«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալել են
Այսօր ժամը 14:00-ից Հատուկ քննչական ծառայությունում գտնվող «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվեց:
Լուրը հաստատել է ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, այն է՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից:
Քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը»,- 168.am-ին փոխանցեց ՀՔԾ խոսնակը:
Հիշեցնենք, Վարուժան Մկրտչյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակիցներից է, ում մասին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը «5-րդ ալիքի» եթերում ասել էր, որ իրենք չգիտեն, թե ում մասին է խոսքը, ով է այդ մարդը:
«Մենք չգիտենք, նախ՝ թե ինչ տուժողի նկատի ունեն, և երկրորդ՝ այդ ինչ աջակից է, որն աջակցելու փոխարեն՝ ուղղակի գործ է սարքում պարոն Քոչարյանի ընդհանրապես աջակիցների նկատմամբ, ըստ էության: Եթե որևէ մեկը Կալաշնիկովի ավտոմատ է դնում սեղանին ու տոժող է հրավիրում իր աշխատասենյակ, սրա անունն ի՞նչ դնես»,- ասել էր Հայկ Ալումյանը:
Վերջինս նշել էր նաև, որ, եթե պետությունը ցանկանա գործ սարքել, շատ հեշտությամբ որևէ մեկի կներդնի, ասենք, իր աջակիցների խմբի մեջ, հետո նրան կասի՝ «գնա, օրինախախտում արա, նկարենք, ցույց տանք, ու Հայկ Ալումյանի վարկանիշը հավասարեցնենք գետնին»: