Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ. «Հետք»
«Հետքը» գրում է. Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մհեր Ասատրյանի հոր նորաստեղծ ընկերությունը հիմնադրումից ամիսներ անց դարձել է համայնքապետարանի խոշոր գնումների հաղթողը։ 2025-ի դեկտեմբերին հիմնադրված «Էմ էյ շին» ՍՊԸ-ն Արենիի համայնքապետարանի հետ կնքել է 134 մլն դրամի 4 պայմանագիր, որոնցից 3-ը՝ միայն 2026 թվականի հունիսին։
«Էմ էյ շին» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ սեփականտերը Խաչիկ Ասատրյանն է։
2026-ի ապրիլին ընկերությունն առաջին պայմանագիրն է կնքել համայնքապետարանի հետ։ Գնիշիկ բնակավայրի խմելու ջրագծի կառուցման աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթելուց հետո «Էմ էյ շին» ՍՊԸ-ի հետ կնքվել է 5.4 մլն դրամի պայմանագիր։
2026-ի հունիսի 9-ին, 12-ին և 26-ին, օրերի տարբերությամբ, «Էմ էյ շին» ՍՊԸ-ն երեք պայմանագիր է կնքել Արենիի համայնքապետարանի հետ։
Մայիսին համայնքապետարանը երկու չափաբաժնով մրցույթ էր հայտարարել Ռինդ և Արփի բնակավայրերի ոռոգման ջրագծի կառուցման համար։ Երկու չափաբաժիններով էլ հաղթող է ճանաչվել «Էմ էյ շին» ՍՊԸ-ն։ Հունիսի 9-ին ընկերության հետ կնքվել է 43.3 մլն դրամի պայմանագիր։
Ռինդ բնակավայրի ոռոգման ներքին ցանցի մեկ այլ հատվածի կառուցման համար հայտարարված մրցությում ևս հաղթել է «Էմ էյ շին» ՍՊԸ-ն։ Սակայն, այս դեպքում, ի տարբերություն նախորդ երկու մրցույթների, «Էմ էյ շին»-ը միակ մասնակիցն է եղել։ Նրա հետ կնքվել է 59.5 մլն դրամի պայմանագիր։
Արենի համայնքի Ռինդ բնակավայրում 50 խմ տարողությամբ ռեզերվուարի, երկու կապտաժների կառուցման և խմելու ջրի արտաքին ցանցի մասնակի վերանորոգման աշխատանքներ ձեռք բերելու նպատակով հունիսի 22-ին պայմանագիր է կնքվել «Էմ էյ շին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի գինը 25.6 մլն դրամ է։
Այսպիսով, հիմնադրվելուց մի քանի ամիս անց Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի հորը պատկանող ընկերությունը նույն համայնքի հետ կնքել է 4 պայմանագիր՝ ընդհանուր 134 մլն դրամ արժեքով։
«Հետքի» հետ զրույցում Մհեր Ասատրյանն ասաց, որ թեև «Էմ էյ շին» ՍՊԸ-ն նոր է հիմնադրվել, սակայն հայրը երկար տարիներ զբաղվել է շինարարությամբ։
«Հայրս ցանկացել է այդ մրցույթներին մասնակցել ու ի հաջողություն իրեն կարողացել է շահել ու պայմանագրերը կնքել: Դրան զուգահեռ կարող եք նաև տեսնել, որ բազմաթիվ ուրիշ ընկերություններ էլ են մասնակցել մրցույթներին ու հաղթել: Այդ առումով որևէ խտրականություն չկա։ Բաց մրցույթներ են հայտարարվել, ինչպես ընթացակարգը պահանջում է, և բոլորը ունեցել են հնարավորություն մասնակցելու»,- ասաց Ասատրյանը։

