Հունգարիայի ընդդիմադիրները բացատրություններ են պահանջում կառավարությունից

Հունգարական խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները կառավարությունից պահանջում են ներկայացնել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառները: Նրանցից մի քանիսն անգամ պահանջել են արդարադատության նախարարի հրաժարականը: Այս կապակցությամբ «Արմենպրես» գործակալությունը տեղեկացել է երեք ընդդիմադիր կուսակցությունների տեսակետներին:

Ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, երկրի արտաքին գործերի նախկին նախարար Լասլո Կովաչը ևս պահանջել է հրավիրել Հունգարիայի խորհրդարանի արտահերթ նիստ` քննարկելու համար ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի կառավարության որոշումը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրել են Հունգարիայի սոցիալիստական կուսակցությունից: «Օրբանի կառավարության անդամները պատասխանատվություն են կրում Հունգարիայի նկատմամբ կիրառվող միջազգային ճնշման համար»,- նշել է Կովաչը` ընդգծելով, որ հայ սպային սպանած ադրբեջանցու արտահանձնումն առաջացրել է միջազգային մեծ ճնշում: Կովաչը պահանջում է, որ Հունգարիայի կառավարությունը ներկայացնի Սաֆարովի արտահանձնման պատճառները: Լասլո Կովաչը, ով վեց տարի շարունակե եղել է Հարկերի և մաքսային միության հարցերով Եվրոպական հանձնակատար, նաև գտնում է, որ արտահանձման հիմքում պատճառը կարող է լինել Ադրբեջանի կողմից հունգարական պետական պարտատոմսերի գնումը, այսինքն` խոշոր ֆինանսները:

Հունգարիայի սոցիալիստական կուսակցությունը խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է` 48 պատգամավորով 300 պատգամավորական տեղ ունեցող խորհրդարանում:

Հունգարիայի արդարադատության նախարարի հրաժարական և խորհրդարանի արտահերթ նիստի գումարում պահանջել է նաև ընդդիմադիր «Ժողովրդավարական կոալիցիա» կուսակցությունը: Այս ձախ կենտրոնամետ քաղաքական ուժը գլխավորում է երկրի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրշսանին: Հիմնադրվելով 2010թ-ին որպես Հունագրիայի սոցիալիստական կուսակցության մաս` այն 2011թ-ին անջատվել է սոցիալիստական կուսակցությունից` ձևավորելով առանձին կուսակցություն և խորհրդարանական խմբակցություն: «Ժողովրդավարական կոալիցիան» 300 պատգամավորական տեղ ունեցող հունգարական խորհրդարանում ունի 10 պատգամավոր:

Հունգարական LMP ընդդիմադիր կուսակցությունը ևս կառավարությանը մեղադրել էր Ադրբեջանի հետ ֆինանսական գործարքի գնալու մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս