Երևանը պետք է համակ ուշադրությամբ հետևի Լիբանանում տեղի ունեցող գործընթացներին. Արմեն Պետրոսյան
Մերձավոր Արևելքի «Փարիզը» համարվող Բեյրութում տևական ժամանակ բողոքի ցույցեր ու բախումներ են: Տասնյակ տարիներ տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանում բողոքի ակցիաները սկսվեցին, երբ վարչապետ Սաադ Հարիրին հայտարարեց բենզինի և ծխախոտի հարկերի բարձրացման, WhatsApp հավելվածով զանգերը վճարովի դարձնելու մասին: Այդ իսկ պատճառով բողոքի ցույցերը Լիբանանում միջազգային փորձագիտական ու տեղեկատվական շրջանակներն անվանում են «WhatsApp հեղափոխություն»:
168.am-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանն ասաց. «WhatsApp հավելվածով զանգ կատարելը վճարովի դարձնելն ու մի շարք ապրանքատեսակների գնաճը պատրվակ էր համաժողովրդական պոռթկման համար: Այն խնդիրները, որոնք կուտակվել էին, դրանք տասնամյակների ընթացքում առկա բացասական իրողությունների արդյունք էին:
Մի քանի օր առաջ Լիբանանում նշանակվել է նոր վարչապետ՝ Հասսան Դիաբը: Չնայած նա կոմպրոմիսային ֆիգուր է, այսուհանդերձ ցուցարարների մի ստվար զանգվածի սրտով չէ այս նշանակումը, քանի որ բողոքի գործողությունների հիմնական պահանջը միտված էր ոչ թե կոսմետիկ, այլ համակարգային ամբողջական փոփոխության: Իսկ այս նշանակումը տեղի է ունեցել Լիբանանում գործող նույն քաղաքական և կառավարման համակարգի տրամաբանության մեջ, և նրա կողմից ձևավորվելիք կառավարությունը ևս այս տրամաբանության մեջ է լինելու»:
Փորձագետի մեկնաբանությամբ՝ Հարիրիի և նրա կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումն ընդամենը փոփոխություն է գործող համակարգի շրջանակում և որևէ կերպ չի ներառում իր մեջ պահանջների այն լայն շրջանակը, որը բարձրաձայնում էին բողոքարարները:
«Այժմ Լիբանանում որոշակի միջանկյալ շրջափուլ է, սպասողական վիճակ՝ պայմանավորված վերջնական կառավարությամբ, որը կձևավորվի արդեն առաջիկա օրերին: Դրանից կախված էլ արդեն պարզ կլինի լիբանանյան հասարակության արձագանքը: Ակնհայտ է, որ Դիաբի ընտրությունը կոմպրոմիսային էր հիմնական դերակատարների՝ շիական և սուննիական ուժերի միջև, ինչպես նաև նախագահի համաձայնությամբ, սակայն որոշակի ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչպես կընկալվի այս գործընթացը»,- հավելեց Արմեն Պետրոսյանը:
Ցուցարարների՝ համակարգային փոփոխություն կատարելու պահանջն այն բարդագույն գործընթացն է, որը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Քաղաքացիական պատերազմի դեպքում կարող են ակտիվանալ Լիբանանի հարևան մի շարք երկրներ:
«Լիբանանում ներքին անվտանգության միջավայրի խախտման ցանկացած պարագայում Իսրայելը, անշուշտ, ինչպես Սիրիայի դեպքում, փորձելու է իր համար առանցքային անվտանգային խնդիրներ լուծել, այն է՝ լիբանանյան Հեզբոլլահի դիրքերը թուլացնել և դրանով Իրանի հնարավորությունների և ազդեցության համակողմանի թուլացման հասնել: Այնպես որ, եթե Լիբանանում գործընթացներն ընթանան հնարավոր վատթարագույն, այն է՝ քաղաքացիական պատերազմի սցենարով, ապա մենք կտեսնենք ոչ միայն Լիբանանի, Իսրայելի, այլև այդ երկրում շահեր ունեցող մի շարք այլ տարածաշրջանային դերակատարում ունեցող երկրների՝ Իրանի, Սաուդյան Արաբիայի, նույնիսկ Թուրքիայի կողմից որոշակի գործողություններ Լիբանանում»,- մեկնաբանեց Արմեն Պետրոսյանը:
Ի տարբերություն Իրանի, Սաուդյան Արաբիայի և մյուս հետաքրքրված երկրների, Թուրքիայի հնարավորությունները Լիբանանում խիստ սահմանափակ են: Այս դեպքում ևս Թուրքիան կարող է գտնել որևէ դերակատար սուննիական շրջանակներում, ում միջոցով կփորձի իր դիրքերն ամրապնդել, խորացնել Լիբանանի պես կարևոր երկրում, որտեղ մինչև այժմ ներկայություն չուներ:
Ինչ վերաբերվում է Սաուդյան Արաբիային և Իրանին, ապա այս երկրները տասնամյակներ շարունակ ձևավորել են իրենց ազդեցության շրջանակները՝ Իրանը ավանդաբար աջակցում է շիական, իսկ Սաուդյան Արաբիան՝ սուննիական շրջանակներին:
Արևելքում հետաքրքրություն ունեցող տարածաշրջանային երկրների համար տասնամյակների ընթացքում Լիբանանը վերածվել էր աշխարհաքաղաքական, տնտեսական, բանկային և տուրիստական կարևոր օղակի:
«Լիբանանում էին խաչվում Իրանի, Սաուդյան Արաբիայի ու մի շարք այլ երկրների տնտեսական շահերը: Քաղաքական գործընթացներին միջամտելու հնարավորությունն այդ երկրներին թույլ էր տալիս որոշակի ազդեցություն ունենալ նաև այս երկրի տնտեսական կյանքում:
Լիբանանի քաղաքական-տնտեսական կյանքի խաթարման պատճառով բավականին լուրջ խնդիրների առաջ է կանգնել բանկային համակարգը: Այս ամենը որոշակիորեն ազդում է Լիբանանում ուղղակի ազդեցություն ունեցող տարաբնույթ դերակատարների շահերի վրա: Նշածս երկրներն այդ դերակատարների շարքում են: Լիբանանում ավանդաբար ազդեցություն է ունեցել նաև Սիրիան, սակայն քաղաքացիական պատերազմի հետևանքով այն դուրս է մնացել Լիբանանում տեղի ունեցող գործընթացներից: Քաղաքացիական պատերազմի դեպքում Սիրիան հնարավորություն կստանա միջամտել կամ մասնակցություն ունենալ լիբանանյան հակամարտությանը»,- պարզաբանեց արաբագետը:
Հետաքրքիր է, որ դատելով Միջին Արևելքի նկատմամբ տարվող քաղաքականությունից, գերտերությունները հետաքրքրված չեն այստեղ նոր թեժ կետ ունենալու հնարավորությամբ:
Դա պայմանավորված է Լիբանանում քրիստոնեական ավանդական համայնքի առկայությամբ, և քաղաքացիական պատերազմի պարագայում գերտերությունների միջամտությունն ու աջակցությունը պարտադիր կլինի, բայց ոչ այն ձևաչափով, ինչպես եղավ Սիրիայում: Ամենայն հավանականությամբ, լիբանանյան հիմնախնդիրը գլխացավանք է դառնալու գերտերությունների համար՝ ինչպես տարածաշրջանային գործընթացների, այնպես էլ՝ Արևմուտքին սպառնացող մարտահրավերների համատեքստում: Քաղաքացիական պատերազմը հանգեցնելու է, մասնավորապես, քրիստոնյա փախստականների հոսքին դեպի եվրոպական երկրներ և ԱՄՆ, իսկ փորձը ցույց է տվել, որ եվրոպական երկրները պատրաստ չեն ընդունել փախստականների նոր ալիք: Բացի այդ, պատմությունը ցույց է տվել, որ որևէ հակամարտություն Լիբանանում կարող է լինել շատ ավելի տևական, քան տարածաշրջանային այլ երկրներում:
Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա արաբագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ. «Լիբանանահայ համայնքի դիրքորոշումն էականորեն չէր տարբերվում բողոքի գործողությունների մասնակիցների մոտեցումներից, քանի որ խնդիրները, որոնք կուտակվել են, ամբողջական են, համերկրային, և առնչվում էին երկրի բոլոր քաղաքացիներին՝ համայնքային պատկանելիության համատեքստից դուրս: Հայ քաղաքական ուժերի դիրքորոշումը միտված էր երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը՝ հանուն Լիբանանի կայունության և անվտանգության, համաժողովրդական միասնության: Ասել է թե, դրական մասնակցային դերակատարում են ունեցել լիբանանահայերը բողոքի գործողությունների ողջ ընթացքում: Հայաստանի տեսանկյունից՝ Լիբանանը շատ կարևոր երկիր է մեզ համար՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ համահայկական առումներով: Հետևաբար՝ Երևանը պետք է համակ ուշադրությամբ հետևի գործընթացներին՝ պահպանելով անհրաժեշտության դեպքում դրականորեն միջամտելու հնարավորությունը»:
Հայկանուշ Ալոյան