Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունների մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջին հարցազրույցից հետո, որը տվել էր 168.am-ին՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարին, ինքն արդեն պատասխանել է:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը մասնավորապես ասել էր, որ իր նախկին ընկեր, այժմ՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իր ընկերներից մեկի միջոցով խնդրել է իրեն փոխանցել, որպեսզի վերջինս լքի երկիրը:

«Նույն Անդրանիկ Քոչարյանը, որ իմ նախկին ընկերն է եղել, մի 10 օր առաջ իմ ընկերների միջոցով խնդրել էր ինձ փոխանցել, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Դա անում են, որ ես գնամ, հետո շոու անեն, ասեն՝ ֆեդերացիան թալանել էր, փախավ: Ես այս երկիրն այնքան եմ սիրում, որ ոչ մի տեղ չունեմ գնալու: Ուզում են, թող ձերբակալեն»,- ասել էր Ռուբեն Հայրապետյանը:

Այս հայտարարությանը հետևեց Անդրանիկ Քոչարյանի ֆեյսբուքյան պատասխան-գրառումը:

«2008 թվականից ոչ թե հարաբերություններ են շարունակվել, այլ ես երբեք չեմ ուրացել նախկին ընկերության թեման և երբեք նախկին ընկերության հետ հարցադրում, որն արել են լրագրողները, ըստ էության մեկնաբանել եմ, որ նախկին ընկերներ չեն լինում: Հիմա, երբ պարոն Հայրապետյանը ներկայացրեց՝ որպես նախկին ընկեր, դրանից հետո ես ասացի, որ նախկին ընկերները չեն ունենում ընդհանուր ընկերներ, որովհետև 2008 թվականից հետո մենք հայտնվել ենք լրիվ տարբեր դաշտերում, որպես ընկերներ՝ ևս: Ընդհանուր ընկերը պետք է լիներ կամ իմ ընկերը, կամ նրա, իսկ ինքը հայտարարեց, որ իր ընկերները Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցներն են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ նրա՝ 2008 թվականից հետո Ռուբեն Հայրապետյանի պահվածքն արդյունք է իր զբաղեցրած դիրքի, քանի որ ինքը եղել է ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյա, և պարզվել է, որ «Հայրապետյանը շատ է ձգտել ունենալ նման կառույցների ղեկավար կազմի հետ որոշակի հարաբերություններ»:

Հարցին՝ այսինքն՝ պաշտոնի համա՞ր է իր հետ ընկերություն արել, նա դրական պատասխան տվեց. «Ես կարող եմ ենթադրություններ անել, թե այս խառնակչությունն ինչ նպատակ ուներ: Նա խոսել է Վազգեն Մանուկյանի, Դավիթ Շահնազարյանի մասին, ուրանալ-չուրանալու մասին: Կարծում եմ՝ նա այն մարդը չէ, որ կարող է նման հարցերի շուրջ խոսել: Ինչ վերաբերում է ուրանալ-չուրանալուն, ես Վազգեն Մանուկյանի կառավարության ժամանակ՝ Ներքին գործերի նախարարի տեղակալի, հետո՝ առաջին տեղակալի, հետո՝ ՊՆ առաջին տեղակալի պաշտոնն եմ զբաղեցրել: Իսկ թե Վազգեն Մանուկյանին ով է ուրացել, թող իրենք մտածեն: Վազգեն Մանուկյանի ուրացման գործընթացը հենց Վազգեն Մանուկյանից է սկսվել: Վազգեն Մանուկյանն առաջին հերթին ինքն է իրեն ուրացել, երբ նրան վիրավորում էին, նույն Սերժ Սարգսյանը, և նա շարունակում էր Սերժ Սարգսյանի հետ համագործակցել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս