«Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից 168.am-ին փոխանցեցին Ռ. Քոչարյանի հայտարարությունը` Ռամիլ Սաֆարովի արտահանձնումի և ներման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
«Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջացնում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսևորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում և «շահիդների պուրակը», որը հավերժացնում է ջարդարարների հիշատակը: Սրանում համոզվածությունն է ժամանակին ձևավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը` որևէ ձևով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը:
Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռացել են բարոյականության սահմանների մասին: Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է:
Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»,- ասված է ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: