Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը կարևոր է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու տեսանկյունից. Իրանցի վերլուծաբան
«Հայաստանն ու Իրանը չունեն լուրջ խնդիրներ, սակայն առևտրատնտեսական հարաբերություններում կա դեռևս չիրացված լուրջ ներուժ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Սալար Սեյֆոդինին` մեկնաբանելով հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարծիքները, որ այդ հարաբերություններում կա չիրացված առևտրատնտեսական ներուժ:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված եռամյա համաձայնագիրը սկսել է գործել 2019 թ. հոկտեմբերի 27-ից:
Սալար Սեյֆոդինին ասաց, որ Իրանը հարևաններ շատ ունի և այս տեսանկյունից աշխարհում ռեկորդակիր երկիր է: «Մենք մոտավորապես 15 հարևան ունենք քարտեզի վրա պաշտոնապես և մոտ 24 հարևան էլ ունենք, որոնք քարտեզի վրա չկան, օրինակ՝ Իրաքի Քրդստանը, Արցախը, և այլն: Իրանը մի թեզ ունի, որով առաջնորդվում է՝ որքան շատ հարևան, այդքան շատ հնարավորություններ: Իրանը հետամուտ է լինում այդ բանաձևին, և Հայաստանն էլ այդ համատեքստում տեղավորվում է և մեր եզակի հարևաններից է, որի հետ մենք չունենք ոչ մի խնդիր՝ ո՛չ անվտանգային խնդիրներ, ո՛չ մարզային, ո՛չ մաքսանենգային, ո՛չ պատերազմ: Ապագայում հնարավոր է, որ բնապահպանական խնդիրներ առաջանան, դրա վրա պետք է աշխատել, իհարկե»,- ասաց Սեյֆոդինին:
Նրա կարծիքով՝ հայ-իրանական քաղաքական հարաբերությունները ներկայումս էլ բարձր մակարդակի վրա են գտնվում, եթե դիտարկենք երկրի ղեկավարների փոխայցելությունների հաճախականությունը՝ ամեն տարի առնվազն մեկ անգամ ղեկավարները հանդիպում են:
«Ինչպես յուրաքանչյուր երկկողմ հարաբերության դեպքում, Հայաստանի և Իրանի դեպքում ևս կան աշխարհաքաղաքական խնդիրներ, սակայն ընդհանուր առմամբ աշխարհագրական և աշխարհաքաղաքական շահերն ու հետաքրքրությունները գրեթե մշտապես համընկնում են: Մյուս կողմից՝ կան նաև պատմությունից եկած ավանդական հարաբերություններ: Հայաստանն Իրանի պատմական, բնական հարևանն է, դարերի խորքից եկող հարաբերություններ են սրանք»,- ասաց իրանցի վերլուծաբանը:
Այս ամենի հետ մեկտեղ՝ նա նշեց, որ կան խնդիրներ: Ըստ նրա՝ երբ ասում են, որ ոչ այնքան բարձր մակարդակի վրա են հայ-իրանական հարաբերությունները, նկատի ունեն առևտրատնտեսական հարաբերություններում առկա չիրականացված ներուժը: «Իրանի համաձայնագիրը ԵԱՏՄ-ի հետ լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում նաև հայ-իրանական հարաբերությունների խորացման համար, լրացուցիչ ներուժ է բացվում, և Հայաստանն այս առումով դարպաս է Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա: Իմ կանխատեսումն այն է, ամեն ինչ լավ ընթանալու դեպքում, տնտեսական հարաբերությունները ևս կծաղկեն, ինչպես քաղաքական հարաբերությունները»,- ասաց Սալար Սեյֆոդինին:
Իրանցի վերլուծաբանի կարծիքով՝ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման համար երկու երկրներն էլ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնեն, անպայմանորեն աճեցնեն համագործակցության ծավալները: «Շատ կարևոր է այս համատեքստում մասնավոր սեկտորի աշխատանքը: Եթե ներկայումս էլ դա չարվի, կարծում եմ՝ կրկին կունենանք այդ խնդիրը, և դա բաց կմնա: Իրանի տնտեսությունը մինչ այժմ էլ շատ կախված է նավթից: Բայց գնալով այդ կախվածությունը նվազում է, և եթե այն քչանում է, տնտեսության մնացած ճյուղերն էլ են սկսում զարգանալ: Ապագայում երկու երկրների՝ միմյանց նկատմամբ ճանաչելիությունը պետք է ավելանա, և եթե լուծենք այդ հարցը, կկարողանանք աճ արձանագրել նաև առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում: Մեղրիի ազատ առևտրի գոտու գործարկումը չափազանց կարևոր է. կարծում եմ, որ տնտեսական հարաբերությունները մեկ քայլ առաջ կգնան դրանով»,- ասաց վերլուծաբանը: