«Դա մեկ մարդու հայտարարություն է, որն ամբողջ կյանքում պախմելի տակ ա»
Քիչ առաջ 168.am-ը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից փորձեց որոշ հարցերի պարզաբանում ստանալ «Կապանը` կապանցիներին» քաղաքացիական նախաձեռնության պահանջի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը հանդես է եկել Սյունիքի մարզպետի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության անդամները դա պայմանավորում են սեպտեմբերի 9-ին Կապանում կայանալիք ՏԻՄ ընտրություններով, որտեղ, ըստ նախաձեռնության անդամների, մարզպետ Ս. Խաչատրյանը ճնշումներ էր գործադրել Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանի վրա, որի արդյունքում՝ Աթայանը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:
168.am-ի այն հարցին, թե լսե՞լ է նախաձեռնության ներկայացրած պահանջի մասին, Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «Ես տենց բաներ չեմ ուզում լսեմ: Դե, բան ա էլի, պախմելի տակ մեկն ա, ի՞նչ ես դրան լուրջ ուշադրություն դարձնում: Դրան չարժե իսկի ուշադրություն դարձնել»:
Հարցին, թե՝ այսինքն, Ձեր կարծիքով` նախաձեռնությունը ղեկավարվում է մեկ անձի կողմի՞ց, և ո՞վ է այդ անձը, Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Դե երևի էլի, հա էլի: Դա անլուրջ հայտարարություն ա, ես լուրջ չեմ վերաբերվում: Իրանք չեն էլ կարա բողոքի ակցիաներ կազմակերպեն»:
Ըստ նախաձեռնության անդամ Գագիկ Ղահրամանյանի` Սուրեն Խաչատրյանը Կապան էր հրավիրել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին` հարցումներ կատարելու ՏԻՄ ընտրություններին առաջադրված թեկնածուների մասին, և, որ այդ հարցումների արդյունքում` նախաձեռնության անդամների խոսքով` ձայների մեծամասնությամբ առաջատար է եղել Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանը: Այս առնչությամբ Ս. Խաչատրյանը 168.am-ին ասաց. «Ճիշտ հակառակն ա եղել: Ահարոն Ադիբեկյանը մնում ա իրա տեղում, կարող եք իրանից հարցնել: Ես էդ տարածած հայտարարությանը լուրջ չեմ վերաբերվում: Դա նեղ կուսակցական հայտարարության ա, և մեկ-երկու հոգու, հիմնականում` մեկ մարդու հայտարարություն ա, որն էլ ամբողջ կյանքը հայտարարում ա, ու ամբողջ կյանքը պախմելի տակ ա»:
Իսկ հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ Ձեր դեպքում ևս կիրառվում է Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին իշխանությունից զրկելու «սցենարը», մարզպետը պատասխանեց. «Չեն փորձում, ո՞վ ա փորձում: Չգիտեմ` Վարդան Ղուկասյանին ի՞նչ են արել, տեղյակ չեմ, բայց ինձ հետ կապված՝ նման խնդիրներ չեն կարա լինեն»: