու ցանկություն: «Արմենպրես»-ը զրուցել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 4-րդ դափնեկիր Միրզա Դինայիի հետ:

-Պարոն Դինայի, դուք «Ավրորա»-ի այս տարվա դափնեկիրն ենք, սպասո՞ւմ էիք նման մրցանակի, և այդ մրցանակն ի՞նչ փոխեց ձեր կյանքում, աշխատանքում:

-Ես շատ հպարտ էի՝ լինելու «Ավրորա»-ի կողմից ընտրված երեք մարդասերներից մեկը: Շատ բավարարված էի, որ իմ մարդասիրական աշխատանքն ընդունվել ու ճանաչվել է «Ավրորա»-ի կողմից: «Ավրորա»-ի մրցանակն ինձ ներքուստ տվեց աշխարհում մարդասիրական աշխատանք անելու ավելի մեծ պատասխանատվություն: Մեծ փոփոխություններ չեղան, ես գրեթե միշտ օրվա մեջ 18 ժամ զբաղված եմ տարբեր հարցերով: Սակայն, բացի Իրաքում եզդիների համար արվող մարդասիրական աշխատանքից, հիմա ես պետք է լինեմ բոլոր ընտանիքների մի մասը՝ հոգալու այլոց խնդիրները ևս. ես կցանկանայի խթանել հումանիտար աշխատանքը ողջ աշխարհում:

-Հետաքրքիր է, թե ինչն է Ձեզ ոգեշնչել՝ օգնելու այլ մարդկանց:

-Կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն իր կյանքում ունի տարբեր մարտահրավերներ, տարբեր տեսակետներ, քայլեր, որոնք փոխում են իր սեփական ստրատեգիան: Ամենամեծ փոփոխությունն իմ կյանքում եղավ 2007-ին, երբ Ալ- Քաիդան հարձակվեց խաղաղ եզդիական գյուղերի վրա և սպանեց շատ մարդկանց ու երեխաների: Ես սկսեցի մարդասիրական առաքելություն և վիրավորների համար ֆոնդ հիմնեցի Գերմանիայում: Եվ ես օգնեցի երեխաների՝ բուժման համար նրանց Գերմանիա հասցնելով, դրանից հետո տեսա իմ արածի արդյունքը և որոշեցի դա անել կազմակերպված ձևով: Հիմնեցի մարդասիրական «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպությունը, օգնեցինք իրաքցի երեխաներին ու ահաբեկչությունից տուժածներին, դա փոփոխություններից մեկն էր: 2014-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների ընթացքում ես զբաղվեցի լեռներ ուտելիք, ջուր հասցնելով, փրկելով այն մարդկանց կյանքերը, որոնք գերի էին մնացել այնտեղ՝ շրջապատված ISIS-ով: Այդ ընթացքում ես փրկվել եմ ուղղաթիռի վթարից: Դա իմ կյանքում երկրորդ փոփոխությունն էր, և ես ասացի, որ իմ կյանքը պատճառ, իմաստ ունի, և ես մահանալու ժամանակ չունեմ հիմա, պետք է օգնեմ այնքան մարդկանց, որքան կարող եմ: Երրորդ փոփոխությունը եղավ, երբ ես լսեցի եզդի կանանց մասին, որոնց բռնաբարում էին ISIS-ի ահաբեկիչները: Դա իմ մտածողության մյուս փոփոխությունն էր: Շատ փոփոխություններ եղան իմ կյանքում, և ես սովորեցի ամեն ինչից:

-Գիտե՞ք արդյոք, թե որքան կյանքեր եք փրկել:

-Չգիտեմ, չեմ հաշվել: Մեր՝ «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպությունը բուժել է ավելի քան 150 երեխաների՝ ամբողջ Իրաքից՝ քրիստոնյա, մուսուլման, արաբ, քուրդ և այլն: Հետո գերմանական ծրագրով մենք ավելի քան 1000 եզդի կանանց ու երեխաների վերաբնակեցրինք՝ փրկելով նրանց կյանքը: Կային նաև քրիստոնյա հայ ընտանիքներ՝ Սիրիայից: Ես մի հայ կնոջ, որը 2015-ին բռնաբարության զոհ էր դարձել, իր աղջիկների հետ օգնեցի տեղափոխվել Գերմանիա՝ որպես մեր վերաբնակեցման ծրագրի մի մաս: Հետո մենք շատ՝ մոտ 2000 կյանքեր փրկեցինք լեռներում:

-Հիմա այդ հայ ընտանիքի հետ որևէ կապ ունե՞ք ։

-Այո, նրանք հիմա շատ լավ են զգում: Կինը, ցավոք առևանգվել էր սիրիական ոստիկանի կողմից, հետո իր 3 աղջիկների հետ կարողացել էր խույս տալ: Այդ կինը փախստական էր Լիբանանում՝ շատ վատ վիճակում, և մենք նրա մասին տեղեկացանք Գերմանիայում, ես այդ ընտանիքին հրավիրեցի Իրաք, վիզա պատրաստեցի նրա համար և հյուրընկալեցի նրան մոտ 1 ամիս: Մենք նրան` իր երեք աղջիկների հետ, վերաբնակեցրինք Գերմանիայում: Այդ նույն ժամանակ նրա ամուսինն ու մյուս աղջիկը Նիդերլանդներում փախստական էին, մենք կարողացանք նրանց միավորել, հիմա նրանք միասին ապրում են Նիդերլանդներում: Երբեմն նրանք գրում են ինձ` Ամանորի կամ այլ տոնի առիթով: Ընտանիքներից ոմանք, որոնց ես օգնել եմ, դեռ կապ են պահում ինձ հետ, հատկապես հատուկ տոներին, առիթներին, Ամանորին ինձ բացիկներ և այլ բաներ են ուղարկում:

-Պարոն Դինայի, հիմա դուք «Ավրորա»-ի հերոսն եք, հետաքրքիր է, թե ո՞վ է Ձեր հերոսը:

-Իմ հերոսներն այն մարդիկ են, ովքեր, այսպես ասած, անհայտ «զինվորներ» են, փողոցով քայլող այն մարդիկ, ովքեր շատ լավ գործ են անում, բայց ոչ ոք չգիտի նրանց մասին: Կան մարդիկ, որոնցից հերոսական քայլի չես սպասում, բայց երբ գալիս է իրավիճակը, նրանք անում են դա: Ես սիրում եմ այդ տեսակի մարդկանց: Եվ մեզնից յուրաքանչյուրն ունի այդ բացառիկությունը, միայն պետք է գա ժամանակը, որ դա բացահայտվի: Դու այդ հերոսական հոգին կգտնես յուրաքանչյուր մարդու մեջ: Երբեմն կարդում եմ պատմություններ կամ լսում որևէ մեկի մասին, որը ինչ-որ բան է արել կամ վտանգի ենթարկել իր կյանքը` ուրիշին փրկելու, օգնելու համար, և այդ մասին ոչ ոք չգիտի, անգամ ինքը չի ընդունում դա, նա պարզապես անում է: Եվ ես սիրում եմ այդ տեսակի հերոսներին:

-«Ավրորա»-ն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, ի՞նչ գիտեք Հայոց ցեղասպանության մասին, և այս մրցանակի հիմնական նպատակն ըստ Ձեզ, որն է:

-Ավրորան փոքր աղջիկ էր, որը 1915-ին փրկվել է Հայոց ցեղասպանությունից: Նա մասնակցություն է ունեցել Հայոց ցեղասպանության պատմությունը ֆիլմի միջոցով ներկայացնելու գործում: Նա դերասանուհի չի եղել, արտիստ չի եղել, ինքն իր դերն է խաղացել ֆիլմում` ցույց տալով, որ փրկվածները փորձում են այդ պատմությունը ներկայացնել աշխարհին` նաև նրա համար, որ մարդկանց սովորեցնեն՝ կանխել մարդկության նկատմամբ դրա կրկնումը: Դա առաջին դասն է, որ «Ավրորա»-ի մրցանակից ստանում ես: «Ավրորա» մրցանակը ստեղծվել է ցեղասպանությունը վերապրածների թոռների կողմից, ովքեր ասել են՝ օգնում են նրանց, ովքեր օգնել են իրենց փրկվել այդ դաժանություններից, և ուզում են շնորհակալություն հայտնել: Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում ՝ մրցանակ տալով այն մարդկանց, ովքեր ռիսկի են ենթարկում իրենց կյանքն ուրիշների համար: 1915-ին նման մրցանակներ չեն եղել, և մարդիկ, ովքեր օգնել են հայերին փրկվել, արել են դա նրա համար, որ պարզապես զգացել են անհրաժեշտությունը: Հիմա նրանք ունեն այս հնարավորությունը՝ օգնելու մարդկանց և նպաստելու դրա տարածմանը` «Ավրորա»-ի հարթակի միջոցով: Եվ ես հպարտ եմ լինելու այդ ուղերձի մի մասը: Ես փորձում եմ այլ մարդկանց հասցնել այդ ուղերձը, որ մարդկային արժեքներն ամենակարևորն են, և մյուսներին օգնելը, քո կյանքը վտանգելով՝ մյուսներին օգնելն ամենակարևոր բանն է: Դա է պատճառը, որ մենք ապրում ենք: Երբ դու օգնում ես մարդկանց, քեզ ավելի լավ ես զգում: Դու մյուսներից շնորհակալություն ստանալու կարիք չունես, դու պետք է միայն բավարարված զգաս, որ արել ես նման բան:

-Ի՞նչ եք կարծում՝ որը պետք է լինի «Ավրորա»-ի դափնեկիրների հիմնական ուղերձն աշխարհին:

-Կարծում եմ, որ աշխարհին պետք է ասենք, որ մարդկային արժեքներն այն արժեքներն են, որոնք միավորում են ողջ աշխարհի մարդկանց: Չնայած բազմազանությանը՝ քաղաքական, կրոնական, էթնիկ, մենք կիսում ենք նույն՝ մարդկային արժեքները: Դա հիմնական ուղերձներից է, որ մենք փորձում ենք հասցնել մարդկանց: Եվ ասում ենք՝ մենք կատարում ենք մեր պարտքը, բայց դուք նույնպես պետք է անեք ձեր պարտքը՝ փրկելու մարդկությունը: Դա հիմնական ուղերձներից մեկն է, որ պետք է հաղորդենք «Ավրորա»-ի միջոցով: Ես որպես եզդիների ցեղասպանությունից փրկված, կցանկանայի նպաստել և գրավել միջազգային հանրության ուշադրությունը, որ ձեռնարկեն միջոցառումներ ՝ կանխելու ապագա ցեղասպանությունները: Հիմա մենք սահմանային իրավիճակում ենք՝ պատերազմներ, ատելություն, ագրեսիվություն: Եվ մենք պետք է փորձենք աշխարհին բերել ավելի խաղաղ լեզու՝ ավելի ուժեղացնել մարդկային արժեքները և խաղաղությունը: Մենք պետք է փոխենք որոշ միջազգային կանոններ՝ կանխելու դաժանությունները, ցեղասպանությունները, պատերազմները: Սակայն մենք որպես անհատականություն չենք կարող դա անել, դա պետք է բարձր մակարդակի հասցնենք՝ ինչպես մեր երկրներում, այնպես էլ միջազգայնորեն: Մենք փորձում ենք այս ուղերձը հաղորդել նաև «Ավրորա»-ի հարթակի միջոցով:

-Ձեր մրցանակից հետո Իրաքում ի՞նչ արձագանք եղավ:

-Շատ լավ՝ հիմնականում եզդի համայնքի և այն մարդկանց կողմից, ովքեր գիտեն «Ավրորա» մրցանակի մասին: «Ավրորա»-ն նոր մրցանակ է, և բոլորը չէ, որ դրա մասին գիտեն, սակայն դա լավ հնարավորություն էր, նրանք ողջունեցին դա Իրաքում: Ես մարդասիրական ոլորտում աշխատում եմ շուրջ 20 տարի, և երբեք չեմ հրավիրվել օրինակ Իրաքի որևէ համալսարան՝ մարդասիրական աշխատանքի մասին դասախոսություն կարդալու: Բայց մրցանակը ստանալուց հետո ինձ հրավիրվեցին համալսարան՝ խոսելու մարդկային արժեքների մասին:

-Պարոն Դինայի, Հայաստանում եզդիական մեծ համայնք ունենք, ի՞նչ գիտեք նրանց մասին, նրանց համար մտահոգվելու կարիք չունե՞ք:

-Այո, ես կապի մեջ եմ նրանց հետ, շատ ընկերներ ունեմ: Ես այստեղ Հայաստանում այցելել եմ եզդիաբնակ գյուղերից մեկը, եզդիների տաճար: Կարծում եմ, որ սա միակ տեղն է, որ եզդիները կարող են պահել իրենց ինքնությունը՝ առանց իշխանության հետ խնդիրներ ունենալու: Օրինակ, պատմության մեջ առաջին դեպքն է, որ Իրաքից դուրս կառուցվել է եզդիների տաճար, որը քաջալերվել է կառավարության և այլոց կողմից: 2012-ին Հայաստան իմ առաջին այցին ես տեսա փոքր տաճարի բացումը Արմավիրի մարզում, որին մասնակցում էին նաև կառավարությունից շատերը: Դա, անկեղծ ասած, սովորական բան չէ: Ես կարծում եմ, որ եզդիները այստեղ ունեցել են և ունեն լավ ապագա, նրանք պաշտպանել են իրենց մշակույթը, լեզուն և ինքնությունը Հայաստանում: Սա այն է, ինչի կարիքն ունենք: Դուք նման բան չեք տեսնի ոչ Իրաքում, ոչ Սիրիայում, ոչ Թուրքիայում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են մարդասիրական աշխատանք անել:

-Կարծում եմ, որ նրանք պետք է միայն նայեն իրենց շուրջ: Յուրաքանչյուր տեղ, նույնիսկ ամենահարուստ համայնքում կգտնես կարիքավոր մարդկանց: Երբեմն դու կգտնես ընկերոջ, որը քո խորհրդի կարիքն ունի, կգտնես հարևանի, որը մարդասիրական օգնության կարիք ունի: Թե ինչքանով ներգրավված կլինես այդ աշխատանքում, կախված է կարողությունից, ժամանակից, պրոֆեսիոնալիզմից, բայց դու չես կարող այդ մարդկային ընտանիքի մասը չլինել, դու չես կարող չներառվել՝ որտեղ էլ լինես: Պարտադիր չէ, որ դու վտանգի ենթարկես քո կյանքը, գնաս Աֆրիկա կամ Իրաք կամ որևէ այլ տեղ՝ օգնելու մարդկանց, դու կարող ես օգնել քո հարևաններին: Դա նույնպես մարդկային արժեք է:

-Եվ վերջում մի փոքր կպատմե՞ք, թե ձեր կազմակերպությունը ներկայում ինչ աշխատանքներ է անում:

-Մենք մինչև հիմա օգնում ենք իրաքցի երեխաներին, ահաբեկչությունից տուժածներին, բուժում ենք նրանց Գերմանիայում, ոմանց՝ Իրաքում: Եվ քանի որ մեր կազմակերպությունը գումար է ստանում «Ավրորա» մրցանակից, մենք պլանավորում ենք առաջիկայում նոր կենտրոն բացել Իրաքում, սակայն դեռ որոշակի բյուրոկրատական հարցեր կան: Մենք փորձում ենք հիմնել համակեցության կենտրոն, որը շատ գործառույթներ կունենա, կզբաղվի վիրավորների մասին հոգ տանելով, մարդկանց իրավունքները պաշտպանելով և այլն: Դա ծրագրերից մեկն է, որ փորձում ենք իրագործել հաջորդ երկու տարում: Եվ մենք 3-4 գործընկերների հետ ունենք նաև ծրագիր ՝ մարդու իրավունքների և արժեքների խթանման: Ունենք նաև երրորդ ծրագիր: Սրանք ծրագրեր են, որ մենք փորձում ենք անել՝ «Ավրորա»-ի օգնությամբ: Բայց մենք մշակում ենք նաև այլ ծրագրեր:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Տեսանյութեր

Լրահոս