Բաժիններ՝

 Հիմնադրամի տնօրենը հաստատում է Մեսրոպ Մանուկյանի հեռացման մասին լուրը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հաստատում է Մեսրոպ Մանուկյանին հիմնադրամի հեգաբարձուների խորհրդի կազմից հեռացնելու մասին տեղեկությունը։ Սակայն որոշման պատճառների կամ դրա կանխատեսելիության մասին նա խուսափում է խոսել։

«Չգիտեմ՝ ինչու»,- այսպես պատասխանեց նա՝ ակնարկելով հարցի պատասխանն այլ տեղ փնտրել։

Ինչպես ավելի վաղ 168.am-ը գրել էր՝ օրեր առաջ ծածուկ և անհասկանալի պայմաններում որոշում է կայացվել հեռացնել տնտեսագետ Մեսրոպ Մանուկյանին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի կազմից: Նշենք, որ սա տեղի է ունեցել հիմնադրամի մուտքերում նրա կողմից 600 մլն դրամի կորուստը բացահայտելուց հետո։

Այս ամենից կարելի է ենթադրել, որ տնտեսագետը հեռացվում է հաշվետվությունների էպիկենտրոնից, որպեսզի չտիրապետի իրական թվերին և դրանց մասին պարբերաբար աղմուկ չբարձրացնի, որպեսզի փաստի առաջ չկանգնեցնի երկրի վարչապետին, ով պարբերաբար է հպարտանում Նոր Հայաստանում, իբր, ստեղծված 55 հազար նոր աշխատատեղով։

«10-15 օր առաջ իմացա այդ մասին, գիտեմ, որ ժողով է եղել, հասարակական կազմակերպությունները, որոնք նշանակում են այդ անդամին, ժողով են արել, բայց ես դեռ չեմ ստացել այդ արձանագրությունները, որպեսզի մեկնաբանեմ՝ ինչու և ինչպես»,- 168.amի հետ զրույցում պարզաբանում է Վարուժան Ավետիքյանը՝ չցանկանալով խոսել ծածուկ պայմանավորվածությունների մասին։

Հետաքրքրվեցինք՝ ամեն դեպքում նա կապ չի՞ տեսնում իր գործընկերոջ՝ Մեսրոպ Մանուկյանի, պաշտոնանկության և վարչապետ Փաշինյանի հայտարարած 55 հազար նոր աշխատատեղերի մասին հրապարակումների միջև, երբ Մանուկյանն ամեն անգամ իրական թվերով հակադրվում է նրա հայտարարություններին: Սակայն նրա  պատասխանը դարձյալ խուսափողական էր․ «Չեմ կարող մեկնաբանել, դա իմ գործառույթը չէ»։

Իսկ հարցին, թե կարո՞ղ էին ՀԿ-ները 5 տարվա պաշտոնավարման լեգիտիմ իրավունք ունեցողին ժամանակից շուտ հեռացնել հոգաբարձուների կազմից, հիմնադրամի տնօրենը նորից պատասխան չուներ՝ պատճառաբանելով, թե չի հիշում հիմնադրամի կանոնադրությունը։

Պարզվում է՝ Վարուժան Ավետիքյանը, ով այդպես էլ չկարողացավ Մեսրոպ Մանուկյանի աշխատանքի որակին գնահատական տալ, անտեղյակ էր նաև, որ այս ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել Մեսրոպ Մանուկյանին։

Այդուհանդերձ, հիմնադրամի ղեկավարից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ որևէ անգամ Դուք՝ որպես հիմնադրամի տնօրեն, չբարձրաձայնեցիք այն էական տարբերության մասին, որ երևում է հիմնադրամում 1000 դրամական մուտքերի և կառավարության պաշտոնապես հրապարակած նոր աշխատատեղերի միջև:

«Այդ ինֆորմացիան սխալ է, չհամադրվող թվերի մասին քննարկվել է Պաշտպանության նախարարությունում, որին մասնակցել են բոլոր շահագրգիռ մարմինները՝ ՊՆ, ՊԵԿ, ԿԲ, վարչապետի ապարատի ներկայացուցիչներ, և այդ հանդիպման ընթացքում բոլորը եկան այն եզրակացության, որ որևէ գումարի կորուստ չկա հիմնադրամում, էնտեղ ընդամենը հաշվարկային տարբերություններ են եղել, այդքան բան։

Իսկ այն գումարները, որ մուտքագրվում են հիմնադրամ, և այն թվերը, որ ՊԵԿ-ից գնում է վարչապետին, էդտեղ տարբերություններ կան, բայց որևէ գումարի կորստի մասին խոսք լինել չի կարող, որովհետև չեն կարող գումարներ անհետանալ, այդքան բան»,- վստահեցնում է տնօրենը։

Նրան խնդրեցին պաշտոնյաների եզրահանգումը խիստ ընկալելի բացատրել, որպեսզի հասկանալի լինի՝ ի վերջո, մանիպուլյացիա կա՞ նոր աշխատատեղերի ու հակասող մուտքերի միջև, թե՞ ոչ։ Պատասխանը դարձյալ խուսափողական էր․

«Այդ ինֆորմացիան, որ նոր աշխատատեղեր են ստեղծվել, դա կառավարությունն է հրապարակել, դա հիմնադրամը չի հրապարակել, հետևաբար՝ դրա հասցեատիրոջը դիմեք, իսկ թե ինչու չեն այդ թվերն արտացոլվում մեր մուտքերում, վարչապետի օգնականը՝ Նաիրի Սարգսյանը, ներկա էր այդ հանդիպմանը և տեղյակ է եզրահանգման մասին: Համենայն դեպս, թվերն ամբողջապես համադրվում են, ես միայն սա կարող եմ ձեզ ասել»։

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս